Փետրվարի 14-ին, կեսգիշերին մոտ, արմավիրցի Տիգրան Ադամյանը, նրա եղբայրը՝ ՌԴ բնակիչ Վիգեն Ադամյանը և վերջինիս կինն ու 6 ամսական երեխան հայտնվել են պարեկների պաշարման մեջ: Ընտանիքը Արմավիր էր վերադառնում Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղից, որտեղ հյուրընկալվել էին ընկերների մոտ:
«Գիշերը, պարեկները կանգնեցրել են մեքենան և ասել՝ աջ թարթիչը չի աշխատում: Եղբայրները, երկուսն էլ սթափ վիճակում, ապացուցել են, որ մեքենան սարքին է, թարթիչներն էլ աշխատում են: Ավելին, ասել են՝ եթե նույնիսկ այդպես է, բարի եղեք օգնել, ուղղություն ցույց տալ, որ փորձանքի մեջ չընկնենք: Եղբարների «հանդուգն» պահվածքը դուր չի եկել պարեկներին: Ասել են՝ դուք ո՞վ եք, որ իրավունք բանեցնեք մեր վրա: Եվ, իբր ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար վարորդին ու նրա ռուսաստանաբնակ եղբորը քաշքշելով, նվաստացնելով, ֆիզիկական ճնշում գործադրելով ձեռնաշղթաներ են հագցրել ու բերման ենթարկել ոստիկանության Եղվարդի բաժին: Տղամարդկանցից մեկը գոռացել է, որ ձեռնաշղթան թուլացնեն, ոսկորը կոտրվում է, բանի տեղ չեն դրել»,-պատմում է իրավապաշտպան Այսեր Իսայանը:
Դեպքը տեղի է ունեցել Վիգեն Ադամյանի կնոջ ներկայությամբ, ով` 6 ամսական երեխան գրկին, ամբողջ ընթացքում փորձել է մեղմել դրությունը: Սակայն պարեկները կնոջն էլ են քաշքշել, ամենավատ բառերով վիրավորել, նույնիսկ ուշադրություն չեն դարձրել ցրտից ու աղմուկից անընդհատ լաց լինող երեխայի վրա: Ավելին, երեխան գրկած կնոջը քաշքշելով ստիպել են նստի մեքենան, որից հետո պարեկներից մեկը հանել է մեքենայի բանալիներն ու կնոջն ու նրա մանկահասակ երեխային թողնելով մեքենայի մեջ, հեռացել են՝ իրենց հետ տանելով Ադամյան եղբայրներին:
«Սադիստները մեքենայի բանալիները հետները տարել են, որ կինը շարժիչն աշխատացնելու և մեքենան տաքացնելու հնարավորություն չունենա: Գիշերվա կեսին, -10 աստիճան ցրտին այդ խեղճերը ժամերով մնացել են խաչմերուկում՝ մրսած, վախեցած, առանց օգնության: Սրանք թուրքից էլ վատ են պահել իրենց: ՆԳՆ դառնալով դարձել է 80-ականների մլիցա», ասում է մեր զրուցակիցը:
Մի այլ ներկայացում էլ բեմադրվել է ոստիկանության Եղվարդի բաժանմունքում: Ըստ իրավապաշտպանի՝ կարծես փորձել են բան գցել տղամարդկանց գրպանը: Խուզարկել են առանց ընթերակաների ու փաստաբան ներգրավելու: Երբ ռուսաստանաբնակ տղամարդը փաստաբանին զանգելու հնարավորություն է պահանջել ու ասել՝ ո՞վ եք, որ մտնում եք գրպանս, ոստիկաններն ավելի են զայրացել: Օձիքը հավաքել ու սկսել են քաշքշել: Ասել են՝ «էդքան ձիգ տղա ե՞ս, արա»:
«Պարեկներից սկսած մինչև բաժնում գտնվող ոստիկանության ինչ-որ մայոր, իրենց չափազանց լկտի են պահել: Ես զանգահարել եմ 1.02 օպերատիվ կառավարման կենտրոն, առանձին դրվագներով երկու հաղորդում ներկայացրել: Մեկը պարեկային ծառայության աշխատակիցների կողմից Վիգեն Ադամյանի կնոջ հանդեպ կիրառած բռնության վերաբերյալ, մյուսը՝ կոնկրետ ոստիկանության աշխատակցի կողմից Եղվարդի բաժնում կատարված պաշտոնական դիրքի չարաշահման և պաշտոնական լիազորություններն անցնելու, ինչը մեր կողմից դիտարկվում է՝որպես հիմնավոր կասկած, քանի որ ընթերականեր ու փաստաբան չեն ներգրավել, հակառակը` հրաժարվել են, վիրավորել ու հայհոյել, փորձել են ծեծել»:
Մինչև գիշերվա ժամը 2-ը երիտասարդ կինն ու իր մանկահասակ երեխան մենակ, անպաշտպան մնացել են մեքենայի մեջ` ցրտին: Իսկ տղամարդկանց նկատմամբ արձանագրություն են կազմել և բաց թողել: «Եղբայրները գրել են, որ չեն ընդունում արձանագրվածի բովանդակությունը»,-ասաց Իսայանը:
Վերջինս գրավոր բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազին, ՆԳ նախարարին, ՆԳ ներքին անվտանգության վարչությանը՝ ոստիկանների կողմից պաշտոնական դիրքի չարաշահման, լիազորություններն անցնելու և սահմանադրորեն ամրագրված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոտնահարման վերաբերյալ: