Օրերս «Հրապարակ»-ը հարցազրույց էր արել կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա իրականացնող մի քաղաքացու՝ Արսեն Ավետիսյանի հետ, որն ասել էր, թե ինքն է վերջերս աղմուկ հանած «իշխանազավթման» ծրագրի մասին իրավապահներին հաղորդում ներկայացրել։ Խոսքը Ռուսաստանում զորավարժությունների մեկնած մի խումբ մարդկանց մասին է, որոնք, ըստ ԱԱԾ մեղադրանքի, պետք է հետո վերադառնային Հայաստան եւ իշխանափոխություն անեին։ Այս գործի շրջանակներում են կալանավորված «Սեւ հովազ» ՌՀ կազմակերպության ղեկավար Սերոբ Գասպարյանը եւ 3 այլ անձ, եւս 4 հոգի հետախուզման մեջ են։
Արսեն Ավետիսյանը մեզ տված հարցազրույցում ասել էր, թե ինքը խնդրել է, որ իր անվտանգությունն ապահովեն, քանի որ վստահ է, որ իրեն սպանելու են՝ այդ ցուցմունքը հայտնելու համար։ Ավետիսյանը պատմեց, որ իրավապահներին ինքն է հաղորդել ենթադրյալ ռազմական հեղաշրջման փորձի մասին։ Հարցազրույցի ընթացքում Արսեն Ավետիսյանը ոչ ադեկվատ էր իրեն պահում, ուստի փորձեցինք պարզել՝ արդյո՞ք նրա ցուցմունքը դրվել է քրեական վարույթի հիմքում, եւ գործը հարուցվել է այս անձի հաղորդած կասկածելի տեղեկությունների հիման վրա։ Նա պատմում էր, որ իրեն ընդունել է ԱԱԾ փոխտնօրենը։
Իրավապահ համակարգի մեր աղբյուրն ասաց, որ Քննչական կոմիտեում լսել են Ավետիսյանին ու ներգրավել նրան որպես գործով վկա։ «Հրապարակ»-ի այս տեղեկությունը Քննչական կոմիտեից չհերքեցին, բայցեւ չհաստատեցին՝ նշելով, որ վկայի վերաբերյալ տվյալներ չեն կարող հայտնել։ Քննչականի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը միաժամանակ հայտնեց, որ Արսեն Ավետիսյանին պաշտպանության միջոց կիրառելու վերաբերյալ համապատասխան առաջարկություն արվել է, սակայն նա հրաժարվել է օրենքով սահմանված պաշտպանության միջոցներից։ «Նա ներկայացրել է օրենքից դուրս միջոցներ ձեռնարկելու պահանջներ, որոնք, բնականաբար, մերժվել են»,- ասաց Աբրահամյանը՝ չմանրամասնելով, թե ինչ է պահանջել Ավետիսյանը։
Զավեշտալին այն է, որ մենք պարզեցինք՝ նույն Արսեն Ավետիսյանը բազմիցս հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում՝ առերեւույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով։ ՀՀ ՆԳՆ-ից մեր հարցին ի պատասխան ասացին, որ Արսեն Ավետիսյանը հոկտեմբերի 2-ին խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել եւ ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտե, որտեղից էլ ազատ է արձակվել։
«Երկու անձ է ներկայացվել ոստիկանության կողմից Կոմիտե, քրեական վարույթ է նախաձեռնվել՝ խուլիգանության հատկանիշներով, ապա այդ անձինք էլ արգելանքից ազատ են արձակվել, վարույթով քրեական հետապնդում հարուցված չէ»,- այդ ձերբակալության մասին ասաց Գոռ Աբրահամյանը։
Մեզ, իհարկե, դժվար էր պարզել՝ ձերբակալությունից հետո՞ է Արսեն Ավետիսյանը ցուցմունք տվել Քննչական կոմիտեում ու դարձել աղմկահարույց գործով վկա, թե՞ դրանից առաջ, սակայն փաստն այն է, որ առերեւույթ ոչ ադեկվատ վարքագիծ դրսեւորող, խուլիգանության մեջ կասկածվող անձի ցուցմունքի հիման վրա պետական հեղաշրջման գործ է հարուցվել, մարդիկ են կալանավորվել, հետախուզում է հայտարարվել քաղաքացիների նկատմամբ՝ ենթադրյալ հեղաշրջում անելու փորձի համար։
Սույն գործով կալանավորված «Սեւ հովազ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ Սերոբ Գասպարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ Գասպարյանի գործով որպես վկա Ավետիսյանը չի անցնում, սակայն չբացառեց, որ կարող է վկայի կարգավիճակ ունենալ մյուս մեղադրյալների գործերում։ Ալեքսանյանը շեշտում է՝ այդ մարդու ասածներն արժանահավատ չեն թվում։
«Ինքներդ նկատեցիք հայտարարություն անողի վարքագիծը, ինչը որոշակի առումով կասկածներ է առաջացնում՝ արված հայտարարության արժանահավատության հետ կապված։ Սերոբ Գասպարյանի վերաբերյալ ոչ մի վարույթի շրջանակներում վկա չի հայտնել տեղեկություն այն մասին, որ Սերոբ Գասպարյանն ասել է, թե այստեղ գալու նպատակը հետագայում Հայաստանի իշխանությունը յուրացնելն է»,- ասաց պաշտպանը։