Մշակույթ

Ոչ միայն տեսուչը, այլեւ կաթողիկոսն ու վարչապետը չպետք է ընդհատեն դասը

Ոչ միայն տեսուչը, այլեւ կաթողիկոսն ու վարչապետը չպետք է ընդհատեն դասը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկել է «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Համաձայն նախագծի, «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքը կարգավորելու է Հայաստանի Հանրապետության հանրակրթության՝ նախադպրոցական, տարրական, հիմնական եւ միջնակարգ կրթության, մասնագիտական կրթության, արտադպրոցական եւ բարձրագույն կրթության ոլորտներում օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ տեսչական վերահսկողության կազմակերպման եւ իրականացման հիմքերը, առանձնահատկությունները, տեսչական վերահսկողության հետ կապված այլ հարաբերությունները:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը, ԱԺ-ում անդրադառնալով օրենքի նախագծին, նշել է, որ ներկայիս օրենքի միակ գործիքակազմը ստուգումներն են, որոնք այլեւս չեն համապատասխանում այս բնագավառում վերահսկողության տրամաբանությանը եւ դրա արդյունավետ իրականացմանը։

Ըստ այդմ, կրթության բնագավառի տեսչական վերահսկողությունն այսուհետ իրականացվելու է ստուգման, տեսչավորման, դիտարկման եւ օրենքով սահմանված այլ ձեւերի միջոցով: Քննարկման ընթացքում պատգամավորները եւ զեկուցողը հատկապես կարեւորել են առանց նախապես ծանուցման ստուգումների անցկացումն ուսումնական հաստատություններում, ինչն ամրագրված է նախագծում:  

Օրենսդրական փաթեթը ստացել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։ Տեսչական մարմինն այսօր չունի՞ բավարար մեխանիզմներ՝ իրականացնելու իր գործունեությունը, եւ արդյո՞ք կարիք կար՝ փոփոխություն իրականացնելու օրենսդրական մակարդակով։ «Այսօրվա դրությամբ, տեսուչը պետք է ծանուցում ուղարկի դպրոց՝ տեղեկացնելով, որ գալու է իրենց մոտ։ Այդ պարագայում դպրոցը, իմանալով, որ տեսչությունից գալու են, ամեն ինչ բերում է, այսպես ասած, «մարտական պատրաստվածության» վիճակի։ Բոլորը՝ ուսուցիչներ, աշակերտներ, պարտաճանաչ գալիս են, պատրաստվում են, եւ իրականում տեսչությունը չի ստանում իրական պատկերը»,- ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ու նշում, որ դրա համար էլ օրենսդրական փոփոխություն են իրականացնում, որ եթե ինչ-որ բողոք է գնում դպրոցից, տեսչությունը հնարավորություն ունենա առանց զգուշացման, անակնկալ մտնել դպրոց եւ տեսնել իրական պատկերը։

«Այս մասով ես հասկանում եմ մտահոգությունը, որովհետեւ, ցավոք, այսօր ունենք ե՛ւ հաճախումների խնդիր, ե՛ւ ընդհանուր բարձիթողի վիճակ շատ դպրոցներում, բայց չեմ կարծում, որ այս լուծումներն արդյունավետ են։ Ինձ հատկապես զարմացրեց դասալսման պահը, երբ ասում է՝ քանի որ ուսուցիչը դասի ժամին հարցնում է գերազանցիկներին եւ փորձում է տպավորություն ստեղծել, որ տեսեք՝ ինչ լավ գիտեն իմ աշակերտները, տեսուչը կամ դասալսողը, որպեսզի ամբողջական պատկեր ստանա, կարող է միջամտել ու ասել՝ վերջին դասասեղանի մոտ նստած տղային դասը հարցրեք․․․։ Սա ինձ համար բացարձակ անընդունելի է, որովհետեւ անգամ կաթողիկոսն ու երկրի վարչապետն իրավունք չպետք է ունենան ուսուցչին դասի ժամանակ ընդհատել, դա անքաղաքավարություն է»,- ասում է Ս․ Խաչատրյանն ու զուգահեռ տանում բեմում ընթացող ներկայացման հետ։

«Պատկերացրեք՝ դերասանը բեմի վրա խաղում է, ու դուք ընդհատում եք ներկայացումը եւ ասում՝ մի րոպե ընդհատենք, պատասխանեք այս հարցին․․․։ Դասն էլ արվեստի պես մի բան է, ինչպես թատրոնի դեպքում չի կարելի միջամտել, ընդհատել, այնպես էլ դասը։ Կրկնում եմ՝ ոչ միայն տեսուչը, այլեւ կաթողիկոսն ու վարչապետը չպետք է ընդհատեն դասը։ Այո, եթե տեսնում եք, որ ուսուցիչը միայն գերազանցիկներին է հարցնում, կամ դասը բեմականացված է, կարող եք դրա մասին հետո ուսուցչին ասել, ձեր զեկույցում դա ֆիքսել, որ, օրինակ, ուսուցիչն անընդհատ նույն աշակերտներին էր դիմում, իսկ աշակերտների մեծ մասն այդպես էլ չխոսեց։ Կարող եք ձեր վերլուծության մեջ դա ուսուցչին ասել, որ ձեր դասը վատն էր, որովհետեւ վերջում նստած երեխաներին ոչ մի ձեւով չներգրավեցիք։ Իսկ այս պարագայում դա տգեղ է դիտվում բոլոր կողմերից, երբ ինչ-որ մեկը գա, ուսուցչին ընդհատի ու ասի՝ այս տղային կամ աղջկան հարցրեք։ Ես չեմ հասկանում՝ ո՞նց են եկել այդ եզրահանգմանը, որ դա թույլատրելի բան է, քանի որ ինձ համար սա էթիկետի խախտում է։ Ուսուցիչն իրավունք ունի՝ ինքը տնօրինել իր դասը եւ եթե ինքն ինչ-որ սխալ բաներ է անում, դրա համար կա ընթացակարգ, բայց ո՛չ այս ձեւով։ Մի քանի տարի առաջ, երբ Գերմանիայում էինք, մի դպրոց գնացինք, որտեղ մեզ ասացին, որ այս դասարանի դուռը դասի ժամանակ բացվում է միայն ներսից, ու եթե անգամ տնօրենը կամ որեւէ մեկն ուզենա դուռը բացել, չի կարելի, որովհետեւ այդ դեպքում աշակերտների ուշադրությունը շեղվում է։ Այսինքն՝ նույնիսկ արգելվում է դուռը դրսից բացել եւ խանգարել, էլ ուր մնաց՝ դասն ընդհատեն ու ասեն՝ ընկեր Պողոսյան, մի հատ դասն ընդհատեք ու այս երեխային սա հարցրեք»,- ասում է փորձագետն ու նկատում, որ առաջարկվող լուծումը ե՛ւ էթիկայի խախտում է, ե՛ւ ակադեմիական ազատության սահմանափակում։       

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image