Հոգևոր մարդուն, եթե իրոք հոգևոր է, ոչնչով չես կարող վախեցնել։ Նա միայն Աստծուց է վախենում։ Բազմիցս եմ զրուցել հոգևոր բարձր աստիճան ունեցող սրբազանների հետ։ Բոլորը նույնն էին ասում՝ մեր դատավորը Աստված է, մեր վախը Նրանից է։ Չեմ հիշում, թե որ թեմում, մի երիտասարդ հոգևորական ինձ ասաց, որ Աստված իր օծյալներին շատ խիստ է պատժում։ Դա այնպիսի պատիժ չի լինում, ինչպես շարքային քրիստոնյայինը։
Ողջ համացանցը քահանաների ձերբակալության առթիվ կենդանացրել է Հուդային։ Բայց ես Հուդայի մատնության մասին չեմ խոսի, խոսելու եմ նրա զղջումի մասին։ Երբ Հուդան զղջում, բայց ներում չի գտնում, որովհետև հետևանքներն անվերականգնելի էին։ Հուդան չէր սպասում Քրիստոսի մահավճռին։ Խղճի այրող խայթը քրքրում է նրան․ խոստովանում է․ «Մեղանչեցի, որովհետև արդար արյուն մատնեցի» (Մատթ. 27:4)։ Քահանայապետի պատասխանն է լինում. «Մեր հոգը չէ, դո՛ւ գիտես» (Մատթ.27:4)։ Այդ ժամանակ հուսաբեկված Հուդան դուրս է բերում երեսուն արծաթը և նետում Տաճարի մեջ, որից հետո հեռանում և կախում է իրեն (Մատթ. 27:5)։ Խղճի այրող խայթին նույնիսկ Հուդան չդիմացավ։ Տեր Արամը ահաբեկված կանգնելու է իր այրող խղճի առաջ, երբ տեսնի, որ ինքը ընդամենն օգտագործվել է որպես լուցկի, իր հոգևոր տունը այրելու համար։ Զղջալու, բայց ուշ էլինելու։ Աղոթքն անգամ փախչելու է իր բերանից, ու՜ր մնաց մարդիկ․․․