Քաղաքականություն

Սա այն է, ինչի մասին բազմիցս զգուշացնում էինք

Սա այն է, ինչի մասին բազմիցս զգուշացնում էինք

Բաքվի զինվորական դատարանում դատավոր Զեյնալ Աղաեւի նախագահությամբ փետրվարի 6-ին շարունակվեց գերեվարված հայ ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։ Տասնյակ հանցագործությունների կատարման շինծու մեղադրանքներ են ներկայացվել հայ գերիներին, որոնց վերաբերյալ քրեական գործերն առանձնացվել են եւ քննվում են առանձին վարույթներով: Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձնացված եւ նիստը նշանակված է փետրվարի 10-ին։ Դատավարությունից հետո ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ լուրեր են տարածում, թե գերիները ցուցմունք են տվել եւ գոհունակություն հայտնել ազատազրկման պայմաններից ու իրենց նկատմամբ վերաբերմունքից։ Սա, ըստ ադրբեջանական պետական լրատվամիջոցի, իբրեւ ասել է Արայիկ Հարությունյանը, իսկ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն էլ վստահեցրել է, թե իրենց նկատմամբ ճնշումներ չեն գործադրվում։ Բնականաբար, սրան ոչ ոք չի հավատում` պարզ է, որ հայ գերիներին գերության մեջ պահող բռնապետական Ադրբեջանը պիտի պետական մակարդակով իրեն ապահովագրի, ցանկացած սուտ տարածի եւ Բաքվի բանտերում գտնվող մարդկանց էլ կտտանքների են ենթարկում եւ ստիպում նման հայտարարություններ անել, կամ` կեղծ հայտարարություններ են տարածում նրանց անունից։ 

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը «Հրապարակ»-ին ասաց, որ դատավարության ընթացքում Ադրբեջանը ներկայացնող դատախազը նշել է, թե Հայաստանի կողմից աջակցության արդյունքում է եւ ՀՀ իշխանությունների որոշումով են գերիները իբրեւ «հանցագործություն» արել` ընդդեմ Ադրբեջանի։ «Սա այն է, ինչի մասին բազմիցս խոսում էինք. այս դատավարությունը ոչ թե այդ անձանց դեմ է, այլ Հայաստանի Հանրապետության, ինչը նաեւ փաստվում է մեղադրանքում։ Ավելի է բարդանում դատավարության ընթացքը, եւ Հայաստանի իշխանությունները հերթական անգամ իրենց լռությամբ հաստատում են այն, ինչ տեղի է ունենում»,-ասաց Առաքելյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս տված հարցազրույցում հայտարարեց, թե՝ հետախուզական տեղեկություններ ունենք, որ Բաքվում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ «հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն նրանցից»։ Մեսրոպ Առաքելյանից հետաքրքրվեցինք, թե Փաշինյանի այս հայտարարությունը որքանո՞վ է իրականությանը մոտ։ «Բավականին նուրբ թեմա է, չեմ կարող կոնկրետ բան ասել, բայց անկախ նրանից՝ այդ ինֆորմացիան հավաստի է, թե ոչ, ակնհայտ է, որ գերիները պահվում են անմարդկային պայմաններում, ենթարկվում կտտանքների: Անկախ նրանց նկատմամբ ճնշումների մակարդակից՝  հասկանալի է, թե ինչպիսի վիճակում են այդ ցուցմունքները տալիս»,-նշեց նա։

Հիշեցենք, որ 15 հայ գործիչների՝ Արկադի Ղուկասյան, Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Դավիթ Ալավերդյան, Գուրգեն Ստեփանյան, Լևոն Բալայան, Մադաթ Բաբայան, Վասիլի Բեգլարյան, Էրիկ Ղազարյան, մեղադրանք է առաջադրվել 2 հազար 548 դրվագով։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image