Հաճախ նա հայտնվում է խոսակցությունների կիզակետում, ինտրիգները պտտվում են հենց նրա շուրջ: Իր անձնական կյանքի, քաղաքական հայացքների ու գործունեության մասին զրուցեցինք ասմունքող- հանդիսավար Լիանա Զուրաբյանի հետ:
-Ասմունքող և միաժամանակ հանդիսավար եք, միանգամայն տարբեր լսարան եք կառավարում, միմյանց չի՞ խանգարում:
-Ոչ, ընդհակառակը օգնում է, քանի որ, ըստ իս, հանդիսավարը պետք է ունենա խոսքի մեծ բազա, որպեսզի կարողանա իր բարի մաղթանքը, մարդու գովքը, մեծերի խոսքերով ներկայացնի:
-Ինչպե՞ս որոշեցիք կատարել հանդիսավարի աշխատանքը:
- Ինքնաբերաբար եղավ, 2000 թ անցկացրել եմ ամանորյա շոու ծրագրեր, 2006-2007 թթ լուրջ անցել եմ վարելու ընտանեկան ուրախ առիթները: Մարդկանց առաջարկով եմ այդ գործը արել, իրենք են ինձ առաջարկել: Հանդիսավարի աշխատանքը ֆինանսի աղբյուր է ինձ համար:
-Լինելով առաջին մասնագիտությամբ բանասեր` երբևէ աշխատե՞լ եք Ձեր մասնագիտությամբ:
Չարենցի դպրոցում աշխատել եմ, հայոց լեզու և հայ գրականություն եմ դասավանդել: Ես սիրում եմ երեխաների հետ աշխատել, պարզապես ժամանակն էր խնդիրը:
-Կայքերից մեկին տված հարցազրույցում նշել էիք, որ Մարինե Պետրոսյանը Ձեզ չի սիրում, Դուք գիտեք, որ նա Ձեզ չի սիրում, գուցե՞ պատճառն էլ իմանաք:
-Ես այդ թեմայով չեմ սիրում խոսել, ավելի լավ է խոսենք դրական մարդկանցից, ես ոչ ոքի չեմ փնովում, չեմ վատաբանում, պարզապես ցանկալի չի ինձ այդ մասին խոսել:
-Ձեր ամեն քայլը իրարանցում է ստեղծում համացանցում, կան թե դրական, թե բացասական կարծիքներ: Բազմիցս նշել եք, որ բնավորությամբ տաքարյուն եք, ինչպե՞ս եք վերաբերում Ձեր հասցեին հնչած քննադատություններին:
-Ես պոռթկուն բնավորություն ունեմ, դա էլ իմ բնույթն է, փորձում եմ ինձ վրա աշխատել, բայց երբ զգում եմ` մարդը սկսում է վատաբանել, քար նետել, չեմ կարողանում լռել, պահը եղավ` ես ասում եմ: Ես զգույշ չեմ արտահայտվում, ինչն էլ ստեղծում է ինտրիգներ, կարծում եմ` անկեղծ լինելս է այդ ամենի պատճառը:
-Ակտիվ եք համացանցում, բայց և գրառումներ չեք անում այս կամ այն խնդրի, երևույթի մասին, որը մտահոգում է Ձեզ: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Չեմ խցկվում ուրիշի գործերի մեջ, տեսնում եմ սա արդար չի, նա արդար է, բայց չեմ սիրում բզբզել, որովհետև էնքան շատ են ինձ բզբզում` հազիվ զբաղվում եմ իմ հարցերով:
-Օրեր առաջ ներկա էիք «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմնադրամի համագումարին: Անդամագրվե՞լ եք այդ կուսակցությանը:
-Մերը հասարակական կազմակերպություն է` «Երիտասարդակական մշակույթ», ես համագործակցում եմ, որ հասկանամ նրանց ուժը մեր գործին: Ես կուսակցական չեմ:
-Որպես ՀՀ քաղաքացի քաղաքական դաշտի ո՞ր թևի հայացքներն եք կիսում:
-Ես այս հարցում չեզոք գոտում եմ գտնվում, ես արտիստ եմ և չեմ ուզում զբաղվել պոլիտիկայով, ես պատասխանատու մարդ եմ, որ մտա այդ դաշտ, պիտի ինչ որ բան անեմ, հնարավոր է իմ գրական կյանքը տուժի:
-Իսկ ապագայում հնարավո՞ր է թողնեք «թամադայությունը» և դառնաք պատգամավոր կամ քաղաքական ասպարեզում հանդես գաք:
-Ես ոչինչ չեմ բացառում, ինձ բազմիս ասել են հենց ղեկավարները, որ իմ խոսքն ունի ուժ, երբ ես խոսում եմ, մարդիկ լսում են,համենայնդեպս, երբ ես մտա էդ դաշտ` սկսելու եմ աշխատել:
-Ժամանակին ոչ միայն Դուք, այլև Ձեր ընտանիքի անդամները կանգնել էիք Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, անգամ Ազատության հրապարակում ասմունքեցիք:
-Րաֆֆի Հովհաննիսյանը, իր կինը` Արմենուհին ինձ համար հարազատ մարդիկ են դարձել, իմ գրեթե բոլոր գրական երեկոներին իրենք ներկա են լինում: Րաֆֆի Հովհաննիսյանը, ասես, ինձ ավագ եղբայր, իսկ Արմենուհին` քույր, ես այդ պահին ցանկացել եմ նրանց կողքին լինել, ոչ մի քաղաքական բնույթ չի կրել:
-Իսկ նրանց կողմից ֆինանսական հովանավորություն լինո՞ւմ է:
-Նույնիսկ ես կարող եմ չառաջարկել, բայց իրենք օգնություն ցուցաբերեն, մեծ սիրով անում են դա: Րաֆֆին շատ քաղաքակիրթ մարդ է, նույնիսկ ծիծաղում են իր վրա, որ բարևում է, բայց բարևելն ինչ բան է: Մեր ժողովուրդը քաղաքակրթության սովոր չի, դրա համար էլ էս վիճակն է էլի:
-Անդրադառնանք Ձեր մասնակցությամբ «Վեցերորդ զգայարան» հաղորդմանը, եթերում մոգ Գաբրիելը Ձեզ ամուսնության առաջարկություն արեց, բայց Դուք հստակ պատասխան չտվեցիք: Եթերից հետո նրա կողմից ինչ-որ քայլեր եղա՞ն:
-Ես իրեն որպես ամուսին իմ կողքին չտեսա, ճիշտ է, օրիգինալ մարդ է, հետո ինձ վանեց այն հանգամանքը, որ բախտ նայի, և այլն: Այդ պահը հաստատ շոու չէր: Հետո համացանցով փորձեց ինձ նամակով գրել, զանգով սուրճի հրավեր, ես առիթ չտվեցի ու այն ընթացքում հայտնվեց իմ ընտրյալը` Արմենը:
-Ինչի՞ շնորհիվ Ձեր ընտրությունը կանգ առավ հենց նրա վրա:
-Երևի հաճախ իրար տեսնելու, անընդհատ իր կողմից դրական լիցքեր ստանալու, իր դրական, լավ վերաբերմունքը իմ մեջ առաջացրեց զգացմունքներ:
Զրուցեց՝ Աննա Պապիկյանը