Հասարակություն

Հայկական ֆիլմերի ու հեռուստասերիալների տխուր «էրոտիկան»...

Հայկական ֆիլմերի ու հեռուստասերիալների տխուր «էրոտիկան»...

Եթե 21-րդ դարում Թատերական ինստիտուտը, որը բավական հայտնի է իր ազատամիտ ու ազատատենչ աղջիկներով, տարեկան գոնե մի դերասանուհի չի տալիս, որ տեսախցիկի առջեւ կարողանա համբուրվել, ապա ինչո՞ւ եք փորձում ֆիլմերում կամ սերիալներում էրոտիկ տեսարաններ նկարահանել, ինչո՞ւ եք չարչարվում, չարչարում տղամարդ դերասաններին եւ հանդիսատեսին: Իսկ եթե Թատերական ինստիտուտում կան աղջիկներ, ովքեր համարձակություն կունենան գնալ այդ «բախտորոշ» քայլին, բայց դուք ոչ թե պրոֆեսիոնալ դերասանուհիներ եք բերում նկարահանման հրապարակ, այլ օրիորդների, ովքեր այստեղ էլ երեւալու են, միայն թե «կարմիր խնձորի» ավարտով հաջող ամուսնություն ունենան, ապա ինչո՞ւ եք ձեր նկարահանած «չգիտեմ ինչին» տալիս «կինո» անունը եւ կուսական օրիորդներին՝ «դերասանուհի» մասնագիտական որակումը:



Հեռուստաէկրանից նվնվացող այս աղջնակները դեմ են համբուրվելուն, բայց սիրով իրենց վիզը «տրամադրում» են խաղընկերոջը (Շուշան Թովմասյան-Միհրան Ծառուկյան զույգը՝ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում, Էթերի Ոսկանյան-Սոս Ջանիբեկյան զույգը՝ «Բախտաբեր» հեռուստասերիալում): Սիրելի աղջիկներ, ձեր ապագա ամուսինները գուցե գլխի՞ ընկնեն, որ վիզը բավական էրոգեն հատված է կնոջ համար: Այնպես որ, եթե ընտրել եք դերասանուհու մասնագիտությունը, մի փոքր դուրս եկեք այդ պահպանողական, ազգային-նահապետական, կարմիրխնձորյան ավանդույթներից:



Հիմա մի փոքր հուշում ֆիլմի ռեժիսոր-հեղինակներին. եթե նման օրիորդների եք ընտրելու, ովքեր փայտի պես կանգնելու են, մինչեւ խեղճ տղամարդ դերասանները չարչարվեն, «կամասուտրայական» վարժանքներ անեն, հասնեն վզին, քանդեն մազերը, միայն թե շրթունքները չմիանան, կարող եք ընդհանրապես նման կեղծ, չստացված էրոտիկ տեսարաններ չնկարահանել: Էրոտիկան կինոյում կարող է լինել շատ սիմվոլիկ, շատ նուրբ եւ շատ ստացված: Հիշե՞նք «Երջանկության մեխանիկան» ֆիլմը: Ալլա Թումանյանի հերոսուհին՝ Սոնան, գնում է Ռուբենին (Ազատ Գասպարյան) հյուր, նա հոգնած է, մի փոքր գինովցած, պառկում է իրեն սիրահարված տղամարդու բազմոցին, հագին նուրբ, պուտիկավոր զգեստ է, ծնկներից մի մատ վերեւ ու… քնում: Բայց որքան կանացիություն, որքան զգացմունքայնություն շարժումներում... Ռուբենը մոտենում է, մի պահ նայում քնած կնոջն ու լուռ հոգատարությամբ ծածկում նրան ծածկոցով: Մարմնի ոչ մի էրոգեն հատված բաց չէ, համբույրի տեսարան չկա, բայց որքան գաղտնիք, սեր ու իրականում որքան լիրիկական ու հուզական, նուրբ էրոտիկա կա: Ստեղծեք այսպիսի «մարդկային» տեսարաններ ձեր նորագույն տեխնիկական հնարավորություններով (արժե նայել Մերի Մակարյանին, ում լուսանկարները՝ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից, լոգարանում, օճառի փրփուրի մեջ պառկած, դեռեւս պտտվում է համացանցում, «Հայկական սերիալների համարձակ տեսարաններ» խորագրի ներքո):



Վերջին շրջանում նկարահանված ֆիլմերից միայն «Անավարտ թռիչք» ֆիլմի գլխավոր դերասանուհի Տաթեւ Հովակիմյանն է, որ դուրս եկավ «անհույս կույսի» կերպարից ու մասնագիտական պատասխանատվությամբ եւ համարձակությամբ խաղաց բաց տեսարաններում: «Սուպեր մամա» ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորած Անի Խաչիկյանը թեեւ չի համբուրվում Հայկ Մարությանի հետ, բայց դրա բացը չի էլ նկատվում ֆիլմում, քանի որ դերասանուհին գոնե համոզում է, որ սիրահարված է, աչքերում ջերմություն ու զգացմունք կա:



Աշխեն  ՔԵՇԻՇՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image