ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը երկու օր է՝ Հայաստանում է, հասցրել է հանդիպել Նիկոլ Փաշինյանին, ասուլիս անել, մեկնել Գորիս՝ Արցախից վտարվածներին օգնելու։
Իսկ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ մասնավորապես հայտարարել է․ «Մենք ժամանել ենք Հայաստան, եւ հուսով եմ՝ կրկին առիթ կունենամ գալու՝ քննարկելու մեր այն քայլերը, որոնք ուղղված են ձեր խորացող ժողովրդավարության ամրապնդմանը, բայց այս այցի ընթացքում մենք կենտրոնացած ենք կոնկրետ ճգնաժամի, Լեռնային Ղարաբաղի մարդկանց մարդասիրական կարիքների, Լեռնային Ղարաբաղից փախուստի դիմած մարդկանց մարդասիրական կարիքների վրա»։ Սրանով կարծես հաստատվում են այն տեղեկությունները, որ ԱՄՆ-ն վերջին շրջանում ամեն կերպ փորձում էր հասնել այն բանին, որ արցախցիները Հայաստան տեղափոխվեն՝ խոստանալով ֆինանսապես աջակցել տարհանման արդյունքում առաջացած խնդիրների լուծմանը եւ ամեն ինչ անել, որ Արցախում ռուսների մնալու հիմքերը վերանան։
Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Փաուերի՝ Հայաստան այցին, ասաց, որ Արցախում ստեղծված ներկայիս իրավիճակն ուղիղ հետեւանք է այն բանի, որ Միացյալ Նահանգներում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները երկար ժամանակ ընթանում էին Ադրբեջանի սուվերենությունն Արցախի նկատմամբ ճանաչելու տրամաբանության շրջանակներում։ «Այսինքն՝ Միացյալ Նահանգների իշխանությունը, ի դեմս Բայդենի եւ ցանկացած այլ իշխանավորի, իր գործուն մասնակցությունն է ունեցել գործընթացն այս կետին հասցնելու հարցում։ Որովհետեւ հենց այն հանգամանքը, որ Հայաստանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս, Ադրբեջանի ձեռքերը բացեց։ Սա՝ առաջինը։ Երկրորդը․ նախկինում ասել էի, երբ որ մենք այսպիսի խնդրի առջեւ կանգնենք, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Շվեդիան պատրաստ կլինեն մանկատներ կառուցել, ինչ-որ դրամական աջակցություն կցուցաբերեն, բայց առարկայական ոչինչ՝ իրենց ձեռամբ է ստեղծվել այս խնդիրը։ Առարկայական ոչ մի աջակցություն ցույց չեն տա, բայց Նիկոլ Փաշինյանին քաղաքական աջակցություն իրենք կցուցաբերեն»։ Մաթեւոսյանը նշեց նաեւ, որ պետք է ուշադրություն դարձնել, թե վերջին մի քանի օրերի ընթացքում ինչ է տեղի ունեցել՝ Բլինքենը զանգահարում է Փաշինյանին ու ասում, որ Հայաստանի տարածքային ամբողջականությանն անսահմանորեն աջակցում է։ Նույնը գլոբալ առումով կրկնում է նաեւ Մակրոնը։ Հետագայում՝ Բայդենը, նաեւ՝ ընդունված կարգով, Փաշինյանին նամակ է գրում։ Նմանատիպ նամակներ սովորաբար գրում են Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ, եւ այդ նամակն իշխանությունների քարոզչամեքենան ներկայացնում է գրեթե որպես հրավեր ՆԱՏՕ անդամակցության, եւ վերջում մենք տեսնում ենք, որ Սամանտա Փաուերն է գալիս այստեղ, ինքը, վերջիվերջո, պետական կազմակերպություն է ներկայացնում, բայց այստեղ գալիս է որպես քաղաքական աջակցություն՝ Նիկոլ Փաշինյանին։ Այս ամեն ինչին հավելենք նաեւ օրերս Հայաստան եկած ամերիկացի զինվորականներին, որոնք մասնակցում էին, այսպես կոչված, զորավարժություններին, կհասկանաք, որ այս մարդիկ անձնական աջակցություն են ցուցաբերում անձամբ Փաշինյանին։ Այս մարդիկ թքած ունեն թե՛ արցախցիների վրա, թե՛ հայաստանցիների վրա, բայց ոչ թե այն պատճառով, որ իրենք դարավոր ծրագրեր են ունեցել, որ Հայաստանն ու Արցախը պետք է ոչնչանան, այլ որովհետեւ տեսնում են հնարավորություն՝ մեր միջոցով Ռուսաստանին ու Իրանին վնասելու։ Սա է իրականությունը։ Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է հանել ոչ միայն արցախցիներին, ոչ միայն սյունեցիներին, այլեւ՝ բոլորիս։ Եվ ցավով պիտի ասեմ, որ այս ամենը չի գիտակցում ոչ միայն Հայաստանի հասարակության մի զգալի հատվածը, այլ նաեւ ՀՀ քաղաքական վերնախավի»,- ասաց Մաթեւոսյանը։
Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Փաշինյանը, ի վերջո, գտավ երաշխավորի։ Քաղաքագետը կարծում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը երաշխիքներ չունենար, ընդհանրապես այս գործընթացի մեջ չէր էլ մտնի, պարզապես այդ երաշխիք տվողները հիմա են դրսեւորվում՝ լայն հասարակության համար տեսանելի տիրույթում։