Օրերս Կառավարության ընդունած որոշման համաձայն, Երեւանի՝ Սարյան եւ Պարոնյան փողոցների միջնամասում գտնվող որոշ տարածքների նկատմամբ տրվել է հանրային գերակա շահ ճանաչելու եւ պետության սեփականությունը հանդիսացող հողամասը (13200.54 քմ) ուղղակի վաճառքի ձեւով օտարելու համաձայնություն: Նշված տարածքում «Ռենշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացվել է Համաշխարհային առեւտրի կենտրոն կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագիր։
Նկատենք, որ առաջարկվող հողամասը, ըստ Երեւանի գլխավոր հատակագծի եւ Երեւանի կենտրոնի գոտիավորման նախագծի, գտնվում է Կոնդ պատմական թաղամասի տարածքում: Բացի այդ, օտարվող հողակտորն անմիջապես հարում է Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցուն եւ գտնվում է նրա պահպանական գոտում:
Հետաքրքիր է, որ Քաղաքաշինության կոմիտեն նշել է, թե դիտողություններ չունի «Հայաստանի Հանրապետության Երեւան քաղաքի Սարյան եւ Պարոնյան փողոցների միջնամասում (Սարյան 22 հասցեում գտնվող գույքին հարակից) գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ։ Քաղշինկոմիտեն միայն առաջարկել է նշված տարածքները հանրության գերակա շահ ճանաչելու հետ կապված խնդիրները դիտարկել կից գտնվող հանրապետական նշանակության հուշարձանի՝ Կոնդի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու պահպանական գոտու եւ դրանով սահմանված ռեժիմի ապահովման համատեքստում:
Հիշեցնենք, որ Կոնդի վերակառուցման համար դեռ 2021-ին Քաղշինկոմիտեն միջազգային մրցույթ էր հայտարարել՝ ժյուրիի կազմում ներառելով ինչպես հայ, այնպես էլ միջազգային ճանաչում ունեցող մասնագետների։ Ի դեպ, Քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայում հայտարարված է Կոնդ թաղամասի պատմական միջավայրի վերականգնման նախագծային մրցույթի 2-րդ փուլը, որը դեռ չի էլ ավարտվել, նախատեսված է մրցույթի արդյունքներն ամփոփել հոկտեմբեր ամսին, ինչ վերաբերում է արդյունքներին, ապա ամենաուշը դեկտեմբերին դրանք կհրապարակվեն։
Ինչպե՞ս է ստացվում, որ, մի կողմից, Քաղշինկոմիտեն միջազգային մրցույթ է հայտարարում Կոնդի վերակառուցման համար, մյուս կողմից՝ կառավարությունը հենց այդ նույն տարածքները գերակա շահ է ճանաչում։ Չհաշված այն հանգամանքը, որ օտարվող հողակտորն անմիջապես հարում է Կոնդի եկեղեցու պահպանական գոտուն, ինչը մեկ այլ քաղաքաշինական խնդիր է ստեղծում թե՛ հուշարձանի պահպանության, թե՛ օրենքի գերակայության տեսանկյունից։
Քաղաքաշինության կոմիտեն, գրավոր պատասխանել է Համաշխարհային առեւտրի կենտրոն ներդրումային ծրագրի եւ Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի վերաբերյալ մեր հարցերին․
«ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 999-Ն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքները ներառված չեն Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի շրջանակում դիտարկվող տարածքների սահմանագծում, ուստի երկու ծրագրերի իրագործումը հակասություն չի ենթադրում։ Ինչ վերաբերում է հուշարձանների մասին հարցին, հայտնում ենք, որ հուշարձանների պահպանական գոտիներին հարող հատվածներում կարգավորումները սահմանվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության իրավասությունների շրջանակում։ Միաժամանակ, ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է իր դիրքորոշումը ներդրումային ծրագրերի քննարկման շրջանակում։ Հավելենք, որ ԿԳՄՍ նախարարությունը ներառված է նաեւ Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի մրցութային հանձնաժողովում»-պարզաբանել են Քաղշին կոմիտեից։