Քաղաքականություն

Ռուբինյանն առաջարկում է չառաջնորդվել Կիկոսի մահով, իսկ իրենք առաջնորդվում են «մարիկ կկվի» խեղճությամբ 

Ռուբինյանն առաջարկում է չառաջնորդվել Կիկոսի մահով, իսկ իրենք առաջնորդվում են «մարիկ կկվի» խեղճությամբ 

«Ես առաջարկում եմ Կիկոսի մահով չառաջնորդվել, եկեք առաջնորդվենք նրանով, ինչ գրված է և ստորագրված է։ Գրված և ստորագրված է, որ խաղաղություն է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, որ ապագայում նույնպես տարածքային պահանջներ միմյանց չեն ունենալու», - ասում է խորհրդարանի ղեկավարի տեղակալ Ռուբինյան Ռուբենը։ Ոսկի խոսքեր են, մնում է պարզել, թե որքանով են դրանք ճշմարիտ: Չնայած, որքան հասկանում եմ, ոսկին չի կարող չլինել ճշմարիտ: Այնինչ, այն ինչ սովորաբար ոսկի է կամ ճշմարիտ, երբ ինչ-որ եղանակով առնչվում է Հայաստանի գործող իշխանության հետ՝ անկախ այն ներկայացնող անձից, վերածվում է կեղծիքի ու սխալի: Նույնն ամբողջությամբ բռնում է Ռուբենի ասածին: Որովհետև եռակողմ՝ ՌԴ և Ադրբեջանի նախագահների և ՀՀ վարչապետի, ստորագրությամբ հայտարարության մեջ որևէ խոսք չկար հյուսիս-հարավ ճանապարհի Գորիս-Կապան հատվածի վերաբերյալ: Բայց չգիտես ինչ հրաշքով մասնավոր ընկերության վիրտուալ քարտեզում այն հայտնվեց ադրբեջանական կողմում ու հանձնվեց թշնամուն: Ինձ թվում է, որ Ռուբենը դրա մասին տեղյակ չէ, այլապես այդպիսի հայտարարություն չէր անի:

Դա՝ մեկ: Երկրորդ. Ռուբենը հայտարարել է, որ ««Արևմտյան Ադրբեջան» անընդունելի տերմինի օգտագործում օգոստոսի 8-ից հետո ինքը չի տեսել և դա շատ լավ է»: Բայց Ռուբինյան Ռուբենի բախտը չբերեց այս անգամ: Հայտարարություն անելու հաջորդ օրը, ինչպես հայտնում է «Հրապարակ»-ը, Բաքվի Կոնգրեսի կենտրոնում՝ Ոչ կառավարական կազմակերպությունների պետական աջակցության գործակալության նախաձեռնությամբ, մեկնարկել է «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» թեմայով հանրային քննարկում։ Պարզվում է, որ այդ քննարկումը հետևել է թշնամական երկրի բռնապետի կողմից իրենց «գիտությունների» ակադեմիայի հիմնադրաման 80-ամյակի կապակցությամբ այդ հարցի առումով անդրադարձին: Ինչպես երևում է, Ռուբենը տեղյակ չէ ոչ միայն Գորիս-Կապան հճանապարհահատվածի՝ ստորագրությամբ չամրագրված հանձնման, այլև «արևմտյան ադրբեջան» տերմինի օգտագործման հանգամանքից: Այն էլ ոչ թե Ադրբեջանի կառավարության տարբեր ներկայացուցիչների, այլ հենց պետության ղեկավարի կողմից: Եթե նման անտեղյակ մեկը հայտնվեր, ասենք, ադրբեջանական խորհրդարանում, ապա նրան մեկ օր էլ չէին պահի այնտեղ՝ ուր մնաց, թե նշանակեին ղեկավարի տեղակալ:   

Ոչ մեծ քանակությամբ ղազախական ցորենն ադրբեջանական տարածքով հասցնելը դարձնելով դրոշ՝ գործող իշխանությունից մարդ չմնաց, որ դա չողջուներ: Ու այն չներկայացներ որպես մշտական ու կայուն խաղաղության հաստատման վկայություն: Այդ խաղաղության մասին այնքան ամբողջական արձագանք (https://hraparak.am/post/6cd4a6e471f3fa81811f544a487b12aa) է տվել ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, որ դրան որևէ բան ավելացնելու կարիք չկա: Եվ «շատ կարևոր է, որ 2026-ին Հայաստանի ժողովուրդը որոշի», որ Նիկոլենք չպիտի շարունակեն ազգակործան այն ճանապարհը, որ ընտրվել է իրենց կողմից: Ու դրա համար անհրաժեշտ է, որպեսզի հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին ընդդմիությունը մասնակցի ոչ թե ցաքուցրիվ եղած, այլ մեկ բռունցք կազմած: Ու այդ պարագայում գործող իշխանությանը չի հաջողվի ոչ միայն հերթական անգամ հիմարացնել մեր ժողովրդին, այլև հաղթանակ նկարել ընտրախախտումների միջոցով: Ինչիչց հետո մեզ այլևս չի հետաքրքրի, թե ինչ է ասել Ռուբենը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image