Շարունակենք ներկայացնել հետհեղափոխական Հայաստանի մարզպետներին, փոխմարզպետներին, օգնականներին, խորհրդականներին, նրանց անցած ուղին, գործունեությունը, թե ինչով են աչքի ընկել իրենց պաշտոնավարման ընթացքում:
Անդրադառնանք Տավուշի մարզին: Մարզպետ Հայկ Ղալումյանին ներկայացնելու կարիք չկա, ինչպես հարսանիքն առանց քավոր չի լինում, այնպես էլ Փաշինյանն իր հարազատ Իջեւանն առանց քավոր չի պատկերացնում: Հայկ Ղալումյանը Փաշինյանի մանկության ընկերն է, եւ անգամ այն, որ հասկացան` նա չի կարող ընտրություններում երբեւէ հաղթել, չխանգարեց, որ մի պաշտոն նրան չտան, եւ տվեցին Տավուշի մարզպետի նշանակովի պաշտոնը:
Մարզպետն ունի 2 տեղակալ, 1 խորհրդական, եւս 2 խորհրդականի հաստիք թափուր է, եւ 2 օգնական: Քավորի գլխավորությամբ՝ բոլորն Իջեւան քաղաքից են, թեեւ Տավուշի մարզը միայն Իջեւանը չէ, եւ հիմնականում Հայաստանի տարբեր բանկերում տարբեր պաշտոններ են զբաղեցրել: Հենց մարզպետ Ղալումյանը երկար տարիներ եղել է Խաչատուր Սուքիասյանի Հայէկոնոմբանկի «Իջեւան» մասնաճյուղի կառավարիչը: Մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը թերեւս ամենաքիչ աչքի ընկնող փոխմարզպետներից է, նա 2005-2006 թթ. աշխատել է Իջեւանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, առողջապահության եւ սպորտի բաժնում, որպես մասնագետ, իսկ այնուհետեւ, երկար տարիներ՝ ՖԻՆՔԱ վարկային կազմակերպությունում, որը եւս բանկին նման կառույց է:
Տավուշի մարզպետի մյուս տեղակալ Արթուր Հովակիմյանը պաշտոնին նշանակվել է 2020 թվականին: Եղել է Իջեւանի կայազորի զինվորական ոստիկանության բաժնի պետը, այնուհետեւ՝ ՊՆ ՌՈ Իջեւանի բաժնի պետը: 2012-2016 թթ․ ՀՀ ԶՈՒ Իջեւանի զինվորական կոմիսարն է եղել: Երկարամյա զինվորականը, ինչպես տավուշցիներն են ասում, հիմա էլ իր համար «ապաստան» է գտել մարզպետարանում: Տավուշի մարզպետի խորհրդական Սերգեյ Խալաթյանը 2022-2024 թթ․ մարզպետի տեղակալի օգնական է եղել, այնուհետեւ նշանակվել է մարզպետի խորհրդական: Տավուշի մարզպետի օգնական Յուրա Բազինյանը 2008-2015 թթ. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-իջեւանի մասնաճյուղում ոսկերիչ-փորձագետ է աշխատել: Բազինյանը նույնպես Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերն է, այդ իսկ պատճառով ոսկերչից մարզպետի օգնական է դարձել:
Մարզպետի մյուս օգնականն Արտակ Աթաբեկյանն է, որն աշխատել է «Սովրանո» ՍՊԸ-ում` Արման Սահակյանի մոտ, որպես վաճառքի զարգացման պատասխանատու, եւ ամենակարեւորը` նրա ինքնակենսագրության մեջ գրված է, որ նա ՀՀ քաղաքացի է։
Ուսումնասիրեցինք նաեւ Տավուշի պաշտոնյաների գործուղումների ցանկը, թե մարզպետարանի որ պաշտոնյան մեկ տարվա կտրվածքով ինչ գործուղման է մեկնել Հայաստանի տարածքում եւ Հայաստանից դուրս: Մարզպետարանի կայքում միայն գտանք, որ մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը 2024 թվականի ապրիլի 15-18-ը գործուղվել է Սերբիայի Հանրապետություն` ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու եւ Տավուշի մարզերում» LEAD ծրագրի շրջանակներում կազմակերպվող ուսուցողական այցին մասնակցելու: Մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ ասացին, որ պաշտոնյաների այլ գործուղումներ չկան, եթե գործուղման են գնում համայնքներ, ապա՝ իրենց հաշվին.
«Աշխատում են գործուղումներից չօգտվել, գումարը սուղ է: Քաղծառայողները Երեւան վերապատրաստումների են գնում, հարմարեցնում ենք, տեղավորվում ենք մեր գումարի մեջ»: Դատելով մարզպետարանի աշխատակազմում ընդգրկված մարդկանց ինքնակենսագրությունից՝ հասկանալի է դառնում, որ իշխանությունը կադրերի լուրջ խնդիր ունի ամենուր եւ բոլոր ոլորտներում: Եվ այդ խնդիրն առաջացել է նրանից, որ փնտրում են միայն նրանց, ովքեր հլու-հնազանդ կծառայեն իշխանությանը եւ կպաշտպանեն անգամ ամենահակահայ որոշումները: