Նորոգ փողոցները, անկասկած, աչք են շոյում։ Բայց մեր օրերում յուրաքանչյուր հիմնանորոգված փողոց իշխանությունների համար դարձել է ժողովրդի աչքին թոզ փչելու հիմնարար առիթ։ «Տեսե՜ք, նախկինները թալանում էին, իսկ մենք բարեկարգում ենք»,- հրճվանքով ազդարարում են ու հպարտորեն հաշվետվություն ներկայացնում փռված ասֆալտի կիլոմետրերով։ Նոր ասֆալտ տեսնելու ակնկալիքով՝ շրջեցի Լոռու մարզկենտրոն Վանաձորում։ Սանկտ Պետերբուրգի փողոց՝ քաղաքի կարեւոր զարկերակ։
Այժմ այն լիարժեք այլընտրանքային ճանապարհ է՝ մայրաքաղաք տանող տրանսպորտի համար։ Մինչ հիմնանորոգումը փողոցի ասֆալտը հիշեցնում էր տանկային պոլիգոն, եւ վարորդները նախընտրում էին մշտապես ծանրաբեռնված Երեւանյան խճուղին։ Անցյալ տարի նորոգումն ավարտվեց։ Գովելի է, չես ժխտի։ Բայց… փողոցը միայն մեկ մայթ ունի։ Մինչդեռ ի ծնե երկուսն էին։ Գուցե բացառությո՞ւն է։ Ներսիսյան փողոց՝ կարեւոր օղակ, որը կապում է Դիմաց եւ Հուշարձանային խոշոր թաղամասերը։ Հիմնանորոգումն այստեղ էլ է նոր ավարտվել։ Եվ այստեղ էլ՝ նույն պատկերը։ Մեկ մայթն անհետացել է։
Ինչ խոսք, մայթերի կորուստը ոչ միայն անհարմարություններ է ստեղծում հետիոտների համար, այլեւ աղավաղում է քաղաքի գեղագիտական տեսքը։ Աչքի համար հաճելի չեն նախկին մայթերին թափթփված շինարարական նյութերը, կենցաղային աղբը, մարդաբոյ բույսերն ու թփերը, կիսակառույց ու կիսաքանդ կրպակները, գազի խողովակաշարերը, ցանկապատերը։ Բայց կա ավելի լուրջ խնդիր։
Մայթ չունեցող, ավտոտրանսպորտով ծանրաբեռնված փողոցներում հնարավո՞ր է ապահովել երթեւեկության անվտանգությունը՝ թե՛ վարորդների, թե՛ ուղեւորների, թե՛ հետիոտների համար։ Երբ մայթ չկա, հետիոտնն ակամա հայտնվում է ճանապարհի բանուկ հատվածում։ Մարդիկ քայլում են կողք-կողքի՝ վտանգելով իրենց։ Այդ ընթացքում ետեւից մեքենաներ են գալիս։ Վարորդը պետք է շրջանցի հետիոտնին։ Իսկ եթե դիմացից մեքենաների հոսք կա՞։ Բախման, վթարի, դժբախտ պատահարի հավանականությունը դառնում է իրական։ Երեկոյան ժամերին, մթության պայմաններում վտանգը տասնապատկվում է։ Դիմացից եկող մեքենայի լույսերը կուրացնում են վարորդին, հետիոտնը մնում է աննկատ, եւ աղետը յոթ սարի ետեւում չէ։ Բնակիչների վկայությամբ՝ դժբախտ դեպքեր արդեն եղել են։ Բարեբախտաբար՝ թեթեւ վնասներով։ Առայժմ։
Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ռուբեն Մարգարյանի, աշխատակից Վահրամ Դանիելյանի եւ Վանաձորի համայնքապետարանի գլխավոր ճարտարապետ Արմեն Ալավերդյանի օգնությամբ փորձեցի պարզել նոր նորոգված փողոցների՝ մեկ մայթով «կաղալու» գաղտնիքը։ Պարզվեց՝ շինարարները մեղավոր չեն։ Արել են այն, ինչ գրված է նախագծանախահաշվային փաստաթղթերում։ «Աղվեսի պոչն» այլ տեղ է թաղված։ Պարզվում է՝ մայթերը «խուզելով»՝ խնայում են դրամական միջոցներ։ Մի քանի փողոցից վերացրած մայթերի հաշվին գումար է տնտեսվում՝ մեկ ուրիշ փողոց նորոգելու համար։ Եվ այդ նոր փողոցն էլ, այո, կունենա միայն մեկ մայթ։
Ո՞վ կամ ովքե՞ր են նման որոշում կայացրել։ Իհարկե՝ «վերեւներում» նստածները։ Կայացրել են ու փողոցների նորոգման «կոնվեյերը» միացրել։ Երկու-երեք փողոցի մայթերից խնայված գումարներով հնարավոր է նոր փողոց «ձեռք գցել», մեկ զոհը մեկ ամբողջ կյանք է, որն այդ խնայված միջոցների հետ համեմատել չի կարելի։
ՀԳ. Իհարկե, շատ թաղամասերում բնակիչներն իրենք էլ անփույթ ու անհեռատես են գտնվում եւ իրենք իրենց զրկում են մայթ ունենալու հնարավորությունից։ Սիրելի քաղաքացիներ, ձեր ապօրինի կառույցները, ցանկապատված ծաղկանոցները, փայտաթիթեղաշեն տնակները, կուտակված շինաղբը խանգարում են նորոգողներին եւ դժվարացնում հետիոտների անցումը։ Ճիշտ է, դուք օգտվում եք հսկողության լիակատար բացակայությունից։ Իսկ համայնքապետարանները, ձեր հարկերից վարձատրվելով, մատը մատին չեն տալիս՝ անօրինությունների դեմ պայքարելու, բացատրական աշխատանք տանելու եւ մայթերն ազատելու համար։
Գագիկ Անտոնյան