Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում «Շարմ հոլդինգը» հանդիսատեսին ներկայացրեց «Poker.AM» անվանումով նոր կինոկատակերգության պրեմիերան, որին ներկա էր ֆիլմի ողջ ստեղծագործական կազմը: Ֆիլմի վրա աշխատել է նույն ստեղծագործական թիմը, որը հեղինակն է նաեւ «Փեսացուն կրկեսից» եւ «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմերի: Գրեթե նույնն էր նաեւ դերասանական կազմը. գլխավոր դերում են Հովհաննես Ազոյանը, Միշոն, ինչպես նաեւ Լիլի Էլբակյանը, Անի Պետրոսյանը, Խորեն Լեւոնյանը, Արտաշես Ալեքսանյանը, Լուիզա Ներսիսյանը, Ռոլանդ Գասպարյանը՝ գումարած նաեւ վրաց դերասանների մի աստղաբույլ: Քանի որ սցենարը հետաքրքրություն է առաջացրել նաեւ վրացիների մոտ, նախագծի իրականացմանը միացել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը եւս: Թե ինչով է պայմանավորված վրացական կողմի հետ համագործակցությունը, Ջաղինյանն ընդգծել է, որ դա զուտ կոմերցիոն հետաքրքրություն է. «Վրաստանում շատ կինոթատրոններ կան, մեծածավալ վարձույթի հնարավորություն: Եվ ի վերջո՝ նոր շուկա եւ այլ հարթություն դուրս գալու փորձ»: Ֆիլմի ռեժիսորն է Դավիթ Բաբախանյանը՝ «Փեսացուն կրկեսից» եւ «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմերի ռեժիսորը, ով նաեւ «Poker.AM» -ի համահեղինակն է եւ, կարելի է ասել, ինչ-որ տեղ առաջնորդվել է սեփական փորձով, քանի որ, ինչպես նշեց Ռուբեն Ջաղինյանը, ֆիլմի գաղափարը ծնվել է այն բանից հետո, երբ Բաբախանյանը մեկ օրում պոկեր խաղալ է սովորել: Իսկ ֆիլմը նկարահանվել է 6-7 ամսում, բյուջեն կազմել է ընդհանուր 350 հազար դոլար: Պրեմիերային դերասանական կազմից ներկա չէին միայն Հովհաննես Ազոյանը եւ Լուիզա Ներսիսյանը, ովքեր հյուրախաղերով գտնվում են ԱՄՆ-ում: Ֆիլմի սաունդթրեքը Սայաթ-Նովայի «Աշխարհումս իմն դուն իս» ստեղծագործության ռեմեյքն է՝ «Ռեինկարնացիա» խմբի կատարմամբ, իսկ երգի վրացերեն տարբերակը կատարում է Էրիկը:Սոնա ԱԴԱՄՅԱՆ