Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում մի քանի շաբաթ է՝ կրքերը չեն հանդարտվում, նախ՝ աշխատավարձերի թեման էր, հետո՝ տնօրենի։ Թատրոնի անձնակազմը համոզված է, որ քաղաքապետարանում ամեն բան անում են, որ Էմին Թորոսյանը թողնի ՊՀԹ-ի տնօրենի պաշտոնը, քանի որ իրենց կադրն ունեն։ «Այնպիսի պայմաններ են ստեղծում, որ ստիպված հեռանա: Աուդիտ արեցին, 3 ամիս աշխատավարձերը չտալուց հետո, երբ մենք բողոքեցինք, փոխանցեցին, հիմա էլ գրություն են ուղարկել, որ մենք հրավիրատոմսեր տալու իրավունք չունենք: Ասում են՝ մեզ պետք է հարցնեք, նոր հրավիրատոմս տաք»,- նշել էր թատրոնի ռեժիսոր Դավիթ Հարությունյանը:
Երեկ արդեն Էմին Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում արեց՝ հայտնելով, որ իրեն ազատել են տնօրենի պաշտոնից։ «Երեւանի քաղաքապետարանից ստացած որոշումն առ այն, որ այսօրվանից՝ 2025 թվականի մայիսի 13-ից, հիմք ընդունելով մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանի հիմնազուրկ զեկուցագիրը՝ ուղղված Երեւանի քաղաքապետին, աշխատանքային պայմանագրի միակողմանի խզմամբ, դադարեցվում է գործունեությունս Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում: Մեկնաբանություններն ավելորդ եմ համարում: Այս պահին առավել կարեւորում եմ հետեւյալը. թատերական մասնագիտական ու թատերասեր հանրության, գործընկերներիս, իրենց արդարացի բողոքի ձայնը բարձրացրած բոլոր մարդկանց շնորհակալությունս եմ հայտնում՝ աջակցության, զորակցության, գնահատականների, հոգով ամուր մնալու, եռանդը չկորցնելու եւ անկեղծ մաղթանքների համար: Հավատը հույս է ներշնչում, որ կամայականության, հաճկատարության եւ դիլետանտիզմի փոխարեն, մեր վաղվա օրը, այնուամենայնիվ, արդարության, անկողմնակալության, պրոֆեսիոնալիզմի, մարդկային առողջ հարաբերությունների, նվիրվածության եւ նույնքան առողջ տրամաբանության գերակայությամբ է առաջնորդվելու»,- մասնավորապես նշել էր նա իր գրառման մեջ:
Թատրոնի երկարամյա դերասանուհի Անահիտ Ղուկասյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասում է. «Ես չեմ հասկանում՝ այս ի՞նչ սամասուդի են ենթարկում թատրոններին, ո՞վ է սրանց թույլ տվել՝ երկիրն այսպես քանդել` փուլ առ փուլ: Էս ի՞նչ են անում մեր մշակույթի հետ: Թատրոնում հիմա ահավոր վիճակ է, բոլորս շատ վիրավորված ենք, վրդովված ենք: Ո՞վ է այդ Տաթեւը, ո՞ւմ բարեկամն է, ի՞նչ կապ ունի մեր թատրոնի հետ, այդ ՔՊ-ականը… Ամենուր իրենց ՔՊ-ականներին են խցկում, որովհետեւ վախենում են, գիտեն, որ իրենց օրերը հաշված են: Սրանք ինչ եկել են իշխանության, միայն թատրոններ են քանդում: Դրամատիկական թատրոնը քանդեցին, Գուժ Մանուկյանին հեռացրին աշխատանքից, ամեն ինչ արեցին, որ նա հիվանդանա, եւ նա հիվանդացավ: Կարելի՞ էր նման մարդու հետ այդպես վարվել: Լուսինե Կիրակոսյանին էլ աշխատանքից հեռացրին, մի քանի ամիս հետո մահացավ: Այսինքն՝ սրանք իշխանության են եկել թատրոններ այլանդակելու համար: Անգամ այս անամոթների ձեռքը հասավ Մհեր Մկրտչյան թատրոնին: Մարդկանց ստեղծած թատրոնն էլ յուրացրին, գոնե այդ մարդու հիշատակը հարգեին, ո՞նց չեն ամաչում… Սրանց անգրագիտությամբ է այս ամենը պայմանավորված, կյանքում ո՛չ թատրոն են գնացել, ո՛չ էլ գիրք են կարդացել: Սրանք գիտե՞ն, որ աշխարհում չորրորդ թատրոնը եղել է հայկական թատրոնը»:
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀԹԳՄ 20 հոգանոց վարչությունը, որոնց թվում՝ նաեւ թատրոնների ղեկավարներ, թատերագետներ, ճանաչված հանրային դեմքեր, նամակով դիմել են քաղաքապետ Տիգրան Ավինյանին եւ խնդրել հարցը քննել ու ճիշտ, արդար որոշում կայացնել։ «Ես նաեւ չեմ հասկանում, թե քաղաքապետին այդ խորհուրդներն ով է տալիս, որովհետեւ անհասկանալի է տնօրենի ազատման պատճառը։ Ինչ խոսք, հասկանալի է, որ ոչ մի տնօրեն հավերժ չէ, բայց այստեղ հարցը միայն Էմին Թորոսյանը չէ, հարցն այն է, որ ուղղակի անհեթեթ պատճառով մարդուն ասում են՝ քեզ հետ կարճում ենք պայմանագիրը, այն դեպքում, երբ նորմալ աշխատել են, նորմալ բեմադրություններ են արել, կոլեկտիվի հարգանքը վայելում է, ինքը կիրթ անձնավորություն է, իր կենսագրությամբ լրիվ համապատասխանում է տնօրենի պաշտոնին, ունի թե՛ թատերական կրթություն, թե՛ կառավարման ոլորտում կրթություն, աշխատել է նաեւ քաղաքապետարանի համակարգում։ Այսինքն, լրիվ կոմպետենտ անձնավորություն, ինչպե՞ս կարելի է ինչ-որ անհեթեթ պատճառով ասել՝ քեզ հետ կարճում ենք պայմանագիրը»,-նշում է Ղազանչյանը։
Այդուհանդերձ, ո՞րն է Էմին Թորոսյանին ազատելու պատճառը։ «Ես անկեղծ եմ ասում՝ չեմ հասկանում, թե որն է խնդիրը։ Այստեղ մի պատճառ կարող է լինել․ ինչ-որ մեկը, որը հնարավորություն ունի եւ ինչ-որ խողովակներ, ուզում է դառնալ այդ թատրոնի ղեկավար․․․»: Խոսքը դերասանուհի, ավագանու ՔՊ անդամ Տաթեւ Հովակիմյանի մասի՞ն է, քանի որ միայն նրա անունն է շրջանառվում մամուլում՝ որպես տնօրենի նոր թեկնածուի։
«Տաթեւի տարբերակը կարծես թե չեղարկվում է, այնտեղ ուրիշ անուններ են հնչում, հիմա չեմ ուզում ասել․․․, բայց բոլոր այդ անունները, որ ես լսեցի… ուղղակի անհեթեթություն է եւ աբսուրդ։ Ես ուղղակի չեմ հասկանում` ինչ է տեղի ունենում․․․։ Վերջին հաշվով, այդ կոլեկտիվում թե՛ ժողովրդական, թե՛ վաստակավոր արտիստներ կան, հայտնի հանրային դեմքեր կան, որոնց ժողովուրդը ճանաչում է, կարելի էր մի 3-4 հոգու հրավիրել եւ պարզապես իրենց կարծիքն իմանալ, այդքան բան։ Այս առումով ես շատ զարմացած ու անհանգստացած եմ, որովհետեւ ինչպե՞ս կարող է լինել նման ինքնակամ որոշում, երբ ոչ մի կարծիք հաշվի չի առնվել․․․, ես չեմ հասկանում, թե ինչն է խնդիրը։ Էմինն արժանի մարդ է, եւ ճիշտ լուծումն այն կլինի, որ չեղարկվի քաղաքապետի որոշումը, եւ Էմինը շարունակի աշխատել, ու փորձենք ընդհանուր առմամբ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, ինչ ցանկություններ ունեն այդ թատրոնի նկատմամբ, որ ուզում են իրականացնել․․․»։
Հնարավո՞ր է, որ տնօրենի փոփոխության որոշման հետեւում նաեւ թատրոնը միավորելու, այլ կերպ ասած՝ լուծարելու նպատակ լինի, ինչպես դա 2 տարի առաջ արվեց «Գոյ» թատրոնի դեպքում, հատկապես որ դեռ այն ժամանակ էին նման լուրեր շրջանառվում, որ հաջորդը լինելու է Պատանի հանդիսատեսի թատրոնը։ «Ես չգիտեմ․․․, ինչ թատրոն էլ ուզում են միավորել, բայց ֆունդամենտալ թատրոններին հարկավոր է չդիպչել, հատկապես այն թատրոններին, որոնք տեսակ են ու մի հատ են, եւ երկրորդը չկա․․․, այո, ես էլ եմ ժամանակին լսել, որ առաջարկում էին մանկական թատրոնները միացնել իրար․․․ բայց Պատանի հանդիսատեսի թատրոնը մանկական թատրոն չէ` պատանեկան թատրոն է, եւ անգամ 1-2-րդ կուրսերի ուսանողներին էլ մենք ասում ենք` պատանիներ, այս թատրոնը լրիվ ուրիշ թատրոն է, այլ նպատակներ ունի, ուրիշ խնդիրներ է լուծում, եւ երբեք չի կարելի միավորել որեւէ մանկական թատրոնի հետ, դա աբսուրդ է։ Եվ, վերջին հաշվով՝ միավորել ինչի՞ համար, ի՞նչ ենք շահում դրանից․․․ մի երկու` հաշվապահի ու մի փոխտնօրենի հաստի՞ք, չնայած, եթե միավորվի, փոխտնօրենները կշատանան, չեն պակասի, բայց ամենակարեւորը` ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ ենք շահելու դրանից»։
ՀԹԳՄ նախագահը հույս է հայտնում, որ քաղաքապետին կփոխանցեն իրենց նամակը, որովհետեւ «մեկ-մեկ օգնականները մակագրում են, ու էլի գնում է այն մարդու մոտ, որի մոտ ես չէի ուզենա, որ գնար․․․»։ Հակոբ Ղազանչյանը եզրափակում է. «Մի խոսքով, տեսնենք, թե ինչպես կզարգանա այս ընթացքը, ամեն դեպքում ես կարծում եմ, որ պետք է մարդկանց կարծիքը լսել, եւ նրանց ձայնը միայն ընտրությունների համար չէ, նրանց ձայնը նաեւ մեր ընդհանուր մշակութային, հանրային, ամենօրյա աշխատանքի համար էլ է պետք, որի հետ պիտի հաշվի նստել, իսկ այդ թատրոնում պատահական դեմքեր չկան»: «Գոնե մեկ անգամ այդ մարդկանց ձայնը լսեք»,- հորդորում է Ղազանչյանը։