Գրենլանդիան ԱՄՆ-ին բռնակցելու՝ նախագահ Թրամփի մտադրության ու սպառնալիքների ֆոնին Վաշինգտոնի ու եվրոպական մայրաքաղաքների միջեւ սկանդալը շարունակում է հասունանալ։ ԵՄ մի շարք գերտերություններ հանդես են եկել Դանիայի Թագավորությանը պատկանող կղզու պաշտպանության օգտին՝ այդպիսով հարուցելով ամերիկացի առաջնորդի ցասումը։ Կոնֆլիկտը վերջին օրերին միջազգային առաջատար լրատվականների թոփ թեման է՝ ավելի ակտուալ, քան ռուս-ուկրաինական պատերազմը։
Եվ այսպես, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2026 թ․ փետրվարի 1-ից Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից եւ Ֆինլանդիայից ԱՄՆ ներկրվող բոլոր ապրանքների համար կգանձվի 10% հավելյալ մաքսատուրք։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։ Համեմատության համար նշենք, որ ներկայում ԵՄ ապրանքների համար գործում է 15% սակագին։ Թրամփի փոխանցմամբ՝ հունիսի 1-ից սակագինը կբարձրանա մինչեւ 25%, եւ եվրոպական երկրները կվճարեն այս տուրքն այնքան ժամանակ, մինչեւ համաձայնություն ձեռք բերվի Գրենլանդիայի վերաբերյալ։ ԱՄՆ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն փորձում է կնքել այս գործարքն արդեն ավելի քան 150 տարի։ Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները «երկար տարիներ սուբսիդավորել է Դանիային, ԵՄ բոլոր երկրներին եւ այլ պետությունների»՝ նրանցից որեւէ մաքսատուրք չգանձելով։ «Այժմ ժամանակն է, որ Դանիան փոխհատուցի դրա դիմաց. խաղասեղանին դրված է համաշխարհային խաղաղությունը: Չինաստանն ու Ռուսաստանը ցանկանում են տիրանալ Գրենլանդիային, եւ Դանիան ոչինչ չի կարող անել դրա դեմ: Ներկայում նրանք պաշտպանության համար ունեն երկու թիմ, որոնցից մեկը ձեռք է բերվել վերջերս: Միայն ԱՄՆ-ն՝ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի ղեկավարությամբ, կարող է խաղալ այս խաղը, այն էլ՝ շատ հաջող»,- ասել է ԱՄՆ նախագահը եւ շեշտել, որ վտանգված է Միացյալ Նահանգների եւ ողջ աշխարհի անվտանգությունը, ու հավաստիացրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է անհապաղ անցնել բանակցությունների։
Եվրոպացի առաջնորդների արձագանքը չի ուշացել․ Թրամփի՝ Գրենլանդիան զավթելու առաջարկին 8 դաշնակիցների նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքը եվրոպական առաջնորդները դատապարտել են, հայտնում է BBC News-ը: Եվրոպական Միությունն անցած կիրակի Բրյուսելում արտահերթ նիստ է հրավիրել եւ պատրաստվում է ձեռնարկել ամենավճռական միջոցները Միացյալ Նահանգների դեմ, այդ թվում՝ 93 միլիարդ եվրոյի չափով մաքսատուրքեր, որպեսզի ԱՄՆ նախագահը չփորձի զավթել Գրենլանդիան, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով դիվանագետներին եւ պաշտոնյաներին։ Կիրակի՝ հունվարի 18-ին, Բրյուսելում 3-ժամյա հանդիպումից հետո 27 անդամ պետությունների ներկայացուցիչները շեշտել են Թրամփին հակազդելու կոնկրետ ծրագրերի կարեւորությունը, եթե հաջորդ շաբաթ Վաշինգտոնի հետ բանակցություններով չլուծեն խնդիրը։ Լրատվամիջոցը պարզաբանում է, որ 93 միլիարդ եվրոյի չափով պատասխան մաքսատուրքերը կարող են կիրառվել «շատ արագ»՝ համեմատած քննարկվող որոշ այլ տարբերակների հետ։ Այլընտրանքային լուծում կարող է լինել, այսպես կոչված, հակահարկադրական գործիքի (ACI) կիրառումը, որը Բրյուսելը կարող է օգտագործել՝ ԱՄՆ բանկերի գործունեությունը սահմանափակելու, արտոնագրերը չեղյալ համարելու կամ ընկերություններին ծրագրային ապահովման թարմացումներից, հոսքային ծառայություններից եկամուտ ստանալը կանխելու համար։ Սակայն դեռեւս ոչ մի կառավարություն չի դիմել Եվրահանձնաժողովին՝ այս գործիքն օգտագործելու համար։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Վաշինգտոնի կողմից ՆԱՏՕ-ի դաշնակիցների նկատմամբ առեւտրային մաքսատուրքերի սահմանումը սխալ քայլ է։ Լոնդոնը հստակ դիրքորոշում ունի Գրենլանդիայի հարցում. կղզին Դանիայի մաս է կազմում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին հայտարարել է, որ ԵՄ երկրները Թրամփի գործողություններին կարձագանքեն «միասնական եւ համակարգված ձեւով»։ Նա հայտարարել է. «Սակագնային սպառնալիքներն այս համատեքստում անընդունելի են... Չենք տրվի ոչ մի ահաբեկման»։ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնը հայտարարել է. «Թույլ չենք տա մեզ շանտաժի ենթարկել։ Շվեդիան ներկայում ինտենսիվ քննարկումներ է անցկացնում ԵՄ մյուս երկրների, Նորվեգիայի եւ Միացյալ Թագավորության հետ՝ համատեղ պատասխան գտնելու համար»։ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է. «Տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն են: Սակագները կթուլացնեն տրանսատլանտյան հարաբերությունները եւ կարող են հանգեցնել վտանգավոր անկման»: Իսկ ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Կայա Կալլասն ասել է, որ Թրամփի հայտարարությունից հետո «Չինաստանի եւ Ռուսաստանի համար, երեւի, լարված օր է լինելու»։ «Հենց նրանք են օգուտ քաղում դաշնակիցների միջեւ առկա տարաձայնություններից»,- գրել է նա X սոցցանցում:
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է. «Եվրոպական Միությունը միշտ շատ հաստատակամ կլինի միջազգային իրավունքի պաշտպանության հարցում... որը, իհարկե, սկսվում է ԵՄ անդամ պետությունների տարածքից»: Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկե Ռասմուսենը նշել է, որ սպառնալիքն «անսպասելի էր»։ Բացի այդ, բրիտանական The Economist ամսագրի տվյալներով՝ Եվրամիությունը կարող է քննարկել ամերիկյան ռազմական բազաների ապամոնտաժման հարցը, եթե Գրենլանդիան բռնակցվի Միացյալ Նահանգներին։ Հրապարակման համաձայն՝ շատ եվրոպական երկրներ ցանկանում են, որ ամերիկյան բազաները մնան՝ անվտանգության նկատառումներից ելնելով, անկախ արկտիկական գործողություններից։ Միեւնույն ժամանակ, այլ երկրներ կարող են դրանց ապամոնտաժման սպառնալիքը դիտարկել որպես դիվանագիտական լծակ Միացյալ Նահանգների դեմ։
«Ամերիկայի համար չափազանց դժվար կլինի ռազմական ուժ տարածել Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում՝ առանց Ռամշտայնի նման եվրոպական բազաներին մուտք գործելու»,- նշում է The Economist-ը՝ ընդգծելով այս օբյեկտների ռազմավարական նշանակությունը ամերիկյան զինվորականների համար։ Հիշեցնենք, որ եվրոպական 8 երկիր արդեն զինվորականներ է ուղարկել Գրենլանդիա՝ Դանիայի շահերն ու կղզու անվտանգությունը պաշտպանելու համար։ Փաստորեն, Եվրոպան մեծացնում է կղզում իր ռազմական ներկայությունը, ինչը հղի է լուրջ վտանգներով, եթե հաշվի առնենք Թրամփի վճռականությունը եւ հաջորդ հայտարարությունները, օրինակ, որով դիմել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեին՝ ասելով, որ «այլեւս պարտավորված չի զգում մտածել բացառապես խաղաղության մասին»։
ԱՄՆ նախագահի ուղերձը X-ում հրապարակել է PBS NewsHour-ի լրագրող Նիք Շիֆրինը։ Նա հայտարարել է, որ այն ստացել է մի քանի կառավարական աղբյուրներից։ «Հարգելի Յոնաս, հաշվի առնելով, որ Ձեր երկիրը որոշել է չշնորհել ինձ Խաղաղության նոբելյան մրցանակը, եւ դրանց թիվը շարունակում է աճել, ես այլեւս պարտավորված չեմ զգում մտածել բացառապես խաղաղության մասին, չնայած այն միշտ կլինի առաջնահերթություն, եւ այժմ կարող եմ մտածել այն մասին, թե ինչն է ճիշտ եւ օգտակար Ամերիկայի Միացյալ Նահանգների համար»,- ասվում է գրառման մեջ։ Թրամփը կրկին պնդել է, որ Դանիան չի կարող պաշտպանել Գրենլանդիան Ռուսաստանից եւ Չինաստանից, եւ կասկածի տակ է դրել կղզու նկատմամբ նրա ինքնիշխանությունը։ «Եվ ինչո՞ւ պետք է այն նույնիսկ «սեփականություն» ունենա։ Գրավոր փաստաթղթեր չկան. մի նավակ այնտեղ է ափ իջել մի քանի հարյուր տարի առաջ։ Բայց մեր նավակները նույնպես այնտեղ են կանգ առել»,- ասել է Թրամփն իր ուղերձում եւ հավելել, որ աշխարհը լիովին անվտանգ չի լինի, մինչեւ Միացյալ Նահանգները չստանա «լիակատար վերահսկողություն Գրենլանդիայի նկատմամբ»։