Երեկ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման՝ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի ամփոփիչ հայտարարության ասելիքները եթե համառոտ ձեւակերպենք, ապա կունենանք հետեւյալ մոտավոր ուրվապատկերը
• Ռուսաստանը շարունակում է առաջ մղել 2020-ի նոյեմբերի 9-ի եւ դրանից հետո ընդունված եռակողմ հայտարարությունները, համարելով դրանք անկյունաքար հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ Արցախի հարցի կարգավորման համար։ Ընդ որում, անխոչընդոտ տեղաշարժի եւ տրանսպորտային wւ տնտեսական հաղորդակցության ապաշրջափակման հարցերը դրվում են մեկ հարթության վրա, դիտարկվելով որպես մեկ ամբողջություն։
• Ռուսաստանը փորձում է իր վերահսկողության ներքո պահել Հայաստան-Ադրբեջան սահմանային հարցերի հստակեցման մոդերացիան։ Շարունակելով նախորդիվ ասված միտքը, կարող ենք արձանագրել, որ Մոսկվայում հակված են բոլոր հարցերը միասին եւ միանգամից՝ կոմպլեքսային լուծելու տարբերակին, որը պետք է հասնի իր գագաթնակետին Երեւանի եւ Բաքվի միջեւ կնքվելիք խաղաղության պայմանագրով։
• Արցախահայության անվտանգության եւ իրավունքների ապահովման հարցը շարունակում է մնալ Մոսկվայի համար՝ այս հարցի հետ կապված «քեյսում» առաջնային։
• Լավրովի արտահայտած միտքը թե՝ «հայկական կողմը հասկանում է Լեռնային Ղարաբաղի հայերին համոզելու անհրաժեշտությունը՝ հնարավորինս շուտ հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, «համաձայնեցնելու համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից բխող իրավունքները (այս դեպքում՝ Ադրբեջանինը), ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման բազմաթիվ կոնվենցիաները» կարծես թե ոչ մի սողանցք (գոնե առաջին հայացքից) չի թողնում մտածելու, որ Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, եւ տեղի հայությունն արդեն սկսում է դիտարկվել որպես Ադրբեջանի տարածքում ապրող ազգային փոքրամասնություն։
• Լավրովի արտահայտած այն միտքը, թե՝ «ադրբեջանական կողմը «պատրաստ է փոխադարձ հիմունքներով նույն երաշխիքները տրամադրել իր տարածքում ապրող անձանց, հայերը պատրաստ են նույնը անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման հարցում» պետք է հասկանալ որպես Հայաստանի խորհրդային ժամանակներում ապրած ադրբեջանցիների վերադարձի մասին բարձրաձայնում, հանգամանք, որը Հայաստանի համար, որպես պետություն, չի կարող ունենալ լավ հետեւանքներ։