Պատերազմից հետո մենք լուրջ խնդիրներ ունեցանք անվտանգային տեսանկյունից, քանի որ ադրբեջանական զորքերը շատ մոտեցան մասնավորապես Կապան քաղաքին՝ բնակելի հատվածից գտնվում էին և հիմա էլ գտնվում են մեկ, երկու կիլոմետր հեռավորության վրա, իսկ գործարանային հատվածից նույնիսկ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Կապանի օրվա առթիվ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:
«2022 թվականի ռազմական գործողությունների արդյունքում մենք ունեցանք ադրբեջանական զորքերի կողմից օկուպացիա՝ Կապան համայնքի վարչական տարածքներից 2700 հեկտար հողատարածք՝ հիմնականում ներքին Հանդի հատվածում: Այսօրվա դրությամբ էլ իրավիճակն անփոփոխ է, շարունակում են օկուպացված մնալ այդ տարածքները, բայց նաև պետք է ասել, որ վերջին ինտենսիվ կրակոցները երևի արձանագրվել են մոտ մեկուկես տարի առաջ: Ներքին Հանդում ոչ ինտենսիվ վերջին կրակոցները գրանցվել են մոտ երկու ամիս առաջ, ինչի հետևանքով վնասվեց մեր բնակիչներից մեկի տանիքը: Այլ հատվածում որևիցե գործողություն կամ կրակոցներ չենք ֆիքսել»,-ասաց Փարսյանը:
Ինչ վերաբերում է, Սյունիքով անցնող` Թրամփի գլխավորությամբ, այսպես կոչվող TRIPP միջանցքի վերաբերյալ իրենց հետ քննարկում չի եղել և այդ միջանցքի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման մասին համայնքապետը տեղեկացել է լուրերից:
«Թրամփի ուղու հետ կապված կդժվարանամ որևիցե բան ասել, որովհետև այլ մանրամասների չեմ տիրապետում: Իմ կարծիքով, այդ փաստաթղթի ամենակարևոր մասը այն դետալներն են, որոնք պետք է իրականացվեն, որոնց վերաբերյալ ոչինչ չենք կարող ասել»,-ասաց Կապանի համայնքապետը:
«Հրապարակի» հարցին, արդյոք իսկապե՞ս այդ միջանցքը նպաստելու է տնտեսության զարգացմանը, նա ասաց, որ դրա դրական կողմերի մասին լսում են միայն իշխանություններից, սակայն պետք է սպասել ու տեսնել, թե իրականում այդ պայմանագիրը իրականություն կդառնա, թե ոչ: