Պաշտպանության նախարարության զենքի մատակարար Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին առաջադրված մեղադրանքի վաղեմության ժամկետն անցել է։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Գալստյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը։ Մի քանի օր առաջ Հակակոռուպցիոն դատարանը Դավիթ Գալստյանի կալանքի ժամկետը եւս մեկ ամսով երկարաձգել է, թեեւ, պաշտպանական կողմի պնդմամբ, երկարաձգելու հիմքեր չկան։
Հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանն ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել էր 2023 թվականի հունվարի 31-ին։
«Այս փուլում դատարանը պիտի քններ կալանքի երկարաձգման հարցը, կողմերը պիտի դիրքորոշում հայտնեին տվյալ հարցի կապակցությամբ։ Դատախազը պահանջեց, որ 3 ամսով կալանքի ժամկետը երկարաձգվի, պաշտպանական կողմը գտնում է, որ երկարաձգման հիմքեր ընդհանրապես չկան։ Դատարանը որոշեց 1 ամսով երկարաձգել Դավիթ Գալստյանի կալանքը։ Այստեղ ամենակարեւոր հանգամանքն այն է, որ մենք պնդում ենք, որ վաղեմության ժամկետներն այս քրեական գործով, կոնկրետ Դավիթ Գալստյանին պատասխանատվության ենթարկելու հետ կապված, անցել են, չնայած որ Դավիթ Գալստյանը չի ընդունում իրեն մեղսագրվող արարքի կատարումը։ Այնուամենայնիվ, դատարանը նման պայմաններում չէր կարող կալանքի ժամկետ երկարաձգել, որովհետեւ, նորից կրկնեմ, կա արգելք, եւ վաղեմության ժամկետն անցած լինելու պայմաններում խափանման միջոց ընդհանրապես չպիտի կիրառվի։ Բայց հակառակ այդ բոլոր պնդումներին, 1 ամսով երկարացվեց Դավիթ Գալստյանի կալանքի ժամկետը»,- ասաց պաշտպանը։
Գալստյանին առաջադրված մեղադրանքի մանրամասները դեռեւս հայտնի չեն՝ ո՛չ պաշտպանական եւ ո՛չ էլ մեղադրող կողմը չի բացահայտում, թե ինչ դեպքերի հետ է կապված մեղադրանքը։
«Այս պահի դրությամբ քրեական գործի մանրամասնությունների հետ կապված էլի չեմ խոսի՝ 2 հանգամանքով պայմանավորված․ մեկը, որ այն կարող է իր մեջ պարունակել պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, երկրորդը՝ պարոն Գալստյանն այս պահին չի ցանկանում, որ իմացվեն կոնկրետ քրեական գործի հանգամանքները։ Բայց ես կրկին վերահաստատում եմ, որ Դավիթ Գալստյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, եւ կարծում ենք, որ այն ամբողջությամբ անհիմն է։ Եթե լրացուցիչ հայտնելու տեղեկություններ լինեն, անպայման կտեղեկացնենք»,- ասաց Անդրիկյանը։
Անդրադառնալով դատարանի կողմից կալանքը 1 ամսով երկարաձգելու որոշմանը, Անդրիկյանն ասաց, որ այն բողոքարկելու են վերաքննիչ դատարանում․ «Միանշանակ՝ բողոքարկելու ենք։ Կրկին ուզում եմ նշել, որ բացի նրանից, որ չկան կալանավորման պայմանն ու հիմքերը, կա նաեւ խափանման միջոց ընդհանրապես կիրառելու խոչընդոտ՝ իմ կողմից արդեն իսկ նշված վաղեմության ժամկետի լրանալով պայմանավորված։ Թեեւ որոշումը դեռ չենք ստացել, սակայն կարծում ենք, որ դատարանի կողմից այդ հանգամանքն անտեսվել է, որովհետեւ եթե հաշվի առնվեր, ապա, միանշանակ, կալանքի ժամկետը չէր կարող երկարաձգվել։
Պաշտպանից հետաքրքրվեցինք՝ առաջադրված մեղադրանքի վաղեմության ժամկետն արդե՞ն անցել է, թե՞ գործի քննության ընթացքում պիտի անցնի, եւ Դավիթ Գալստյանը մեղադրանքը չի ընդունում, որպեսզի իր վերաբերյալ արդարացնող դատական ա՞կտ կայացվի։ Նշենք, որ վաղեմության ժամկետն անցնելու դեպքում, եթե մեղադրվող կողմը չի առարկում, ապա գործի քննությունը կարճվում է։
«Մեր կարծիքով՝ արդեն անցել են վաղեմության ժամկետները, եւ ներկայացրել ենք այդ ամբողջ տեղեկատվությունը, որը հիմնված է փաստաթղթերի վրա, այսինքն՝ փաստաթղթերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ վաղեմության ժամկետներն արդեն անցած են։ Անկախ նրանից, որ վաղեմության ժամկետն անցած է, Դավիթ Գալստյանն ընդհանրապես չի ընդունում մեղքը, եւ կարծում ենք, որ անհիմն է մեղադրանքն ամբողջությամբ։ Մեզ վաղեմության ժամկետն ընդունել-չընդունելու վերաբերյալ առաջարկ չի եղել, բայց, կրկնում եմ, այդ ժամկետներն անցած են։ Ամեն դեպքում, եթե առաջարկ էլ լիներ, միանշանակ՝ մերժվելու էր այդ առաջարկը, որովհետեւ մեղադրանքն ամբողջությամբ անհիմն է»,- պատասխանեց պաշտպանը։
Հիշեցնենք, որ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել նախկին Քրեական օրենսգքրի 178-րդ հոդվածի 3-րդ մասով՝ խարդախություն, եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթուղթ կեղծելը։