Այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի չհամաձայնեցված 2 դրույթները Հայաստանի կողմից ընդունելու մասին Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունից հետո արդեն պաշտոնապես ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, ու Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ ժամկետները քննարկել: Սրանից առաջ Արարատ Միրզոյանն ազդարարել էր, որ տխրահռչակ 2 դրույթները՝ միջազգային հայցերը հետ կանչելու եւ սահմանից 3-րդ պետությունների ուժերը դուրս բերելու Բաքվի պահանջն ընդունել են: Միրզոյանն անգամ ասել էր, թե հայ-ադրբեջանական համաձայնագիրը հնարավոր է ավելի շուտ ստորագրվի, քան ուկրաինական կոնֆլիկտի հանգուցալուծումը կարող է լինել:
Սա, իհարկե, պատահական դիտարկում չէ եւ ցույց է տալիս, որ կողմերից առնվազն մեկը՝ Փաշինյանը, շտապում է, որ մինչեւ վերահաս փոփոխությունները տարածաշրջան կհասնեն, մի թուղթ ունենա, որի վրա գրված լինի՝ խաղաղության պայմանագիր: Մինչդեռ Ադրբեջանի ազդակներն ամենեւին չեն հուշում, որ Արարատ Միրզոյանի նշած սցենարն առհասարակ կիրականանա: «Հաջորդ փուլում պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները: Բացի այդ, պետք է լուծարվեն Մինսկի խումբն ու դրա մնացորդները»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը։ Բաքուն, իհարկե, միայն Սահմանադրության փոփոխությամբ չի բավարարվելու եւ շարունակում է «կկվի քաղաքականությունը»: Ալիեւի օգնական Հիքմեդ Հաջիեւը նույն օրը հայտարարել էր. «Հայաստանում գտնվող ու Ադրբեջանի դեմ հանցագործություններ կատարած անձինք նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն, Հայաստանի հանցագործությունները չեն մոռացվի»:
Բաքվում այնքան թքած ունեն Հայաստանի՝ խաղաղության մուրացկան իշխանությունների ցանկությունների վրա, որ անգամ չեն բարեհաճել, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն անել: Իսկ այս երկու պահանջների կատարումը Բաքվի չդադարող պահանջներից ընդամենը հերթականն է, որոնց բավարարմանը գնաց այս անկարող իշխանությունը: Փաշինյանը` պահանջ առ պահանջ, իրականացնում է Ալիեւի ցանկություններն ու դիմացը ոչինչ չի ստանում: «Եթե կողմերից մեկն ասում է, որ հասել են համաձայնության, եւ մնացել է մեկ բան փոխել, դա նշանակում է, որ դեռ այդ հարցի շուրջ պետք է համաձայնության գալ, եւ առանց դրա չեն կարող ասել՝ վերջակետ ենք դնում, փաստաթուղթը պատրաստ է: Ասենք, Նիկոլ Փաշինյանը մեծ ցանկություն ունի փոխել Սահմանադրությունը, բայց ցանկություն ունենալն ու անելը տարբեր բաներ են: Ի՞նչ է տեղի ունենալու` պետք է հանրաքվե անցկացնել, բայց պատկերացրեք մի սցենար, որ հանրաքվեի մասնակցությունը ցածր է, կամ Սահմանադրությունը հանրաքվեով չի ընդունվում: Հնարավոր չէ՞ այդ սցենարը, հնարավոր է, որքանո՞վ է բարձր այդ սցենարի հավանականությունը, հիմա չեմ գնահատի, բայց ակնհայտ է, որ մի իշխող ուժ, որի առաջին դեմքն ունի 10 տոկոս կամ ավելի ցածր վարկանիշ, դժվար թե կարողանա այդ հանրաքվեով նոր Սահմանադրություն ընդունել: Բացի այդ, նման հարցերը մեկ օրում չեն լուծվում, եւ Բայրամովի հայտարարությունը նշանակում է՝ մինչեւ դա չանեք, մենք չենք ստորագրելու»,- «Հրապարակ»-ին ասում է բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը՝ վերլուծելով իրավիճակը:
Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի կողմից ռուս-ուկրաինական կարգավորման, ավելի ճիշտ՝ ռուս-ամերիկյան բանակցությունների հիշատակմանը, Մարտիրոսյանը նկատում է՝ Ռուսաստանը հստակ նշում է, թե ինչ են ուզում բանակցել, ամերիկյան բանակցողն արդեն Մոսկվայում է, եւ դժվար է պատկերացնել, որ նա Պուտինին Ռուսաստանի համար բացասական հետեւանքներով մի բան կներկայացնի: Մարտիրոսյանը շեշտում է՝ ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի վրա ճնշում գործադրելն արդյունավետ չի կարող լինել, որովհետեւ դրանից հետո դժվար է պատկերացնել, թե բանակցություններն ինչպես են շարունակվելու, կամ պատերազմն ինչ ելքով է ավարտվելու: «Հիմա հարցն այն է, թե ինչ կարելի է փրկել Ուկրաինա նախագծից, որովհետեւ, եթե հիմա արագ չփրկեն, հետո այն ավելի խոցելի է դառնալու: Այժմ Թրամփը նաեւ ներքին խնդիրներ ունի, ուրբաթ օրը Սենատում կարեւոր քվեարկություն կա, իսկ այնտեղ կան սենատորներ, որոնք ուկրաինամետ եւ հակառուսական դիրքորոշում ունեն, ուստի Թրամփը փորձելու է այս ուրբաթ ցույց տալ, որ ինքը ճնշումներ է գործադրում Ռուսաստանի վրա, իսկ համոզելու միակ ձեւը չհրապարակված առաջարկություններն են, թե ինչպես են կողմերը համագործակցելու ավելի մեծ անվտանգային ճարտարապետության շուրջ, այդ թվում՝ եվրասիական տարածաշրջանում, եւ, իհարկե, այստեղ կան հարցեր, որոնք անմիջականորեն մեր տարածաշրջանին են վերաբերում, ուստի գուցե Ալիեւն ու Փաշինյանը շտապում են ստանալ ինչ-որ բան, որ դրա փաստի առջեւ կանգնեցնեն, բայց փաստ է, որ նրանք ինչ էլ պայմանավորվեն, եթե մեծ խաղացողների միջեւ լինի պայմանավորվածություն, նրանք չեն նայելու, թե Հայաստանն ու Ադրբեջանն ինչ են ստորագրել: Հարկ եղած դեպքում պատճառ կգտնեն այն չընդունելու»,- բացատրում է մասնագետն ու ընդգծում՝ այս տեսանկյունից, անորոշությունը պահպանվում է, եւ Ալիեւը դա լավ է հասկանում:
Մարտիրոսյանի խոսքով, հենց այդ անորոշության պատճառով էլ Ալիեւը դրել է մի այնպիսի կետ իր պահանջներում, որն արագ լուծում չունի` դա ՀՀ Սահմանադրությունը փոխելու կետն է: «Դա ժամանակ է տալու՝ անորոշությունները պարզելու, այսինքն այն, որ իրենք ասում են, թե մոտ են պայմանագրի ստորագրմանը, մենք լսում ենք արդեն շատ երկար ժամանակ, բայց տեսնում ենք, որ որեւէ առաջընթաց չկա: Բացի այս, եւս մեկ կարեւոր կետ էլ կա՝ Ալիեւն ինքն էլ է տեսնում, որ, որպես քաղաքական գործիչ, Փաշինյանի վիճակը Հայաստանում կայուն չէ, բայց նրան պետք է, որ Փաշինյանը մնա, ուստի փորձում են գոնե մի բան տալ, որ ներսում Փաշինյանը կարողանա հայտարարել՝ ահա, տեսեք, շատ ավելի ենք մոտեցել, մի կետ է մնացել, ժողովուրդ, էս էլ անենք՝ Սահմանադրությունը փոխենք ու կհասնենք հավերժ խաղաղության, որը ես ձեզ խոստացել եմ»,- ասում է Արթուր Մարտիրոսյանը:
Բանակցային գործի մասնագետն այս նույն շղթայում է դիտարկում նաեւ թուրք լրագրողների այցը Հայաստան՝ տարածաշրջանային բոլոր պրոցեսները մեկ համակարգի մասերն են ու ավելի ուժեղ կամ թույլ՝ փոխկապակցված: «Եթե նայում ենք այս գործընթացին, ադրբեջանական կողմը շատ բաներ արդեն ստացել է, բայց շատ ավելին է ուզում, նույնիսկ հայկական կողմից պահանջում են համագործակցել, այսպես կոչված, դատական գործընթացում եւ հանձնել իրենց պատկերացումներով հանցագործներին, որոնք, ըստ Ադրբեջանի, իր տարածքում, որը ՀՀ իշխանությունը ճանաչել է, օրենք են խախտել եւ իբրեւ թե ահաբեկիչ են»,- շարունակում է մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ ոչ ոք չգիտի՝ այդ մասին ՀՀ իշխանությունն ունի՞ պայմանավորվածություն Բաքվի հետ, թե՞ ոչ:
«Բոլոր պայմանավորվածությունները չէ, որ լինելու են գրավոր, ես չէի բացառի, որ այդպիսի պայմանավորվածություն էլ կարող է լինել, որը կապված է հնարավորությունների հետ, գուցե իշխանությունները փորձել են համոզել, որ իրենք էլ են դա ցանկանում անել, որովհետեւ խոսքը նույն անձանց մասին է, որոնցից կուզենային ազատվել Հայաստանում, բայց այս պահին դեռ պատրաստ չեն դրան, որ երկրում իրավիճակն այդ քայլով չդեստաբիլիզացվի: Բայց չեմ բացառում` բանավոր գուցե տվել են այդ խոստումը, այլապես ի՞նչ իմաստ կունենար Հաջիեւի համար այդպիսի բան ասելը»,- եզրափակում է Արթուր Մարտիրոսյանը: