Քաղաքականություն

«Հրապարակ». Անգամ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերին» իրավապահները չմեղադրեցին տեռորի մեջ

«Հրապարակ». Անգամ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերին» իրավապահները չմեղադրեցին տեռորի մեջ

Երկու օր է՝ ՔՊ-ականներն աղաղակում են, թե Հայաստանում կանխվել է նոր հոկտեմբերի 27: Կառավարության նիստի ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը դերասանական խաղով հայտարարեց՝ կանխվել է ահաբեկչության փորձ, եւ ասաց, որ պատրաստվում է պարգեւատրել «օպերացիան» իրականացրած իրավապահներին: Հիշեցինք, որ 2020 թ․ ամռանը նույնքան եռանդով Սարդարապատում մեդալներ էր տալիս Տավուշի օպերացիայի մասնակիցներին, որոնք երկրի սահմանն էին պաշտպանել՝ այն ժամանակ դեռ «հայրենասեր» էր: Ինչեւէ, ձերբակալվել է 16 անձ, 15-ի նկատմամբ դատարանը կալանք է սահմանել` 2 ամսով. Բագրատ սրբազանի, Տիգրան Գալստյանի, Արման Իսրայելյանի, Իգոր Սարգսյանի, Կարո Օկումուշյանի, Արսեն Ղազարյանի, Արա Ռոստոմյանի, Աղվան Արշակյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Դավիթ Գալստյանի,  Հրայր Հակոբյանի, Արմեն Ալեքսանյանի, Մովսես Շարբաթյանի, Միհրան Մախսուդյանի: 

Այսօր Բագրատ սրբազանին ահաբեկչության մեջ մեղադրող Փաշինյանը, մինչդեռ, 2016-ին ողջունում էր «Սասնա ծռերի»` ՊՊԾ գունդը գրավելը, որի ժամանակ ոստիկաններ էին զոհվել, մարդկանց էին պատանդ վերցրել: Փաշինյանն ասում էր. «Գիտեք, եթե մենք էս իրավիճակին պետք է գնահատական տանք Քրեական օրենսգրքի որեւէ հոդված բացելով եւ ցիտելով, սա նշանակում է, որ մենք իրավիճակը ճիշտ չենք գնահատում եւ ճիշտ չենք հասկանում տեղի ունեցողի դրդապատճառները: Ինձ համար անընդունելի է «Սասնա ծռերին» ուղղակի ահաբեկիչ որակելը, սա նշանակում է չիմանալ, շփում չունենալ Հայաստանի ժողովրդի հետ...»: 

Սերժ Սարգսյանի դեմ 10 տարիների ընթացքում մի քանի մահափորձ է տեղի ունեցել: Մեկը 2009 թվականին կարճվել է, այդ գործով մեղադրանք էր առաջադրվել Էդուարդ Մադաթյանին (Խուճուճ Էդո), որը 4 տարի հետախուզման մեջ էր: Մադաթյանին եւ մի խումբ մարդկանց մեղադրում էին բարձրաստիճան պետական այրերի, այդ թվում՝ Ռ. Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Դավիթ Հարությունյանի եւ ուրիշների դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: Իսկ 2015 թվականին իրավապահները Նորք-Մարաշում բացահայտեցին մի խմբի, որոնք մեծաթիվ զենք-զինամթերք էին կուտակել՝ Սերժ Սարգսյանին վերացնելու` նրա ինքնաթիռը պայթեցնելու, պետական մարմինների՝ նախագահի նստավայրի, ԱԺ-ի ու Հանրային հեռուստաընկերության վրա հարձակվելու պլաններ էին մշակել, որին պետք է ներգրավված լիներ մոտ 20 անձ: Խմբի աջակիցների թվում էր նաեւ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Այսօր Բագրատ սրբազանի եւ նրա աջակիցների դեմ աղմուկը շատ է, բայց ապացույցներ չկան, իսկ Նորք-Մարաշի առանձնատնից մի արսենալ զենք էր հանել ԱԱԾ-ն: Նկատենք նաեւ, որ Սերժ Սարգսյանի իշխանության մերժումը 2018-ին չի ծնվել, այլ շատ ավելի վաղ է առաջացել: Այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանի դեմ մերժումը 2025-ին չի առաջացել, այլ՝ 2020-ից սկսած: «Հրապարակը» զրուցել է Ազգային ժողովրդավարական բեւեռի խորհրդի անդամ Արա Պապյանի հետ: 

- Նիկոլ Փաշինյանը մեղադրում է Բագրատ սրբազանին եւ նրա աջակիցներին` իր դեմ տեռոր նախապատրաստելու համար, իսկ 2016-ին, երբ «Սասնա ծռերը» գրավել էին ՊՊԾ գունդը, նույն Փաշինյանը հայտարարում էր, որ «Սասնա ծռերին» ահաբեկիչ որակելը նշանակում է չիմանալ հայ ժողովրդին, չշփվել նրա հետ: Այժմ չի՞ ճանաչում, չի՞ շփվում ժողովրդի հետ:

- Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ չէ, որ հակասում է իրեն, այն էլ՝ տրամագծորեն հակառակ: Ի դեպ, ուզում եմ մի շատ կարեւոր բան ընդգծել. «Սասնա ծռերին» որեւէ մեկը չէր մեղադրում ահաբեկչության մեջ, մեղադրանքը եղել է շենք-շինություններ գրավելու, սպանություն կատարելու համար: Մի կողմ եմ թողնում, թե որքանով է այդ ամենն ապացուցված, ուզում եմ շեշտել, որ անգամ ՊՊԾ գունդը գրավելու պարագայում տեղի ունեցածն իրավացիորեն չորակվեց ահաբեկչություն, տեռոր: Այժմ ինչ-որ զենքեր են գտել, որոնք օրինական են, ունեն թույլտվություն, ի՞նչ ահաբեկչության մասին կարող է խոսք լինել, ասեմ ավելին՝ եթե այդ զենքերը լինեին անօրինական, այդ ամենը չէր կարող դիտարկվել ահաբեկչություն: Ահաբեկչությունը հստակ գործողություն է, որը միտված է ահաբեկելուն: Բագրատ սրբազանը որեւէ մեկին չի ահաբեկել: Այստեղ խնդիրը կարող էր լինել բացառապես անօրինական զենքը, սակայն պարզվեց՝ զենքերն օրինական են: Ինչ վերաբերում է այդ թղթի կտորներին, որոնք իբրեւ իշխանությունը զավթելու պլան են որակում, կամ այդ ձայնագրությունները, որոնք նախաքննության նյութեր են համարվում, եւ իրավունք չունեին հրապարակելու, ինչո՞ւ են հրապարակում, նման բան անելը հստակ արգելում է օրենքը: Չի կարելի օրենքի խախտումով փաստեր հավաքել: Այդ ձայնագրությունները լուրջ կասկածի առիթ են տալիս, արդյո՞ք դրանք իրական են: Ի դեպ, եթե անգամ դրանք իրական են, ոչ մի առանձնապես հանցակազմ չկա այդտեղ, բայց անգամ չի եղել փորձաքննություն, չկա հիմնավորում: Իշխանությունները բազմապիսի հայտարարություններ են անում, տալիս են գնահատականներ, ինչի արդյունքում կալանավորվեցին մի շարք անձինք: Այս ամենն իրավապահ համակարգի հստակ ուղղորդում է, արդարադատության ոտնահարում, ինչն ինձ համար չի կարող լինել ընդունելի: Ամենալավ գինուց ստացվում է սարսափելի վատ քացախ` այս ասացվածքը Նիկոլ Փաշինյանի մասին է: Այդ մարդը ժողովրդավարության կարգախոսներով եկավ իշխանության եւ դարձավ այն, ինչ տեսնում ենք: Ի դեպ, նա ընտրություններով չի եկել իշխանության: Իշխանավորները հաճախ են պնդում, որ հանրությունն իրենց ընտրել է, բայց Փաշինյանն իշխանության է եկել փողոցի ճնշմամբ: 2018-ի մայիսին հանրային ճնշման արդյունքում վերցրեց իշխանությունը եւ վեց ամիս անց՝ դեկտեմբերին, ձեւակերպեց իր՝ իշխանություն լինելը: Նա իր հայտարարություններով եւ գործողություններով կողմնակից է եղել, որ հանուն ժողովրդի շահերի՝ ցանկացած միջոց ընդունելի է: Ուզում եմ հատուկ շեշտել, որ զինված ապստամբության իրավունքն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նախաբանում, որը գործող օրենսդրության մաս է, միջազգային իրավունքը գերակա նշանակություն ունի մեր օրենսգրքում: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում հստակ գրված է, որ իշխանությունը չպետք է այնպես կառավարի երկիրը, որ ժողովուրդն իշխանությունից ազատվելու միակ ձեւը տեսնի զինյալ ապստամբության մեջ: Հասկանո՞ւմ եք՝ ինչ է սա նշանակում, այսինքն՝ երբ իշխանության դեմ ապստամբություն է տեղի ունենում, այդտեղ նույնպես իշխանությունն է մեղավոր: Թեպետ, կրկնում եմ՝ Բագրատ սրբազանը նման քայլ չի արել: Ձեզ թվում է՝ ինչո՞ւ են ԱՄՆ-ում քաղաքացիներին զենք ունենալու իրավունք տվել, հո չե՞ն տվել, որ մարդիկ արտաքին աշխարհից ԱՄՆ-ն պաշտպանեն, հստակ է, որ մարդիկ զենք ունենալու իրավունք են ստացել նրա համար, որ եթե իշխանությունը զավթեն, մարդիկ կարողանան իրենց իրավունքները վերականգնել: Ադոլֆ Հիտլերն էլ իշխանության եկավ ընտրություններով, սակայն հետո դարձավ վայրագ, բռնարար, նույնը բոլշեւիկների մասին կարող ենք ասել: Ցավալի է, բայց պետք է արձանագրենք, որ Հայաստանը մոտենում է 37 թվականին: Քաղաքական հաշվեհարդարը փաթեթավորում են զանազան քրեական հանցագործություններով: Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի այս քայլերը նախընտրական պայքարի տրամաբանության մեջ են: Նա չեզոքացնում է բոլոր նրանց, ովքեր ունեն ռեսուրսներ: Նա տեսնում է, որ բոլոր հարցումներով իր վիճակը վատ է, եւ որոշել է կալանավորել տարբեր պոտենցիալ ունեցող մարդկանց, գնում է գյուղեր, գյուղացիներին խաբում է, խոստումներ է տալիս: Նա անգամ ադմինիստրատիվ ռեսուրսով չի կարող իշխանություն պահել, այս ամենը ցույց են տալիս բոլոր բաց եւ փակ հարցումները: Չնայած ես եւ իմ քաղաքական ուժը չենք կիսում Սամվել Կարապետյանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը, սակայն կարծում ենք, որ չէր կարելի նրա դեմ գործ հարուցել եւ տանել կալանքի, դա ակնհայտ քաղաքական հետապնդում է:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image