Քաղաքականություն

Փաշինյանը խախտում է իր իսկ ընդունած օրենքը` նվաստացնելով Հայաստանը

Փաշինյանը խախտում է իր իսկ ընդունած օրենքը` նվաստացնելով Հայաստանը

Փաշինյանն իր անսկզբունք եւ հեղհեղուկ քաղաքականության հետեւանքով Հայաստանը կանգնեցրել է հերթական հիմար այլընտրանքի առաջ. մայիսի 9-ին գնալ Մոսկվա` մասնակցելու Կարմիր հրապարակում անցկացվող զորահանդեսի՞ն, դրանով կատարելով ՌԴ նախագահին տված խոստումը, թե՞ կատարել ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Կայա Կալասի հրապարակային հանձնարարականը, որով նա ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացրած երկրների ղեկավարներից պահանջել է ներկա չգտնվել Կարմիր հրապարակում կազմակերպվող տոնական միջոցառումներին: Ինչ ընտրություն էլ կատարի Հայաստանը, միեւնույն է` դրանով երկիրը դնելու է անհեթեթ վիճակի մեջ. ընդունի ՌԴ նախագահի հրավերը եւ գնա Մոսկվա՝ կվատթարացնի հարաբերությունները ԵՄ երկրների հետ, բացի դա` կխախտի իր իսկ հրահանգով ընդունված օրենքը, չգնա Մոսկվա` կդրժի ՌԴ նախագահին տված խոստումը՝ վատթարացնելով հարաբերությունները մի երկրի հետ, որը եթե անգամ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը չէ, ապա գոնե առեւտրային ամենամեծ գործընկերն է, այդ առեւտրից է կախված երկրի առանց այն էլ խախուտ տնտեսական վիճակը: Երկու դեպքում էլ տուժելու է Հայաստանը: Հնարավոր է, որ Փաշինյանը հերթական անգամ «վարակվի» կորոնավիրուսով եւ հրաժարվի Մոսկվա մեկնելուց, ինչպես արդեն մի քանի անգամ եղել է, բայց նույնիսկ այդ դեպքում նման վարքագիծը կդիտվի Բրյուսելի հրահանգի կատարում. պատճառաբանությունը կարեւոր չէ, կարեւորը բուն փաստն է`գնացել է Մոսկվա, թե ոչ: 

Մեկ ամիս առաջ՝ մարտի 14-ին, Նիկոլ Փաշինյանը զանգահարել էր Վլադիմիր Պուտինին եւ տեղեկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման եւ դրա շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահը Փաշինյանին հրավիրել էր՝ մայիսի 9-ին մասնակցել Կարմիր հրապարակում հաղթանակի 80 ամյակի զորահանդեսին, Փաշինյանն ընդունել էր հրավերը, ինչի մասին տեղեկացրել էր նրա մամուլի ծառայությունը:
Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից ուղիղ մեկ ամիս հետո` ապրիլի 14-ին, ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Կայա Կալասը Լյուքսեմբուրգում հայտարարել է. «Ռուսաստանը մղում է լայնամասշտաբ պատերազմ Եվրոպայում, եւ նման պարագայում Մոսկվայի միջոցառումներին մասնակցելն անթույլատրելի է՝ հատկապես ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած երկրների համար»: Այս հայտարարությունը վերաբերում է առաջին հերթին Հայաստանին եւ Սերբիային, քանի որ այս երկու երկրներն են փորձում հարաբերություններ պահել իրար հետ թշնամի եւ պատերազմող Մոսկվայի եւ Բրյուսելի հետ միաժամանակ, ինչը ոչ միայն չի ստացվում, այլեւ, ընդհակառակը՝ այս երկրներին ու դրանց ղեկավարներին մշտապես դնում է, մեղմ ասած, անհարմար վիճակի մեջ: Երբ Կայա Կալասն ասում է` անթույլատրելի է, դա պետք է հասկանալ` ես թույլ չեմ տալիս: 

Հայաստանի պարագան ավելի բարդ է, քանի որ մարտի 26-ին Հայաստանի խորհրդարանը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց Եվրոպական Միությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենքը: Փաշինյանի ենթակայության տակ Հայաստանի նախագահ աշխատող Վահագն Խաչատուրյանն էլ ապրիլի 4-ին ստորագրել եւ վավերացրել է օրենքը, որով այն մտել է ուժի մեջ: Հայաստանը պաշտոնապես սկսել է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց, սա արդեն ոչ թե ինչ-որ մեկի ցանկությունն է կամ կողմնորոշումը, այլ ամրագրված է օրենքով: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում եւ՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, պարտավոր է հարգել եւ կատարել օրենքի պահանջները: Այս պայմաններում ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատարը պահանջում է, որ նա չընդունի Վլադիմիր Պուտինի հրավերը եւ չգնա Մոսկվա՝ դրանով չվտանգելով Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացի շարունակականությունը: Չնայած հնարավոր է, որ ոչ միայն անդամության ցանկություն ունեցող երկրները, այլեւ անգամ ԵՄ անդամ Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանը կամ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մասնակցեն Կարմիր հրապարակի զորահանդեսին, բայց դե՝ այդ երկրները պաշտպանում են իրենց ինքնիշխանությունը, ցույց տալով, որ թույլ չեն տա եվրաչինովնիկներին՝ միջամտել իրենց երկրների ներքին գործերին եւ պարտադրել որոշումներ, որոնք չեն համապատասխանում իրենց ազգային շահերին: Բայց մենք գիտենք, որ Հայաստանի իշխանությունը նման սովորույթներ չունի:

Բրյուսելը կարող է ոչ միայն պարտադրել, որ Փաշինյանը Մոսկվա չգնա, այլեւ պահանջել, որ նա գնա Կիեւ: Ի հակադրություն Ռուսաստանի, որը մայիսի 9-ը նշում է որպես Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օր, ԵՄ անդամ երկրները մայիսի 9-ը հռչակել են Եվրոպայի օր եւ արդեն մի քանի տարի այդ օրը հավաքվում են Կիեւում՝ դրանով իրենց համերաշխությունը դրսեւորելով Ռուսաստանի դեմ պատերազմող Ուկրաինային, մի պատերազմ, որը վաղուց վերածվել է Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության:

ՌԴ նախագահի համար Կարմիր հրապարակում կազմակերպվող շքերթին հնարավորինս մեծ թվով երկրների ղեկավարների մասնակցությունը կարեւոր է. դրանով նա փորձում է ցույց տալ, որ Ռուսաստանին մեկուսացնելու փորձերն ապարդյուն էին, ինքը վայելում է հնարավորինս մեծ թվով երկրների աջակցությունը, ինչը դրսեւորվում է նաեւ իր կազմակերպած միջոցառումներին համախոհ եւ արեւմտյան պարտադրանքից ազատ երկրների ղեկավարների մասնակցությամբ: Հայաստանի վիճակն էլ ավելի է վատթարանում, եթե նկատի ունենանք, որ թշնամի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ոչ միայն ինքն է մասնակցելու զինվորական շքերթին, այլեւ Ադրբեջանից 80 զինվորական է քայլելու Կարմիր հրապարակով, քանի որ նացիստական Հայաստանի դեմ տարած հաղթանակը համարում են նաեւ իրենց հաղթանակը: Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը հստակ արտաքին քաղաքականություն է վարում, անգամ ԵԱՏՄ անդամ չլինելով` օրենք չի ընդունում ԵՄ անդամության գործընթաց սկսելու մասին, իրեն պահում է ադեկվատ եւ ավելորդ գժություններ ու ծամածռություններ չի անում՝ հարուցելով շրջապատի արհամարհանքը եւ խղճահարությունը:

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ստեղծված իրավիճակից դուրս գալու սուպերկոմպլեմենտար ելք է առաջարկում. Փաշինյանը գնում է Մոսկվա, իսկ Արարատ Միրզոյանը` Կիեւ: Բայց նախ դրանով Փաշինյանը չի կատարում Կայա Կալասի հանձնարարությունը, քանի որ նա Մոսկվա չգնալու պահանջ է ներկայացրել, բացի դրանից էլ` Կիեւ գնացած Արարատ Միրզոյանն ի՞նչ պատասխան պետք է տա հարցին, թե ինչու Փաշինյանը գնաց Մոսկվա, եթե ձեր երկիրն ուզում է ԵՄ անդամ դառնալ: Դե հո չի՞ ասելու, որ մենք վախենում ենք Պուտինից եւ նրա կողմից հնարավոր պատժամիջոցներից: Կարող են, չէ՞, պատասխանել` վախենում եք, դու էլ գնայիր Մոսկվա, դո՞ւ այստեղ ինչ ես անում: Ի վերջո, մի օր պետք է վերջ տրվի այս գժությանը, եւ երկրում մոլեգնող գժության համաճարակի տարածման դեմն առնվի:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image