Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթները և գրառումները մեկ բան են ցույց տալիս․ նա այլևս չի ղեկավարում, այլ պարզապես թեմաներ է փնտրում ու հարձակվում։ Մեկ հայհոյում է կաթողիկոսին ու եկեղեցուն, մեկ խոցում է երեք նախագահներին ու գռեհիկ բառապաշարով բանավեճի հրավիրում, մեկ նվաստացնում է մեր հերոսներին, մեկ էլ արդեն լռած անցյալին է մատնանշում։ Սա երկրի ղեկավարի գործելակերպ չէ։ Սա խուճապահար մարդու վիճակ է։
Փաշինյանը գտնվում է ցայտնոտի մեջ։ Ցայտնոտն այն վիճակն է, երբ մարդը այլևս ժամանակ չունի կամ չափազանց անբավարար ժամանակ ունի հաջորդ քայլերի համար մտածելու և շտապում է։ Երբ տեսնում է, որ իշխանությունը սահում է ձեռքից, սկսում է պաշտպանվել հարձակումներով։ Դա հոգեբանության պարզ օրենք է։
Նա չի համակերպվում այն մտքի հետ, որ պատմության մեջ կան հաղթանակներ, որոնց հետ ինքը կապ չունի։ Դրա համար փորձում է դրանք նսեմացնել ու ներկայացնել, թե դրանք ընդհանրապես հաղթանակ չեն եղել։ Իր բերած պարտությունը փորձում է փաթեթավորել որպես «ելք» և «պատմական ձեռքբերում»։ Այսպես է փորձում մարդկանց համոզել, որ պարտությունն է իրական հաղթանակը։
Նրա համար կարևոր չէ, թե ում վրա է հարձակվում՝ նախագահներ, հոգևորականներ, մտավորականություն, հասարակություն։ Կարևորը մեկ բան է՝ ուշադրությունը շեղել իր սխալներից։
Այսօր նա ունի մեկ խնդիր․ իր պարտությունը ներկայացնել որպես հաղթանակ։ Ու դրա համար անհրաժեշտ է ոչնչացնել այն բոլոր հաղթանակները, որոնք արդեն գոյություն ունեն մեր պատմության մեջ։ Եթե հաղթանակներ չլինեն, իր բերած պարտությունը կմնա «միակ ճշմարիտ ճանապարհ»։
Սա հոգեբանորեն շատ պարզ է․
Մարդը, ով չունի սեփական հաղթանակ, փորձում է նսեմացնել ուրիշներին։
Առաջնորդը, ով կորցնում է վստահությունը, սկսում է թշնամիներ փնտրել ամենուր՝ եկեղեցում, անցյալում, մահացածների հիշատակումում։
Ահա թե ինչու է նա այսօր երեք հաղթանակած նախագահներին բանավեճի հրավիրում ու նույնիսկ հայտարարում․ «Բանավեճը կարող ենք «Երեւան–Կենտրոնի» իմ նախկին խցում կազմակերպել, որ բոլորիդ հարմար լինի»։
Այդ խոսքից հետո մնում է, որ ժողովուրդը նրան նույն բառապաշարով հարցնի․ «Մեկ էլ էն ասի՝ ե՞րբ ես գնալու «Երեւան–Կենտրոնի» խուցդ»։
Իսկ իրականում իր բառապաշարից դուրս՝ մնում է ասել՝ մի բուռ հող վերցրու, երեսիդ գցի, գուցե հայանաս․․․ Այս ի՞նչ ես անում հայի երկրի հայի հաղթանակների ու պատմության հետ։
Ժողովուրդը արդեն զգում, տեսնում է, որ դա այլևս առաջնորդի խոսք, գործելակերպ չէ։ Դա պարտվողի հոգեբանություն է, որը ամեն օր կռվում է բոլորի դեմ՝ բացի իր իսկ պատասխանատվությունը ստանձնելուց։
Եվ որքան էլ նա փորձի վերաշարադրել պատմությունը, մեկ բան արդեն անփոփոխ է․ Հայաստանի հաղթանակները եղել են, կան և մնալու են։ Իսկ պարտությունը մնում է պարտություն՝ ինչ բառերով էլ փորձի այն զարդարել։