Թանգարանների միջազգային օրը եւ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումն այս տարի եւս կանցկացվեն մայիսի 17-ին։ Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրը թանգարանները, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում եւս համախմբվում են մեկ խորագրի շուրջ՝ ներկայանալով համահունչ միջոցառումներով, ցուցահանդեսներով եւ կրթական ծրագրերով՝ ընդգծելով թանգարանների դերը հասարակության ներդաշնակ եւ կայուն զարգացման գործընթացում:
Ծրագրին միացած ՀՀ 100-ից ավելի թանգարաններ՝ որպես մշակութային երկխոսության հարթակներ, բազմաբովանդակ միջոցառումներով իրենց դռները կբացեն հասարակության առաջ՝ մեկ անգամ եւս վերահաստատելով թանգարանների կարեւոր առաքելությունը նորօրյա մարտահրավերների դիմագրավման եւ մշակութային ժառանգության պահպանության ձեւավորման համատեքստում:
Այս տարի մայիսի 17-ին՝ ժամը 11:00-24:00-ն, թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն բոլոր այցելուների համար, իսկ մայիսի 18-ին՝ թանգարանի հիմնական ցուցադրության ժամերին:
Այս տարի Թանգարանների միջազգային օրը կրում է «Թանգարանների ապագան՝ արագ փոփոխվող համայնքներում» խորագիրը՝ ուղենշելով, թե թանգարաններն ինչպես կարող են իրենց նպաստը բերել սոցիալ-տեխնոլոգիական եւ կլիմայական հիմնարար փոփոխությունների ենթարկվող աշխարհին:
Հիշեցնենք, որ «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի եւ հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Եվրախորհրդի հովանավորությամբ: Հայաստանը միացել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը 2005 թվականից: