«Հրապարակի» զրուցակիցն ուկրաինացի քաղաքագետ Եվգենի Մագդան է:
- Ուկրաինան առավել, քան երբեւէ, մոտ է խաղաղությանը: Զելենսկու վերջին հայտարարությունը կարելի է աննախադեպ եւ չափազանց ուրախացնող համարել: Ուկրաինայում լավատեսության հիմքեր կա՞ն:
- Ես հասկանում եմ, որ նախագահի տեղեկացվածության մակարդակն իմից բարձր է, բայց դեռ լավատեսության հիմքեր չեմ տեսնում։ Ռուսաստանը շարունակում է առաջխաղացումը Դոնբասում, ուկրաինական զորքերը գտնվում են Կուրսկի մարզում: Դժվար թե Թրամփի ակտիվության այս դրսեւորումները հանգուցալուծեն աշխարհի ամենամեծ պատերազմը, որը ռուս-ուկրաինական առճակատումն է:
- Ավելի վաղ Պուտինն Ուկրաինայի առաջնորդին լեգիտիմ չհամարելով՝ ասել էր, որ Մոսկվան խաղաղության շուրջ կբանակցի Կիեւի ցանկացած այլ ներկայացուցչի հետ: «Պուտինը վախենում է ուժեղ առաջնորդներից»՝ հակադարձել էր Զելենսկին: Կհաղթահարե՞ն կողմերը, այսպես ասած, «личный неприязнь»-ը:
- Խոսքը Ձեր մատնանշած «личный неприязнь»-ի՝ անձնական հակակրանքի մասին չէ: Խնդիրն այն է, որ Պուտինը մեղքը հիվանդներից տեղափոխում է առողջների վրա: Նրա վերընտրվելը Ռուսաստանի նախագահի պաշտոնում՝ 2024 թվականի մարտին, տեղի ունեցավ Ուկրաինայի օկուպացված տարածքներում՝ միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ։ Հետո համաշխարհային հանրությունը սրբեց դեմքը։ Ես չեմ տեսնում իրավիճակ, որ Զելենսկին եւ Պուտինը հայտնվեն բանակցությունների սեղանի շուրջ:
- Սպիտակ տուն 2-րդ անգամ «տիրոջ իրավունքով մտած» Թրամփն օրերս հայտարարեց, թե իր վարչակազմը լուրջ քննարկումներ է ունեցել ռուսական կողմի հետ՝ կապված Ուկրաինայում պատերազմի ավարտի հետ: Զելենսկու արձագանքը հետեւյալն էր՝ առանց Կիեւի մասնակցության կամ շահերը հաշվի առնելու ցանկացած բանակցություն վտանգավոր է բոլորի համար:
- Մի կողմից, Թրամփն առաջնորդվում է բիզնեսի տրամաբանությամբ, իսկ մյուս կողմից՝ նրա վարչակազմը ցանկանում է լինել «կռվի վերեւում»՝ որպես համաշխարհային հեգեմոն: Սա, ընդհանուր առմամբ, համապատասխանում է Ռուսաստանի շահերին, որին, Ուկրաինայի հետ կապված, ավելի շատ ձեռնտու է Մյունխեն-1938-ը, որը ենթադրում է մի երկրի մասնատում, որը համարձակվել է ավելի շատ դիմադրել, քան Յալթա-1945-ը: Ցավոք, Վաշինգտոնում դա չեն հասկանում։ Ուկրաինայի շուրջ բանակցել առանց Ուկրաինայի՝ նշանակում է խաղալ Պուտինի կանոններով: Եվ մեր խնդիրն է՝ դա փոխանցել Դոնալդ Թրամփին եւ նրա շրջապատին։
- Թրամփը հենց դա էր ակնարկում ժամեր առաջ. նրա խոսքով՝ իր վարչակազմը լուրջ հանդիպումներ եւ բանակցություններ է ծրագրում թե՛ Կիեւի, թե՛ Մոսկվայի հետ: Ուրեմն, Զելենսկու մեսիջը տե՞ղ հասավ:
- Գիտեք, նախընտրական քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը խոստացել էր՝ իր ընտրվելուց հետո 24 ժամվա ընթացքում Պուտինին եւ Զելենսկուն նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ։ Սա տեղի չունեցավ։ ԱՄՆ-ն կփորձի վերջ տալ ռուս-ուկրաինական պատերազմին, բայց ես ռիսկ չեմ անի կանխատեսել, թե որքան արագ դա տեղի կունենա։
- Թրամփի վարչակազմում Ուկրաինայի իշխանություններին խորհուրդ են տվել․ այս տարի՝ պատերազմի խաղաղ հանգուցալուծումից հետո, ձեռնամուխ լինել նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Եթե նոր ընտրություններ լինեն, Զելենսկին վերընտրվելու շանս ունի՞:
- Ընտրությունների անցկացման հարցում Միացյալ Նահանգները ելնում է սեփական փորձից։ 1944 թվականի նախագահական քարոզարշավը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցավ ԱՄՆ-ում, որտեղ ոչ մի սանտիմետր տարածք գրավված չէր։ Ուկրաինան կորցրել է իր տարածքի մոտ 20%-ը, իսկ մեր միլիոնավոր քաղաքացիներ դարձել են փախստական։ Որքանո՞վ ժողովրդավարական կլինեն նման ընտրությունները։ Նախագահական ընտրությունների արդյունքները մեծապես կախված են լինելու անցկացման հանգամանքներից: Կառաջադրվի՞ Զելենսկին: Ակնհայտ է՝ այո։ Կհաղթի՞։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ։