Մշակույթ

Լիտվացի պրոդյուսերն ուզում է, որ «Թեվանիկ» ֆիլմը դիտեն նաև Ադրբեջանում

Լիտվացի պրոդյուսերն ուզում է, որ «Թեվանիկ» ֆիլմը դիտեն նաև Ադրբեջանում

Այս տարի «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում ներկայացված է նաեւ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը, որն այս տարի երեւանյան պրեմիերայից եւ ջերմ ընդունելությունից հետո ներկայացվեց նաեւ Կաննի կինոշուկայում, կրկնելով նախորդ՝ «Ընդհատված մանկություն» ֆիլմի հաջողությունը։ «Թեւանիկից» բացի, Ջիվան Ավետիսյանի հաջորդ՝ «Վերջին բնակիչը» ֆիլմի նախագիծը ներկայացված է փառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանների» տարածաշրջանային ֆորումին, որի համաարտադրողներից մեկը, ինչպես «Թեւանիկի» դեպքում, լիտվական «Արտ Բոքս» ընկերությունն է։ Պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասը վստահ է, որ Ջիվան Ավետիսյանը մեծ ապագա ունեցող ռեժիսոր է, ասում է՝ մեկ տարի առաջ են ծանոթացել, Կաննում, որից հետո սկսել են համագործակցել. ««Թեւանիկի» դեպքում նախ ֆիլմի թեման ինձ դուր եկավ, հետո այն, թե ինչպես էր նա պատրաստվում այդ թեման ներկայացնել։ Կարծում եմ՝ դա շատ հումանիստական հայացք է ղարաբաղյան խնդրին, դրա համար որոշեցի աջակցել, իսկ երբ ֆիլմը տեսա, դա ինձ համոզեց, չնայած չեմ հասկանում ձեր լեզուն»։



 



Դրազդաուսկասն ասում է, որ սկզբում առանձնապես չի խորացել ղարաբաղյան կոնֆլիկտի մեջ եւ չի մտածել, թե ինչքանով իր ներդրումները կարդարացվեն. «Կարծում եմ, որ այդ թեման իրապես ցավոտ է ու ամեն օր առկա է միայն Հայաստանում եւ Ադրբեջանում, ընդհանուր միջազգային ասպարեզում այն մի փոքր մոռացվել է, որովհետեւ ուշադրության կենտրոնում են հայտնվել նոր կոնֆլիկտներ։ Ու քանի որ կողմնակի մարդ եմ, ինձ համոզեց հենց Ջիվանի մոտեցումը, որ նա չի փորձում փորփրել անցյալի հանցագործությունները եւ որոշակի պրոպագանդա իրականացնել։ Ես ուղղակի տեսնում եմ մի մարդու, ով այդ կոնֆլիկտի ժամանակ ապրել է Ղարաբաղում եւ ունի ներքին հիշողություններ, պատմություններ, որ դարձնում են իր պատմությունն էլ ավելի համոզիչ»։ Ռեժիսորի հենց այդ մոտեցումն էլ պրոդյուսերը համարում է այն գլխավոր խաղաքարտերից մեկը, որը ֆիլմի համար ճանապարհ կհարթի դեպի միջազգային կինոփառատոններ։ Լիտվացի պրոդյուսերը ցանկություն եւ հույս է հայտնում, որ ֆիլմը դիտեն նաեւ Ադրբեջանում եւ, հակառակ ադրբեջանական մամուլում տեղ գտած արձագանքների, համոզվեն ֆիլմի համամարդկային ասելիքի մեջ։ Իսկ հայաստանյան մամուլում տեղ գտած եւ սովորական հանդիսատեսի արձագանքներից ելնելով՝ կարծում է, որ «Թեւանիկն» ամենամեծ շանսերն ունի «Հայկական համայնապատկերում» մրցանակ ստանալու։ «Ես «Թեւանիկ» ֆիլմից տեսա, թե Ջիվանն ինչպես է կարողանում աշխատել դերասանների հետ, այդ արդյունքը տեսանելի է նաեւ էկրանից։ Կարծում եմ՝ ռեժիսորի համար շատ կարեւոր է պահպանել բալանսը դերասանների միջեւ, որովհետեւ լավ դերասանն իր վրա երբեմն շատ մեծ բեռ է վերցնում, իսկ եթե մյուս դերասանները չեն ձգում դրան, ապա դիսոնանս է առաջանում, բայց «Թեւանիկի» դեպքում այդ բալանսը շատ հաջող էր պահպանված։ Ջիվանը շատ նվիրված ու շատ ճաշակով ռեժիսոր է եւ նրանցից մեկը, ով միշտ մտածում է հանդիսատեսի մասին ու չի խաղում իր ես-ի շուրջ, այլ ամբողջովին նվիրվում է պրոյեկտին»,-իր 2-րդ համագործակցության մոտիվացիան Ջիվան Ավետիսյանի հետ բացատրում է Կեստուտիս Դրազդաուսկասը։



 



Ինչ վերաբերում է «Վերջին բնակիչը» ֆիլմին, լիտվացի պրոդյուսերը վստահ է, որ լավ ֆիլմ է լինելու, եւ իր համար դժվար չէր գնալ 2-րդ համագործակցությանը Ջիվան Ավետիսյանի հետ, քանի որ «Թեւանիկի» արդյունքներից շատ գոհ է մնացել։ «Կուզեմ այս պրոյեկտում, որպես կրեատիվ պրոդյուսեր, ավելի շատ ներկա լինել, հետո ֆիլմի սցենարում կա նաեւ որոշակի լիտվական էլեմենտ, որն ինձ ավելի կողմնորոշեց դեպի ֆիլմը։ Իսկ ֆիլմի թեման այնքանով է մոտ «Թեւանիկին», որ «Վերջին բնակիչն» էլ ղարաբաղյան պատերազմի մասին է, բայց միայն դա»,-ասում է նա ու ընդգծում, որ շատ ուժեղ սցենար է ստացվել, եւ արդեն որոշակի պայմանավորվածություններ ունեն համաշխարհային մեծության դերասանների հետ, ովքեր կխաղան ֆիլմում։ Պրոդյուսերը վստահ է. որպեսզի ֆիլմն ապրի ու լավ ճակատագիր ունենա, պետք է դրա մասին մտածել դեռ ֆիլմը նկարելուց առաջ, ինչով էլ հիմա իրենք զբաղված են։



 



Ի դեպ, «Ոսկե ծիրանի» շրջանակներում «Թեւանիկ» ֆիլմն այսօր կարելի է դիտել «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում, ժամը 22։00-ին։



 



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



[email protected]

Լրահոս

Ամենաընթերցված

Սկանդալից սկանդալ

Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...

×
Gallery Image