Հարցազրույց

«Հրապարակ»․ Քրդերի դեմ պայքարը համախմբում է Իրաքի, Թուրքիայի, Իրանի, Սիրիայի իշխանություններին

«Հրապարակ»․ Քրդերի դեմ պայքարը համախմբում է Իրաքի, Թուրքիայի, Իրանի, Սիրիայի իշխանություններին

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Արա Պողոսյանն է։

- Մյունխենի անվտանգության համաժողովում այս տարի եւս թույլ չտվեցին ԻԻՀ-ի արտգործնախարար Աբաս Արաղչին խոսի։ Մինչդեռ ելույթ ունեցավ Իրանի ընդդիմության ղեկավարներից Ռեզա Փահլավին։ Նրա համախոհները նույն օրը ցույցեր կազմակերպեցին՝ Գերմանիայից մինչեւ Լոս Անջելես։ Իրանական ընդդիմությունն արտերկրում ավելի ազդեցիկ ու վճռակա՞ն է դառնում։

- Համապարփակ կարծիք ձեւավորելու համար անհրաժեշտ է նախ հաշվի առնել, որ ժամանակակից իրանական սփյուռքը՝ հատկապես ԱՄՆ-ում, ԵՄ երկրներում, ձեւավորվել է Իսլամական հեղափոխության արդյունքում Իրանից հեռացած միապետականներից, ինչպես նաեւ՝ դեռեւս շահական իշխանության ժամանակ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Իրանի դիմադրության ազգային խորհուրդն է (NCRI), որի առանցքը կազմում է «Մոջահեդին-ե Խալկ» (MEK) կազմակերպությունը։ Այն միաժամանակ թե՛ միապետության եւ թե՛ Իսլամական Հանրապետության դեմ է հանդես գալիս։ Այսինքն՝ իրանական սփյուռքը միատարր չէ, եւ նախկին շահի որդու շուրջ համախմբված զանգվածը գլխավորապես նախկինում շահական իշխանության հետ սերտ կապեր ունեցած մարդիկ են։ Բազմաթիվ են տեղեկությունները, որ այս հանրահավաքներին աջակցում են տեղական իշխանությունները, եւ այն Իրանի Իսլամական Հանրապետության դեմ համակարգված պայքարի կարեւորագույն բաղադրիչն է։ Այս համատեքստում է նաեւ արքայազն Ռեզա Փահլավիին Մյունխենի անվտանգության համաժողովին հրավիրելը, նրան լեգիտիմացնելը՝ որպես միջազգային հարաբերություններում ընկալելի կերպար։ Սակայն չի կարելի ասել, որ իրանական ընդդիմությունը դառնում է արտերկրում ավելի ազդեցիկ, քանի որ այն հենց այդ երկրների համապատասխան քաղաքականության արդյունքն է եւ ո՛չ հակառակը։

- Իրանում բողոքի ցույցերը չեն դադարում․ ծայրահեղ տրամադրություններ, ատելության խոսք, գերագույն առաջնորդին ուղղված սպառնալից կարգախոսները նոր թափ են ստացել։ Հակակառավարական հավաքների մասնակիցները վստահ են՝ սա իրենց վերջին մարտն է, եւ վերջին շահի աքսորյալ որդին՝ Փահլավին, վերադառնալու է հայրենիք։ Ի՞նչ սպասել առաջիկայում։

- Այս փուլում, կարծում եմ, Իրանում հաղթահարված է ներքին ճգնաժամի ծայրահեղ սպառնալից փուլը։ Ավելին՝ արտաքին ճնշումը հանգեցրել է իշխանությունների շուրջ ներքին համախմբվածության։ Թեպետ ակնհայտ է, որ կան խնդիրներ, որոնք հարուցված են արտաքին դերակատարների կողմից՝ օրինական իշխանության տապալման նպատակով։ Ամեն դեպքում, հաշվի առնելով իրանական առանձնահատկությունները եւ այն, որ իրանական հասարակությունն իդեոլոգիականացված հասարակություն է, կարծում եմ՝ միայն ներքին ռեսուրսներով հնարավոր չէ երկրում իշխանության տապալումը։ Դրա կարեւորագույն ցուցիչներից մեկն այն է, որ բացակայում է պառակտվածությունն էլիտաների մեջ, ինչը ցուցիչ է, որ ընդդիմությունը չունի երկրում ո՛չ սոցիալական հենարան եւ ո՛չ էլ՝ քաղաքական։ Մյուս կողմից՝ Ռեզա Փահլավին, որպես առաջնորդ, բավականին թույլ է, չունի անձնական այնպիսի խարիզմա, որն իր շուրջ կհամախմբեր իրանական հասարակությանը։

- Դիցուք, եթե հարեւան Իրանում հեղափոխություն իրականացվի, դա ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ հայ-իրանական հարաբերությունների վրա։ Առհասարակ, Փահլավին ինչպիսի՞ հարաբերություններ ունի, օրինակ, ԱՄՆ-ի հայ շրջանակների հետ, որեւէ ժամանակ արտահայտվե՞լ է Հայաստանի հետ հարաբերությունների ձեւաչափի, տեսլականի մասին։

- Անկախ նրանից, թե ինչպիսի իշխանություն կլինի Իրանում, մենք չենք կարող եւ իրավունք չունենք իրանական ժողովրդի որոշմանը հակադրվել։ Ով էլ լինի իշխանություն Իրանում, մենք պետք է շարունակենք բարեկամական քաղաքականությունը։ Ինչ վերաբերում է Ռեզա Փահլավիին, ապա մի բան է իշխանության լծակներ տիրապետող եւ մեկ այլ բան է վտարանդիության մեջ գտնվող մարդու կարծիքը կամ պատկերացումները տարածաշրջանային քաղաքականության մասին։ Հետեւաբար, անպտուղ եմ համարում այս պահին քննարկելը, թե Ռեզա Փահլավին ինչ պատկերացումներ ունի հայ-իրանական հարաբերությունների մասին։

- ԻԻՀ-ն դիմագրավում է նաեւ իր գլխավոր ախոյանների՝ ԱՄՆ-ի եւ Իսրայելի մեծացող ճնշմանը՝ կապված միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հետ։ Եթե Թրամփը լավատեսություն է հայտնում Թեհրանի հետ գործարք կնքելու առումով, ապա վարչապետ Նեթանյահուն նման հնարավորություն տեսնում է 3-4 նախապայմանների կատարման դեպքում՝ հարստացված ուրանի ամբողջական դուրսբերումից մինչեւ ռեգիոնալ պրոքսի ուժերին աջակցությունից հրաժարում։ Թեհրանն ասում է, որ նման հարցերի շուրջ չի բանակցում։ Ո՞ւր կտանի այս հակադրությունը։

- Լայն առումով, թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Իսրայելն արդեն որոշել են այն կոնֆիգուրացիան, որը պետք է ձեւավորվի՝ իրանական պետության էության տրանսֆորմացիա՝ իսլամականից դեպի աշխարհիկ։ Սա ենթադրում է, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելն ամեն ինչ փորձելու են անել, որպեսզի Իրանը վերադառնա մինչհեղափոխական քաղաքակրթական-գաղափարական առանցքին։ Իսկ դա նշանակում է Իրան, որը, ըստ ամերիկյան պատկերացումների, պետք է լինի ԱՄՆ-ի կարեւորագույն հենակետը Եվրասիայում՝ միաժամանակ հակակշռելով ռուսական եւ չինական ազդեցությանը։

- Նկատե՞լ եք, որ Իսրայելում սկսել են լրջորեն նախազգուշացնել թուրքական CENK բալիստիկ հրթիռի մասին, որի գործողության շառավիղը հասնում է 2000 կիլոմետրի: Փաստորեն, կարծում եք, որ Իսրայելի ողջ տարածքը հայտնվում է այս հրթիռի խոցման տիրույթում, ինչը կարող է փոխել ուժերի տարածաշրջանային հավասարակշռությունը։ Իսրայել-Թուրքիա լարված հարաբերությունների պայմաններում Անկարան կգնա՞ արկածախնդիր քայլի՝ հրո ճարակ դարձնելով տարածաշրջանը։

- Վերջին շրջանում նկատելի է Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ ակտիվ ագրեսիվ արտաքին քաղաքականությունից դեպի Դավութօղլուի «Զրո խնդիր հարեւանների հետ» 2.0 կոնցեպտ, որտեղ, ի տարբերություն նախկինի, ոչ թե Թուրքիան գնում է փոխզիջումային արտաքին քաղաքականության, այլ հարկադրման միջոցով է փորձում ապահովել «Զրո խնդիր հարեւանների հետ»։ Հայաստանն այդ քաղաքականության ամենացայտուն օրինակն է։ Հետեւաբար, չեմ կարծում, որ այս փուլում Թուրքիան պատրաստ է ռազմական գործողություններ սկսել Իսրայելի դեմ։ Ընդհակառակը՝ իսրայելական ռազմական դոկտրինը ենթադրում է պրոակտիվ կանխարգելիչ ռազմավարական զսպման քաղաքականություն, ինչը ենթադրում է, որ Իսրայելի կողմից այս փուլում ավելի հավանական են որոշակի զսպման գործողություններ։ Իսկ Թուրքիան հակաիսրայելական իր ռազմավարությունը փորձում է իրացնել Սիրիայի եւ Գազայի միջոցով։

- Զուգահեռաբար, Թուրքիան փորձում է որոշակի ազդեցություն ունենալ Վաշինգտոնի վրա, համոզելով Թրամփի վարչակազմին՝ ետ կանգնել Իրանի դեմ ռազմական հարձակման սցենարից, ընտրելով դիվանագիտական երկխոսության ճանապարհը։ Որքանո՞վ է այս հարցում Անկարան անկեղծ։

- Այս պահին Իրանի եւ Թուրքիայի միջեւ կա շահերի իրավիճակային համընկնում։ Դա պայմանավորված է քրդական գործոնով։ Ընդհանրապես, Մերձավոր Արեւելքում քրդական գործոնը միակն է, որը մի սեղանի շուրջ է հավաքում միաժամանակ Իրաքի, Թուրքիայի, Իրանի եւ Սիրիայի իշխանություններին։ Նույնը այս պարագայում է՝ Թուրքիայում վստահ են, որ քրդական սեպարատիզմը իրանական իշխանության տապալման դեպքում կդառնա դոմինանտ շարժում, ինչը կարող է տարածաշրջանում քրդական շարժումների նոր զարթոնք առաջ բերել, ինչպես ժամանակին Սիրիայում սկսվեց քրդական լայն մոբիլիզացիա։ Հետեւաբար կարծում եմ, որ այս մասով Թուրքիան իսկապես շահագրգռված է Իրանում որոշակի կանխատեսելի վիճակով, բայց ո՛չ ավելին։ Այս իմաստով հատկանշական է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի վերջին հարցազրույցը, որտեղ նա ասում էր, որ եթե տարածաշրջանում միջուկային զենքի առկայություն լինի, ապա Թուրքիան ստիպված կլինի միանալ միջուկային մրցավազքին։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image