Հասարակություն

«Հրապարակ». Քաղաքապետարանը 23 մլն է ուզում կոմունիստներից

«Հրապարակ». Քաղաքապետարանը 23 մլն է ուզում կոմունիստներից

Երեւանի քաղաքացիական դատարանը քննում է Երեւանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության․ պահանջում է բռնագանձել 23 մլն 370 հազար 829 դրամ, որից մոտ 12 մլն-ն տարածքի վարձավճարն է, մնացածը` տույժն ու տուգանքը։ Կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը մեզ ասաց, որ Դատալեքսում սխալ են գրել` ոչ թե Վազգեն Սաֆարյանին է Ավինյանը դատի տվել, այլ՝ «մյուս կոմունիստներին»՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությանը։ ՀԿԿ-ն եւ բազմաթիվ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններ ժամանակին քաղաքապետարանի Բուզանդի 1/3 շենքում անվճար կամ ցածր գներով գրասենյակային տարածքներ էին զբաղեցնում։ Նոր իշխանությունը, որը, ինչպես հայտնի է, ամեն ինչից ու բոլորից փող է ուզում քերել, վերացրեց անվճար հիմունքները եւ բոլորից համատարած սկսեց վարձավճարներ գանձել, ընդ որում՝ նախկին դրույքներից եռակի-քառակի բարձր գներով։ Կոմկուսը դրանց թվում էր։ Հիմա աղքատացած, շահույթ չհետապնդող կոմունիստներից փող է ուզում եւ ոչ մի զիջման չի գնում։

ՀԿԿ նախագահ Երջանիկ Ղազարյանը «Հրապարակին» հայտնեց, որ այդ տարածքը վաղուց են իրենց ձեռքից վերցրել։ «Մենք այդտեղ ենք եղել 2016 թվականից, նոր իշխանությունը վաղուց վերցրել է տարածքը` դեռ անցյալ տարի։ Հիմա էլ նոր հայցով փող է ուզում մեզնից»,- ասաց նա։ Բա ի՞նչ եք անելու։ «Դե, եթե գումար ունենայինք, կվճարեինք, էլ դատարան գործը չէր հասնի»։ Նա չգիտի` ինչ է լինելու հետո, ասաց, որ ինքն այդ քաղհայցի վերաբերյալ ծանուցում չի ստացել, ինչը հասկանալի է, քանի որ ծանուցումը ստացել են մյուս կոմունիստները՝ Վազգեն Սաֆարյանը։ Ի դեպ, ժամանակին այդ շենքում էր նաեւ «Հրապարակի» խմբագրությունը: Մենք պարտաճանաչ վճարել ենք բոլոր վարձավճարները եւ պատշաճ ձեւակերպելով մեր հեռանալը` դուրս եկել այդ շենքից: Իսկ մեկ տարի անց Երեւանի քաղաքապետարանի ԳՇՊՇ կոչվող բաժինը` «Գերատեսչական շենքերի պահպանման եւ շահագործման» ՓԲԸ-ն, հանկարծ որոշել է, որ շենքի սպասարկման համար վճարելիք գումար ենք պարտք իրենց, եւ դիմել է դատարան: Փորձեք գուշակել, թե ինչքան գումար է պահանջում այս ԳՇՊՇ-ն` 17 հազար դրամ: Այդ հայցադիմումը կազմելու եւ դատարան ուղարկելու վրա հաստատ 17 հազարից ավելի գումար են ծախսել, դատարանն էլ մի քանի 17 հազարի գումար մսխել է այս հայցի քննության վրա: Արդյունքում ԳՇՊՇ-ն 17 հազար դրամ ստանալու համար պետությանը պատճառել է ամենաքիչը 170 հազարի վնաս: Ահա՝ այսպիսի համակարգ եւ ավանդույթներ են ձեւավորվել մեր բյուրոկրատական ապարատում: Ի դեպ, շենքը կեղտոտ էր, սպասարկում չկար, մաքրվում էր միայն քաղաքապետի եւ այլ հյուրերի այցելության ժամանակ։ Այնպես որ, նման սպասարկման համար 17 դրամ անգամ չարժեր վճարել, բայց «Հրապարակը» տարիներ շարունակ պահանջվող գումարները վճարել է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image