Մշակույթ

Կատարվածը հանցագործություն է եւ չունի ոչ մի գիտական հիմք

Կատարվածը հանցագործություն է եւ չունի ոչ մի գիտական հիմք

Հարցազրույց բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյանի հետ

- Պարոն Վերմիշյան, չնայած ակնհայտ էկոցիդին, որ շաբաթ օրն իրականացվեց Թումանյան փողոցի բոլոր ծառերի նկատմամբ, քաղաքապետարանի պնդմամբ՝ երեւանյան մայթերից ու պուրակներից հեռացվելու են կենսունակությունը կորցրած ծառերը։ Ավելին՝ քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փորձագետների կարծիքով, հարյուրամյա ծառերն ընկնելու վտանգի տակ են, եւ միայն այս ձմռանը քամուց 28 ծառ է կոտրվել ու շրջվել։ Դուք ինչպե՞ս կբնորոշեք այս գործընթացը, որ արդեն մի քանի տարի՝ գարնանն ընդառաջ, իրականացվում է մայրաքաղաքում։ 

- Մի բառով ասեմ՝ հանցագործություն։ Քաղաքն ինքը շնչող օրգանիզմ է, ու երբ դու քաղաքը չես կառավարում այնպես, ինչպես որ տարբեր կոմպոնենտներ իրար հետ շաղկապված են, եւ որոնց համակցված լուծումներ պետք է տաս, ունենում ենք այն վիճակը, որ այսօր ունենք, իսկ Երեւանն այսօր գնում է կործանման։ Սա ուղղակի էմոցիոնալ խոսք չէ, սա այն է, ինչ գործնականում մենք տեսնում ենք, ծառերը միայն ծառեր չեն։ Ես բնապահպանության փորձագետ եմ, ու ինձ համար ծառը, թուփը, մնացած բույսերն այն գործիքներն են, որոնք որոշակի ֆունկցիաներ պետք է կատարեն։ Հիմա այն, ինչ ասում ու անում են այդ մարդիկ, հանցագործություն է եւ չունի բացարձակ ոչ մի գիտական հիմք։

- Ի դեպ, քաղաքապետարանը, ծառերի փոխարինման աշխատանքները «մասնագիտորեն հիմնավորված իրականացնելու համար», ստեղծել է հատուկ գիտատեխնիկական խորհուրդ, որն էլ կոչված է հսկելու ողջ գործընթացը:

- Նման անհեթեթություն կարող էր արվել միայն քաղաքապետարանի ու այդ կանաչապատման ՀՈԱԿ-ի կողմից։ Ի՞նչ է նշանակում՝ ինչ-որ մի ՀՈԱԿ-ի տնօրենին կից խորհուրդ ստեղծել, հասկանո՞ւմ եք՝ տնօրենին կից․․․ սա ի՞նչ անհեթեթություն է, ինչ-որ մի ՀՈԱԿ որոշել է, որ իրեն կից կարող է լինել խորհուրդ… ես ուղղակի զարմանում եմ այդ մարդկանց վրա, որոնք այդ «խորհուրդ» կոչվածի մեջ են, այսինքն՝ այլեւս չեմ զարմանում, քանի որ տեսել եմ, թե ովքեր են այդ կազմում։ Մինչդեռ պետք է պատասխան պահանջել այդ մասնագետներից ու ասել՝ եկեք պատասխան տվեք, հենց մեկը Ժիրայր Վարդանյանից, որ ոնց ուզում եւ ինչպես ուզում՝ խոսքը փոխում է անընդհատ․․․։ Բայց չի կարելի այդպես, ինչքան մեծահոգաբար ոչ մեկին անվանական չենք մատնանշում, արդյունքում այսպիսի վիճակ է տիրում։ Հասկանալի է, որ ծառատեսակներ կան, որոնք իսկապես վնասված են եւ պետք է փոխարինվեն, քանի որ քաղաքը շնչող օրգանիզմ է ու անընդհատ փոփոխվում է, բա ծառ էլ կընկնի, ծառ էլ կհիվանդանա, բայց պետք է բուժես։ Ծառերի ընկնելուց են խոսում, ինչ-որ խելոքներ օրինակ էին բերել, թե, տեսեք՝ ծառերն ընկան (քամու հետեւանքով վերջերս նման դեպքեր եղան)։ Հիմա այդ մարդկանց որ ես հղումներ ուղարկեմ, թե, օրինակ, Փարիզում կամ այլ եվրոպական քաղաքներում ուժեղ քամիներից առողջ ծառերը ոնց են արմատախիլ լինում, այդ ժամանակ ի՞նչ են ասելու, ասելու են՝ սա աննախադեպ քամի՞ էր։ Բնության հետ մենք գործ ունենք, այլ հարց է, որ այդ խեղճ ծառերն այն օրի ենք հասցրել, որ որոշ դեպքերում ստիպված պետք է հատես այդ ծառերը։ Նույն՝ Ալեք Մանուկյանի վրա այդ նույն ՀՈԱԿ-ը չէ՞ր, որ խորը էտ էր անում, այսինքն՝ իրենք բռնում այլանդակում են այդ ծառերը, հետո ասում են՝ այդ ծառերը կենսունակ չեն, պետք է հատվեն, բայց դա ձեր ձեռքի գործն է, հո մենք չե՞նք արել։

- Հաստաբուն ծառերը նոր տնկիներով փոխարինելու մոտիվացիան, շահը ո՞րն է՝ ծառերի անվան տակ փո՞ղ լվանալ․․․

- Ես չգիտեմ ինչն է․․․ բայց չեմ հասկանում այդ մարդկանց քայլերի տրամաբանությունը, երեւի ուզում են ցույց տալ, թե գործ են անում․․․․ նորից եմ կրկնում՝ իսկապես կան ծառեր, որոնք ահավոր վիճակում են եւ, ցավոք, պետք է հանվեն, փոխարինվեն, դա փաստ է։ Հենց նույն թեղիների մեջ, բայց ես միշտ ասել եմ, որ Երեւան քաղաքում թեղիները, հացենիները եւ այլ ծառեր, որոնք տարիներով խորը էտի են ենթարկվել, դրանց հերոսի կոչումներ պետք է տալ, որ այս անմարդկային պայմաններում էլի դիմանում են մեզ ու կարողանում են որոշակի ֆունկցիա կատարել։ Այն այլանդակությունը, որ մենք անում ենք այդ ծառերի նկատմամբ, ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։

- Առաջիկայում, Թումանյան փողոցից բացի, կփոխարինվեն նաեւ Բագրատունյաց պողոտայի, Մելիք Ադամյան, Ալեք Մանուկյան փողոցների ծառերը։ Նախատեսվում է տնկել շուրջ հազար ծառ, իսկ տնկվելու են օճառածառ, կատալպա գնդաձեւ, սոֆորա ճապոնական, կելրեյթերիա հուրանավոր, ալբիցիա լենքորանյան։ Այս ծառատեսակները որքանո՞վ են հարմար Երեւանի բնակլիմայական պայմաններին։

- Քանի որ ծառագետ չեմ, չեմ կարող գնահատական տալ, դրա համար հարցին նայում եմ մի քիչ այլ տեսանկյունից՝ դրանով մենք ի՞նչ խնդիր ենք դնում եւ լուծում։ Պետք է հասկանալ՝ մայթի եզրին ծառն ինչ ֆունկցիաներ ունի, հետո, այդ ֆունկցիաներից ելնելով, պետք է որոշվեն նաեւ ծառատեսակները։ Եթե Ձեր թվարկած ծառատեսակները համապատասխանում են, ուրեմն թող լինեն, եթե չեն համապատասխանում, ուրեմն ավելի ճիշտ ծառեր պետք է դնեն։ Հետո, գիտե՞ք՝ պետք է հասկանանք նաեւ, թե այդ մայթն ինչ վիճակում է գտնվում, իր կողքն ինչ շերտեր կան, գուցե մայթը, ինչպես Բագրատունյաց պողոտայի դեպքում, լայնացման կամ նեղացման խնդիր ունի, գուցե վաղը, մյուս օրը հեծանվային արահետ ենք անելու, գուցե հիմա բնաբաժակներն են, բայց դրանք պետք է միացվեն իրար, ու դառնա ընդհանուր հողային շերտ, որտեղ ծառ-թուփ-խոտ համադրությունը պետք է լինի այլ ձեւի։ Հետո՝ մայթն առաջին հերթին ասոցացվում է ստվերի հետ, հատկապես Բագրատունյանցը կիսաանապատային գոտում գտնվող տարածք է։ Ստվերից հետո շատ կարեւոր է փոշու կլանումը, նաեւ աղմուկի դեմ պայքարի գործոնը կա, հետո նոր՝ էսթետիկ գեղեցկություն եւ այլ հարցեր։

- Եթե սակուրաների օրինակով խոսենք, ապա ակնհայտ չէ՞ր, որ մեր քաղաքի բնակլիմայական պայմանների համար դրանք այնքան էլ հարմար ծառատեսակներ չեն։ 

- Այն սակուրաները, որ տնկեցին Թամանյանի արձանի մոտ, արդեն ակնհայտ էր ինձ համար, որ դա 1-2 հոգու կապրիզի կամ ճաշակի հարց էր, որովհետեւ այնտեղ ոչ մի լոգիկա չկար։ Այդ ծառատեսակը ո՛չ սաղարթ է ձեւավորում, ո՛չ էլ մի այնպիսի արժեք ունեցող ծառ է՝ մայթերին տնկելու համար։ Դա դեկորատիվ ծառ է, որ ներս ընկած տարածքներում՝ պուրակներում են տնկում, եւ մայթի ծառ չէ։ Թամանյանի արձանի այդ հատվածում գնացել՝ ինքս տեսել եմ, թե ինչ առողջ հացենիներ էին, որ կտրեցին թափեցին։ Այս մարդիկ չգիտեն, թե պարզագույն պլանավորումն ինչ բան է, մենակ հողի շերտ փոխելով չէ։

- Թումանյան փողոցում վրա տնկված այդ նորատնկիները քանի՞ տարի հետո ծառ կդառնան։

- Դժվարանում եմ ասել, որովհետեւ բացարձակ չեմ պատկերացնում։ Ես, օրինակ, նայել եմ այն, ինչ իրենք տնկել են Բաղրամյանում, որոշ ծառեր կպել են, որոշները՝ ոչ այնքան լավ, բայց ընդհանոր ծառերի որակն ինձ համար կասկածելի է, իսկ կարդարացնեն իրենց, թե ոչ՝ դա ժամանակը ցույց կտա։

- Միջազգային պրակտիկայում ի՞նչ մեխանիզմներով ու մեթոդներով են ծառերը փոխարինում նորերով, որպեսզի փողոցն ամբողջովին չծառահատվի, ինչպես Թումանյան փողոցի դեպքում եղավ։

- Քաղաքը նախ պետք է ունենա գլխավոր հատակագիծ, որով ինքն առաջնորդվում է, դրանից բխեցվի ընդհուպ նրա ամեն մի փողոցի ու շենքի պլանավորումը։ Այդ հատվածում շենքից դուրս եկող բազմաթիվ անիմաստ կառույցներ կան, նախ՝ այդ ամեն ինչը պետք է կարգավորվի, հետո՝ մայթը տեղ-տեղ շատ նեղ է մարդու համար, ծառերը բնաբաժակների մեջ են։ Ես այդ հատվածում մայթը կլայնացնեի փողոցի հաշվին, կանաչ տարածքը կդառնար ավելի լայն, ամբողջությամբ կանաչը կմիացնեի իրար, ոչ թե բնաբաժակներով, դրանից հետո հեծանվային արահետը կանեի ամբողջությամբ, քանի որ այդ փողոցը, միանշանակ, պետք է դա ունենա՝ հաշվի առնելով Բրյուսովի ինստիտուտը։ Դրանից հետո կկարգավորեի մեքենաների կանգնելու տեղը, նոր հետո կորոշեի, թե այնտեղ ինչ ձեւի ծառատեսակներ պետք է լինեն։ Միանշանակ, ծառատեսակը պետք է լինի սաղարթ առաջացնող ծառատեսակ։ Հիմա եղած ծառերը թե ինչ վիճակում են գտնվում՝ նոր կդիտարկեի․ եթե հիվանդ է, մաքսիմալ ձեւով կփորձեի բուժել այդ ծառերը։ Գոնե մի անգամ իրենք ծակե՞լ են՝ տեսնեն, թե ինչ է կատարվում այդ ծառերի մեջ, փորձե՞լ են ինչ-որ բուժման աշխատանքներ կատարել, թե ոչ։ Ծառը մաքսիմալ պետք է պահել, եւ երբ արդեն հասկանալի է, թե ինչ վիճակում է, լրացնելով կամ մեկումեջ հատելով՝ փոխարինել, չի կարելի քաղաքի թեկուզ հեռավոր ինչ-որ հատվածում այս կարգի կտրուկ ավերածություն անել, եթե, իհարկե, համատարած բոլորը փտած չեն, իսկ ես խիստ կասկածում եմ, որ Թումանյանի վրա բոլորը փտած ծառեր էին։ Սա է պլանավորումը։ Ես չգիտեմ՝ որն է այդ մարդկանց մոտիվացիան, տրամաբանությունը եւ հիմնավորումները։ Ու անընդհատ որ կրկնում են՝ կենսունակության ավարտին գտնվող ծառեր, շատ կներեք, բայց թող մի հատ իրենք իրենց հայելու մեջ նայեն՝ կենսունակությունից խոսելուց առաջ, բնությունն էլ, մարդն էլ նույն բանն են, ի՞նչ անենք, որը որ կենսունակության ավարտին մոտ է, հատե՞նք։ Չի կարելի նման մոտեցում ցուցաբերել, առաջին հերթին փորձեք բուժել։

- Այս ծառատունկերի «արդյունքում», առաջիկա ամիսներին, տարիներին Երեւանի կենսամիջավայրն ինչպե՞ս է փոխվելու։

- Եթե հաշվի առնենք, որ Երեւանի մեծ մասը կիսաանապատային գոտում է, ապա, բնականաբար, ավելի է վատանալու վիճակը, հատկապես՝ այս պայմաններում։ Նորից եմ ասում՝ պետք է հասկանալ այս գործընթացի նպատակայնությունը, ի՞նչն ենք հիմք ընդունում՝ էսթետիկ գեղեցկությո՞ւնը, որ 20 տարի հետո կա՛մ կունենանք, կա՛մ ոչ, թե՞ կոնկրետ ֆունկցիան։ Հասկացանք՝ ծուռ-մուռ ծառն այդքան էլ լավ չէ, բայց թքած դրա վրա, եթե նա կարողանում է որոշակի ֆունկցիա կատարել, մեզ համար ո՞րն է առաջնայինը։ Երեւանի ծառերի կանաչ ֆոնդը ողբալի վիճակում է, որ թաղամասն ուզում եք, գնացեք, ինչը տարիների ընթացքում սխալ խնամքի, սխալ ծառատեսակներ տնկելու հետեւանք է։ Մի երկու բնակիչ էլ գտնում են, որ իրենց անգիր արած տեքստերը կրկնում են ու անունը դնում են, թե բնակիչները գոհ են։ Ես էլ եմ Երեւանի բնակիչ ու դժգոհ եմ այդ գործընթացից, որն ինձ համար ուղղակի հանցագործություն է։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image