Երեկ ադրբեջանական apa.az գործակալությունը տեղեկություն էր հրապարակել, ըստ որի՝ դեկտեմբերի 18-ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան կառաքվի AI-95 մարկայի բենզինի առաջին խմբաքանակը` 22 երկաթուղային ցիստեռն: Այս փաստը մեծ ոգեւորություն է առաջացրել ՔՊ-ական շրջանակներում: Մենք չենք կարող ստույգ հաշվարկել Հայաստան առաքվող բենզինի արժեքը, քանի որ երկաթուղային ցիստեռնների տարողությունը լինում է տարբեր, բայց մի բան կարող ենք հստակ ասել, որ Հայաստան առաքվող ապրանքի արժեքը կարող է գերազանցել մեկ միլիոն ամերիկյան դոլարը: Այսպիսով պետք է արձանագրենք, որ Հայաստանը եւ հայ սպառողները սկսում են ֆինանսավորել Ադրբեջանի նավթարդյունաբերությունը՝ նպաստելով Ադրբեջանի տնտեսության զարգացմանը, պետական բյուջեի համալրմանը:
Ադրբեջանական լրատվական գործակալության տարածած հաղորդագրության մեջ ասվում է նաեւ, որ ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան արտացոլում է խաղաղության գործընթացում տնտեսական դիվիդենտների հայեցակարգը եւ կարեւոր քայլ է երկու երկրների միջեւ տնտեսական եւ առեւտրային կապերի հաստատման ուղղությամբ, որը կնպաստի տարածաշրջանում տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների զարգացմանը եւ երկրների միջեւ կապերի ընդլայնմանը ապագայում։ Բայց եկեք հասկանանք` արդյո՞ք մենք գործ ունենք տնտեսական եւ առեւտրային կապերի զարգացման հետ, թե՞ խոսքն այլ բանի մասին է:
Առեւտուրը ենթադրում է երկուստեք ապրանքաշրջանառություն, երբ խոսք է գնում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության վերաբերյալ, միշտ ասվում է այն մասին, թե դրանցից յուրաքանչյուրը որքան ապրանք է արտահանել մյուս երկիր եւ որքան ներմուծել: Հայաստանն առայժմ միայն ներմուծողի դերում է, այսինքն՝ ծառայում է ադրբեջանական արդյունաբերությանը, այս դեպքում՝ նավթարդյունաբերության համար, որպես իր ապրանքի իրացման շուկա: Դրանից օգտվում են ինչպես նավթի արդյունահանման, վերամշակման, այնպես էլ փոխադրման մեջ ներգրավված ընկերությունները:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններն առեւտրային կարելի էր համարել այն դեպքում, եթե Հայաստանը եւս հնարավորություն ունենար ապրանք կամ ապրանքներ արտահանել եւ վաճառել ադրբեջանական շուկայում: Ունի՞ Հայաստանը ադրբեջանական շուկայի համար մրցունակ արտադրանք։ Իհարկե։ Հայտնի է, որ ադրբեջանցիները սիրում են հայկական արտադրության ծխախոտներ, խմիչք, հրուշակեղեն, թեթեւ եւ սննդի արդյունաբերության որոշ արտադրանք: Այս ցանկը կարող են լրացնել այն հայ գործարարները, ովքեր արտադրանք են արտահանում Վրաստան, եւ այդ արտադրանքն ինչ-որ ձեւով սպառվում է ադրբեջանցիների կողմից:
Հիմա հարց է առաջանում` արդյո՞ք որեւէ հայ գործարար կարող է իր ապրանքն ազատորեն իրացնել ադրբեջանական շուկայում, իհարկե` ոչ, դա բացառվում է: Ադրբեջանական նավթամթերքի արտահանման դեպքում ասվում է, որ սա կոմերցիոն գործարք է, եւ ապրանքը Հայաստան է արտահանվում միջազգային շուկայական գներով, ուղղակի դրա մասին պայմանավորվել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը եւ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Եթե այդպես է, ապա նրանք պետք է պայմանավորված լինեին նաեւ, որ հայ գործարարները եւս պետք է հնարավորություն ունենան իրենց ապրանքն արտահանել եւ վաճառել Ադրբեջանի շուկայում: Թե՞ պայմանավորվածությունը վերաբերում է միայն նրան, որ նման իրավունք վերապահվում է միայն Ադրբեջանին:
Արդյունաբերական հեղափոխությունից հետո ու դրանից էլ առաջ եղած համաշխարհային պատմությունն իրականում պատմություն է այլ երկրների շուկաները գրավելու մասին: Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության պատմությունը սկսվեց Բոստոնյան թեյախմությամբ, երբ ամերիկացիները հրաժարվեցին բրիտանացիների կողմից իրենց առաքվող թեյից` այն լցնելով ծովը: Պատերազմների մեծ մասը մղվել է հանուն այլ երկրների շուկաների նկատմամբ վերահսկողության, այդ երկրներ ապրանքներ արտահանելու եւ իրացնելու հնարավորության, այսօր Միացյալ Նահանգները փորձում է մաքսատուրքերի միջոցով հավասարակշռել իր առեւտրային բալանսն այլ երկրների հետ: Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը, ի՞նչ է անում Փաշինյանի տեղակալ աշխատող Մհեր Գրիգորյանը․ գնում է եւ պայմանավորվում Ադրբեջանի հետ, որ նրանք կարող են միակողմանիորեն բենզին, գուցե նաեւ այլ ապրանքներ առաքել Հայաստան: Նման բան աշխարհում գոյություն չունի, նման ստորացուցիչ պայմաններով առեւտուր կարող է լինել միայն Փաշինյանի իշխանության օրոք, նրա ողորմելի պաշտոնյաների գոյության պարագայում, որոնք այդ ստորացուցիչ գործարքը ներկայացնում են որպես ձեռքբերում:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նույնիսկ խաղաղության պայմանագիր գոյություն չունի, այդ երկիրն անվերջանալի պահանջներ է ներկայացնում Հայաստանին, որոնց իմաստը Հայաստանի ոչնչացումն է: Եվ այս պայմաններում Հայաստանը ֆինանսավորում է Ադրբեջանի տնտեսությունը, համալրում է Ադրբեջանի պետական բյուջեն, որը նաեւ ծախսվելու է Հայաստանի դեմ զենքի ձեռքբերման համար: Նիկոլ Փաշինյանը հիրավի կարող է հռչակվել Ադրբեջանի ազգային հերոս` «հերոս հարկատու» անվանակարգում: