2026 -ին խոսել սեփական լեգիտիմության մասին` հիմնվելով 2021 թ. հունիսի 20-ի ընտրությունների արդյունքների վրա, նշանակում է մարդկանց հիմարի տեղ դնել: Նշանակում է փորձել ջնջել քեզ խանգարող ֆայլերը, իսկ քեզ օգնողները` շարունակ ակտիվացնել: Եթե դու չես կատարել 2021 -ի նախընտրական ծրագրիդ եւ ոչ մի կետ, եւ դա բացատրել ես նրանով, որ աշխարհը փոխվել է, ապա պետք է գիտակցես, որ աշխարհի փոխվելու հետ քո լեգիտիմությունն էլ հօդս է ցնդել:
Կամ գործում են հին աշխարհի կանոնները, որտեղ պարտադիր էին համարվում նախընտրական խոստումների կատարումը, նախկինում հայտարարած սկզբունքներին հավատարիմ մնալը, կամ` աշխարհը փոխվել է եւ 21-ին ստացած քվեներդ դարձել են թղթի թափոն, այդ ընտրությունների արդյունքներն էկ անցել են պատմության գիրկը ու «ջրվել», ինչպես «ջրվել» են քո խոստումներն ու ծրագրերը:
Առհասարակ, մեր ժամանակներում որեւէ իշխանության լեգիտիմությունը կարող է թիթեռի կյանք ունենալ եւ ոչնչանալ ընտրությունից ընդամենը մեկ շաբաթ կամ մեկ ամիս անց. մի կոպիտ սխալ, պետության շահերին հասցված փոքրիկ վնաս, մի բլթոց, մի քաղբանտարկյալ, եկեղեցու դեմ արված կեսքայլ եւ այդ լեգիտիմության հետքն անգամ կարող է չմնալ, ուր մնաց թե 4-5 տարի անց մարդկանց բերանը փակես, թե` «էս ո՞նց եք խոսում լեգիտիմ ընտրված իշխանության հասցեին»:
Որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչի մասին է խոսքը, ընդամենը մի քանի մեջբերում անեմ ՔՊ-ի 2021 թ. նախընտրական ծրագրից, որի ոչ մի կետ չի իրականացվել այս 4 տարում.
«Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման գործոններից առաջինը Հայոց արդիականացող բանակն է»:
Հայ-ռուսական ռազմավարական դաշինքին մի ամբողջ բաժին է հատկացված. «Հայաստանը շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել ՀԱՊԿ աշխատանքներին և շարունակելու է աշխատել պայմանագրային և փաստաթղթային բազայի էլ ավելի կատարելագործման ուղղությամբ...»:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հակամարտության լուծման և Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում առանցքային է, և Հայաստանը նպաստելու է այս ձևաչափի արդյունավետ գործունեությանը»:
«Արտաքին քաղաքականության մեր ուղենիշն է ինչպես Հայաստանի Հանրապետության և Արցախի ժողովրդի, այնպես էլ սփյուռքահայության իրավունքների, անվտանգության և շահերի ապահովումը»«:
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը շարունակելու է լինել մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում։
Հայաստանը կարևորում է 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչումը»:
«Թուրքիայի ղեկավարության ապակառուցողական գործողությունները, մասնավորապես՝ Հայաստանի տնտեսական շրջափակումը, Ադրբեջանին 44-օրյա պատերազմում ցուցաբերած բացահայտ աջակցությունը, ինչպես նաև հակահայկական քաղաքականությունը բացասական ազդեցություն են ունենում տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացի վրա»։
«Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ»:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հիմնախնդրի կարգավորման միակ ընդունված միջազգային ձևաչափն է»։
Սա միայն մի չնչին մասն է չկատարված խոստումների:
Ասացեք խնդրեմ` նման ծրագիր ներկայացրած, այս ծրագրով քվեներ ստացած, հետո ծրագիրն ամբողջությամբ տապալած ուժն իրավունք ունի՞ կրկին առաջադրվելու: