Վերջին տարիներին ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նկատվում է շաքարային դիաբետի հիվանդացության ցուցանիշի աճ: Այս պահի դրությամբ Հայաստանի բժշկական հաստատություններում շաքարային դիաբետ հիվանդությամբ տառապող հիվանդների թիվը կազմում է շուրջ 80 հազար, որոնցից 14.500-ն ինսուլինակախյալ հիվանդներ են: Հաշվառված հիվանդները գտնվում են պետական հոգածության ներքո, եւ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներով հստակ ամրագրված է շաքարային դիաբետով հիվանդների վարման կարգը: Հիվանդներին ներզատաբանի անմիջական հսկողությամբ տրամադրվում է անվճար հակադիաբետիկ դեղորայք՝ հաբեր եւ ազդեցության տարբեր տեւողության ինսուլիններ: Նախարարությունը դեղապահովումն իրականացնում է համաձայն կառավարության 1717-Ն որոշման, որտեղ ամրագրված է շաքարային դիաբետով տառապող հիվանդների դեղապահովման կարգը:
Շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին եւ մեծահասակներին դեղերով ապահովմանն ուղղված առողջապահության նախարարության քաղաքականության ու իրականացված քայլերի մասին մեզ հետ զրույցում պատմեց ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության բժշկական տեխնոլոգիաների եւ մարդասիրական օգնության համակարգման բաժնի պետ Մարինե Հարությունյանը:
«ՀՀ առողջապահության նախարարի վարած քաղաքականության շնորհիվ ՀՀ առողջապահության նախարարությունը լուրջ ձեռքբերումներ է գրանցել շաքարային դիաբետով հիվանդների դեղապահովման խնդիրների բարելավման հարցում: Անմիջապես դեղ արտադրող կազմակերպությունների հետ կնքվել են հնգամյա պայմանագրեր, որի արդյունքում բարձրացել է վերոնշյալ դեղերով ապահովվածության մակարդակը, ինչպես նաեւ ինսուլին եւ հակադիաբետիկ դեղերը հիվանդներին մատակարարվում են անխափան եւ պատշաճ մակարդակով»,-ասում է Մարինե Հարությունյանը:
Ինչպես նշում է մեր զրուցակիցը, մասնավորապես՝ դանիական «Նովո Նորդիսկ» դեղագործական ընկերության հետ առողջապահության նախարարության կնքած հնգամյա պայմանագրի շրջանակներում 2015թ. եւս ՀՀ-ում հաշվառված ինսուլինակախյալ հիվանդներին անվճար տրամադրվել է ինսուլին դեղը. «Ապահովվածությունը կազմել է 100 տոկոս: Նշեմ, որ «Նովո Նորդիսկ» դանիական դեղագործական ընկերությունը հանդիսանում է աշխարհում ինսուլին դեղարտադրող ընկերություններից առաջատարներից մեկը»:
Մարինե Հարությունյանի խոսքերով, 2015 թ. ընթացքում 0-22 տարեկան տարիքային խմբի հաշվառված շուրջ 700 ինսուլինակախյալ երեխաների եւ երիտասարդների կյանքի որակը բարձրացնելու, ինչպես նաեւ բուժման արդյունավետությունը եւ նրանց առողջական վիճակը բարելավելու նպատակով 2015 թ. մեկնարկել է «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագիրը, որը գործում է ՀՀ առողջապահության նախարարության եւ «Էլայ Լիլի» ամերիկյան դեղագործական կազմակերպության միջեւ:
«Ծրագրի շրջանակներում 2015-2019 թվականների ընթացքում առողջապահության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառված վերոնշյալ տարիքային խմբին անվճար կտրամադրվեն ինսուլինային անալոգներ եւ ինսուլինային գրիչ-ներարկիչներ: Միաժամանակ տեղեկացնեմ, որ 2015թ. ՀՀ առողջապահության նախարարության վերոնշյալ տարիքային խմբին անվճար տրամադրվել են շվեյցարական արտադրության, արյան մեջ գլյուկոզայի որոշման համար նախատեսված սարքերի թեստ-երիզներ: Սույն ծրագրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությունն «Էլայ Լիլի» ամերիկյան դեղագործական կազմակերպության հետ համատեղ Հայաստանում իրականացրել է դիաբետի կառավարման 4 կենտրոնի վերանորոգում եւ կահավորում, ինչպես նաեւ այդ 4 կենտրոններում տեղադրվել են գլիկոլիզացված հեմոգլոբինի չափման անալիզատորներ եւ նրանց համար նախատեսված թեստ-երիզներ: Ծրագրի շրջանակներում տրամադրվող գրիչ-ներարկիչների կարեւոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ դրանցով կարելի է ներարկել ինսուլինի նույնիսկ շատ փոքր չափաբաժին՝ ընդամենը 0.5 միավոր, մինչդեռ սովորական ներարկիչով 1 միավորից քիչ հնարավոր չէ հավաքել:
Փոքր չափաբաժիններ օգտագործելու հնարավորությունը շատ կարեւոր է առաջին հերթին փոքրիկ երեխաների համար: Բացի դրանից, այն թույլ է տալիս խուսափել ինսուլինի կորստից, չի պահանջում պահպանման հատուկ պայմաններ: Այդ գրիչ-ներարկիչների շնորհիվ շաքարախտով հիվանդ երեխաների համար ավելի հեշտ կլինի սովորել, սպորտով զբաղվել, խաղալ ու անել այն ամենը, ինչ ուզում են: Իսկ նրանց ծնողների համար ավելի հեշտ կլինի վերահսկել հիվանդությունն ու դրա բարդությունները»,-պարզաբանում է նախարարության մասնագետը: Նրա ներկայացմամբ, 2015 թվականին ՀՀ առողջապահության նախարարությունը ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» կազմակերպության հետ եւս կնքել է հնգամյա պայմանագիր: Պայմանագրով ձեռք է բերվել եւ ՀՀ-ում հաշվառված երկրորդ տիպի շաքարային դիաբետով տառապող հիվանդներին հատկացվել է «Դիաբետոն ՄՌ» դեղը. «Նշեմ, որ 2015 թվականին հիվանդների դեղով ապահովվածության մակարդակը բարձրացել է, եւ պլանավորվում է 2016 թվականին ապահովվածության մակարդակը հասցնել 100 տոկոսի, քանի որ արտադրող կողմը յուրաքանչյուր տարվա համար պայմանագրով նախատեսված դեղի քանակի 10 տոկոսը հատկացնելու է որպես մարդասիրական օգնություն։ Միաժամանակ տեղեկացնեմ, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ-ում հաշվառված երկրորդ տիպի շաքարային դիաբետով տառապող հիվանդներին հատկացվում են գլիմեպիրիդ եւ մեթֆորմին դեղերը, որոնց ապահովվածության մակարդակը կազմում է 80 տոկոս»:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել է առողջ ապրելակերպի հայեցակարգի նախագիծ, որտեղ մեծ տեղ է հատկացված շաքարային դիաբետի առաջացմանը նպաստող գործոնների կանխմանը` հատկապես ֆիզիկական ակտիվության բարձրացմանը, ավելորդ քաշից ձերբազատմանը եւ առողջ սննդի օգտագործմանը:
Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարությունը ներդրել է սկրինինգային ծրագրեր՝ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով, որի բաղադրիչներից մեկն էլ շաքարային դիաբետի վաղ հայտնաբերումն ու կանխարգելումն է:
Ըստ մասնագետների, շաքարային դիաբետի առաջին ախտանշաններն են բերանի չորությունը, ծարավի զգացումը, հաճախամիզությունը, շուտ հոգնածությունը եւ այլն: Այս ախտանշաններն ունենալու դեպքում անպայման պետք է դիմել պոլիկլինիկա՝ արյան մեջ շաքարի չափն ստուգելու համար:
Շաքարային դիաբետ ձեռք չբերելու համար բժիշկները խորհուրդ են տալիս վարել առողջ ապրելակերպ՝ չօգտագործել շատ ածխաջրածիններ, քաղցրավենիք, գազավորված ըմպելիքներ, նվազեցնել հացի օգտագործումը, փոխարենը նախընտրել թեթեւ սնունդ՝ ծովային մթերք, մրգեր, բանջարեղեն, Ց վիտամին:
Անի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ