Քաղաքականություն

Հնդկական կինո կամ սեքսը մաքսային միությունում

Հնդկական կինո կամ սեքսը մաքսային միությունում

Երկար դեգերումներից հետո սիրող աղջիկն ու տղան վերջապես գտնում են իրար: Բաժանման օրերը դույզն-ինչ չէին փոխել նրանց: Թեեւ աղջիկն ուրիշ սիրած ուներ արդեն, տղան՝ ուրիշ, նախկին բուռն զգացումները կրկին գլուխ են բարձրացնում նրանց հոգիներում, ու նրանք ինքնամոռաց գրկախառնվում են… Խելագար համբույր… Վերջում, բնականաբար, աղջիկն իր ընկերուհիների հետ երգում է, տղան՝ իր ընկերների հետ պատասխան երգով է հանդես գալիս: Կողքից էլ՝ մասսովկան վարդի թերթեր է ցփնում… Աղջիկն ու տղան ճախրում են օդում… Կադրը կանգ է առնում: Տիտրեր… Իսկ տիտրերի ավարտին, չգիտես ինչու, ոչ Fin, ոչ ԽՏվպՓ, ոչ Վերջ, այլ՝ Finita la comedia:



Եթե այս ֆիլմը նկարված չլիներ հեռավոր Հնդկաստանում, կարելի կլիներ պնդել, որ դրա հիմքում ընկած է Ռուսաստանի եւ Հայաստանի երջանիկ սիրո պատմությունը: Թերեւս, միակ տարբերությունն այն է, որ հնդկական ֆիլմի ավարտով ավարտվում է նաեւ կոմեդիան, իսկ մեր սցենարում կոմեդիան սկսվում է ֆիլմից հետո:



Մեկ էլ, հոպ, Ֆյուլեն գալիս է Հայաստան: Շատ բնական հարց է ծագում՝ եկել ես Հայաստան, մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես: Բայց մի՞թե Ֆյուլեն եկել էր Հայաստան, որ հեծանիվ հորինի: Ոչ, նա եկել էր, որ մերոնց վերջնականապես հասկացնի՝  Finita la comedia:



Ներողություն, Ֆյուլե ջան, բայց մեզ մոտ կոմեդիան նոր է սկսվում: Ի՞նչ կապ ունի, թե դուք ձեր եվրոպաներից ինչ հայտարարություններ եք անում: Դուք չեք ուզում, իսկ մենք ուզում ենք ասոցացվել Եվրոպային: Դուք Հովիկ Աբրահամյանին լավ չեք ճանաչում: Գիտե՞ք ինչու են նրան «Մուկ» ասում: Իրեն հարցրեք՝ կպատմի: Դուք ձեր եվրոպական արժեքներն ինչքան էլ խորը թաքցնեք, պարոն Աբրահամյանը դրանք կգտնի ու կբերի Հայաստան: Հայաստանը, արդեն որոշել ենք, դառնալու է Մաքսային միության ամենաեվրաինտեգրված երկիրը: Բոլորը մեզնից օրինակ են վերցնելու: Արմեն Աշոտյանն արդեն բոցել է՝ մենք նախկին ԽՍՀՄ հանրապետություններից միակն ենք, որ քարտուղարություն ենք արել Բոլոնիայում: Չեմ կարող ասել, գուցե Աշոտյանը փորձել է իր այդ հայտարարությամբ սեփական եվրաինտեգրվածության մակարդակն ընդգծել, բայց, ամեն դեպքում, դա հնչում է որպես հակագովազդ Հայաստանի ու նրա նախագահի հասցեին: Բա եթե Բոլոնիայում քարտուղարություն անելն այդքան լավ էր, ինչո՞ւ որոշեցիք մտնել Մաքսային միություն:



Կատակերգության կուլմինացիան, անշուշտ, ԱԺ դռնփակ նիստն էր: Այդ ի՞նչ թաքուն բան ասաց արտգործնախարար Նալբանդյանը պատգամավորներին, որ աշխարհին դեռ չէին ասել ՌԴ եւ ԵՄ առանձին պաշտոնյաներ: «Շպիոն Օնո» խաղալս ո՞րն է, եթե արտգործնախարարը պետք է ելույթ ունենար, պատգամավորները ոչինչ չպիտի հասկանային այդ ելույթից, իսկ նրանց հարցերն էլ պիտի անպատասխան մնային:



Մինչդեռ կարելի էր որեւէ պաշտոնական դեմքով ներկայանալ ժողովրդին եւ պարզ խոսքերով բացատրել տեղի ունեցածը, եթե, իհարկե, իրենք գիտեն, թե ինչ է տեղի ունեցել իրականում:



Ինչո՞ւ են Հայաստանի «որոշումն» արդարացնելու նպատակով առիթ-անառիթ հիշատակում ռուսների հետ մեր դարավոր կապերը: Ժողովուրդն այդ կապերի մասին իրենցից լավ գիտի: Բայց թե ինչպես եղավ, որ մեզ հետ հազար կապերով կապված Ռուսաստանը վերջնագրով խոսեց մեզ հետ, ոչ մեկը չի ուզում բացատրել: Ինչպես ցանկանում՝ լրատվամիջոցներին այդպես խաղացնում են մատների վրա, միայն թե չխոստովանեն, որ Մոսկվայում նախագահ Սարգսյանի արած հայտարարությունը մեր ոչ լիարժեք անկախության ու ինքնիշխանության հետեւանք է: Ի՞նչ կա թաքցնելու, ինչո՞ւ ենք մեր ժողովրդին, ինչպես նաեւ Ֆյուլեին ու մյուսներին մատնում թյուրիմացության, անհուսալի եւ անլուրջ պետության իմիջ ձեւավորում աշխարհի առաջ: Մենք ի՞նչ ենք ցանկանում ապացուցել Եվրոպային, երբ ասում ենք, որ զոռով էլ լինի՝ պիտի ստորագրենք Ասոցացման պայմանագիրը կամ դրա առանձին էջեր: Պատահաբար մեր ուզածն այն չէ՞, որ Պուտինը մեզ մի հատ էլ «հուպ տա» ու ստիպի նոր հայտարարությամբ հանդես գալ: Կոմեդիան էլ ո՞նց է լինում: Գուցե հաճելի՞ է արդեն:



Դժվա՞ր է փակ նիստի փոխարեն բաց ելույթ ունենալ եւ ասել՝ հարգելի Եվրոպա, մենք ամեն ինչ արեցինք ասոցացվելու համար, բայց, ավաղ, այս տարիներին մեր հարցերի հարցը չլուծվեց: Մենք մնացինք որպես պատերազմող երկիր եւ, գիտե՞ք, այդ պայմաններում չենք կարող մեր պաշտպանական համակարգը, որ ամբողջովին ռուսական զենք ու զորքի վրա է հիմնված, փոխարինել ՆԱՏՕ-ական համակարգով: Դժվա՞ր է նույն Եվրոպային ամոթանք տալ, որ արդեն քանի տարի է, իբր, պարզեցնում եք Հայաստանի հետ վիզային ռեժիմը, բայց Հայաստանի քաղաքացին Եվրոպայում դեռեւս դիտվում է չորրորդ սորտի մարդ եւ վիզա է ստանում իր հոգու ամենանուրբ գաղտնիքները ձեր դեսպաններին պատմելուց հետո միայն:



Իսկ այս ամենը մենք չենք կարողանում ասել, որովհետեւ ստիպված ենք լինելու նաեւ խոստովանել, որ ինքներս էլ մի բարի պտուղ չենք: Խոսքն իհարկե ՀՀ իշխանության եւ նրա միտքը, պատիվն ու խիղճը հանդիսացող ՀՀԿ-ի մասին է: Մինչ այս կտրուկ շրջադարձը քանի՞ անգամ են գալուստսահակյանները, արմենաշոտյաններն ու էդուարդշարմազանովները մեզ հավաստիացրել, թե իրենց կուսակցությունն աշխատում է եւ քաջ գիտի, թե ինչ է անում: Սա՞ չի ձեր աշխատանքի արդյունքը՝ փակ սահմաններ, արտագաղթ, վերադարձ 1920 թվականի նոյեմբեր: Կարող ենք այլ ձեռքբերումներ էլ թվարկել՝ գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացում, գնաճի տեմպերը հաշվի առած՝ թոշակների եւ աշխատավարձերի նվազեցում, մանր ու միջին ձեռնարկատիրության ոչնչացում, մարդկանց բնակարանների հափշտակում, գյուղացիության սնանկացում, ընդերքի գիշատչային շահագործում: Էլի՞ ասեմ: Միլիարդներով փող ունեք, բայց ձեռքներդ ժողովրդի գրպանից չեք հանում:



Դե ասեք, օրինակ, որ Մաքսային միություն մտնելով՝ մեզ համար գազը կէժանանա, ու, դրան ի հետեւանք, կէժանանան  էլեկտրաէներգիան ու մյուս բաները: Ինչո՞ւ չեք ասում: Մյուս կողմից էլ՝ որ ասեք, ո՞վ կհավատա ձեզ: Մարդիկ կմտածեն՝ կոմեդիայի ու սատիրայի ժանրից է այդ ամենը:



Փորձեմ ամփոփել կարճ: Մենք պիտի սկսենք հարգել ինքներս մեզ եւ հաշվի նստել մեր պրոբլեմների հետ: Պիոներիան ու կոմերիտականությունը, որ այս տարիներին խոր արմատներ են գցել երկրի կառավարման համակարգում, պետք է մեկուսացնել պետությունից եւ լրատվամիջոցներից: Թող իրենց շքերթներն իրենց բակերում անեն: Դա զգալիորեն կնվազեցնի հասարակության գլուխը զանազան հիմարություններով լցնելու ռիսկերը: Լրջանալու ժամանակներ են եկել: Պետք է առնվազն ուսումնասիրել ու հասկանալ, թե ինչ է Մաքսային միությունը, եւ արդյո՞ք մեզ այնտեղ կոլեկտիվ (չշփոթել խմբակայինի հետ) սեքս չի սպասվում: Հնդկական կինոյին դա այնքան էլ հարիր բան չէ:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

Սկանդալից սկանդալ

Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...

×
Gallery Image