Չին մեծն կայսր Ցին Շի Հուանդին երկիրը միավորելուց հետո նախաձեռնեց Չինական մեծ պարսպի կամ պատի կառուցումը: Կայսրը երկրում տնտեսական, քաղաքական բարեփոխումներ էր իրականացրել, վերացրել ազնվականների ժառանգական տիտղոսներն ու արտոնությունները: Բարձրաստիճան պաշտոնները վստահում էր բանիմաց ու արհեստավարժ մարդկանց: Երեկ կեսգիշերին Բաղրամյան պողոտայում պայքարը շարունակող քաղաքացիներին մոտեցավ մեր տեղական, ԱԺ պատգամավորներից, շոու-բիզնեսի ներկայացուցիչներից, մտավորականներից կազմավորված «Չինական պատը», որն իր տեղական անվանումն ստացավ՝ «կենդանի պատ» ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, որի նպատակն էր՝ կանխարգելել հնարավոր բախումները: Ժողովրդի ու իշխանության պահապանների արանքում հայտնված այս դրենաժի մասին արդեն տարատեսակ բաներ են խոսում… Դե, ինչպես միշտ, կարծիքները երկու բանակի են բաժանված… Մի մասը կարծում է, որ շարժման ոգեղենությունը տապալվեց, որ պատգամավորների խայտաբղետ ցանկն ու մնացյալ անձինք պարզապես իրենց էին ցուցադրում, որոշակի դիվիդենտներ հավաքում: Ինչքան էլ մղումներն անշառ ու սրտանց էին, սակայն արարքը թատերականությանն էր մերձենում, դրանով իսկ դժգունացնելով պայքարի ընթացքը:
Մյուս մասը բնավ այդպես չի մտածում եւ «կենդանի պատի» գաղափարը դրական է ընկալում, առ այն, որ այժմ ներքին պառակտությունների կամ առաջնայնությունների ժամանակը չէ, եւ ով էլ գա-միանա պայքարին, պիտի ողջունել: Բայց արդյոք այդպե՞ս է: Արմեն Աշոտյանի հայտնվելը եւ «կենդանի պատին» իր կասկածելի բաղադրությամբ քարն ավելացնելը շոկային ազդեցություն թողեց: Նույն էր, թե Սերժ Սարգսյանը հայտնվեր ու սակագների կասեցում պահանջեր: Աշոտյանի հասցեին հնչած բացականչությունները, հեռանալու կոչերն էլի ու էլի վկայեցին այն մասին, թե ինչքան խորն է իշխանության ու ժողովրդի միջեւ բացված անջրպետը, եւ ինչքան անվերականգնելի է այն: Սակայն իշխանությունը շարժումները ներսից կրծոտող որդի դերակատարման արվեստի իսկական վարպետն է: Հայկական տարբերակով «Չինական պատին» իրենց մասնակցությունը ցուցաբերած ՀՀԿ-ական պատգամավորները, ցավոք, դարձան այդ «անշառ» որդերի խաղարկուները: Հայտնիների, այսպես ասած՝ շոու-բիզի ներկայացուցիչների պատին քար դնելու «առաքելությունը» եւս չգիտես թե ինչ հետեւանքների կբերի, ինչ ազդեցություն կունենան նրանց ֆեյսբուքյան պատերին դաջված լուսանկարները ինչին կծառայեն՝ գովազդի՞ն, մոդայի՞ն, ինքնագնահատականի բարձրացմա՞նը, թե՞ հասարակական խնդիրների վերհանմանը: Դժվար է ասել:
Համենայնդեպս, պատով թե առանց պատի, Բաղրամյանի մատույցներում հենց հիմա կանգնած է Հայաստանի արժանապատիվ քաղաքացին, նոր սերունդը… կանգնած է մի երիտասարդություն, որ կերտում է այսօրվա եւ վաղվա Հայաստանը: