Քաղաքականություն

Ի՞նչ արձանագրեց Վենսի այցը Երեւան եւ Բաքու․ Կրեմլում հիասթափված են

Ի՞նչ արձանագրեց Վենսի այցը Երեւան եւ Բաքու․ Կրեմլում հիասթափված են

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հարավային Կովկաս՝ Հայաստան եւ Ադրբեջան, ընդգծեց երկու գործոն՝ Վաշինգտոնի անտարբերությունը Մոսկվայի հայտարարած ազդեցության ոլորտների նկատմամբ եւ Կրեմլի թուլացող դիրքը տարածաշրջանում։ Ըստ ամերիկյան Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի (CEPA)՝ Վենսի այցը ցույց է տալիս, որ, չնայած Թրամփի վարչակազմի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու ցանկությանը, Միացյալ Նահանգները չի հրաժարվում Հարավային Կովկասում՝ տարածաշրջանում, որը Կրեմլը ավանդաբար անվանում է իր «մերձավոր արտասահման», իր ակտիվ ներկայությունից։

Նշվում է, որ Մոսկվայի արձագանքը այցին բացահայտ էր եւ ուղղակի։ Պետական «Կոմերսանտ» թերթն իրավիճակը բնութագրել է որպես «հիասթափեցնող եւ անօգնականության զգացում առաջացնող»՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի թուլացող դիրքն ուղղակիորեն կապելով Ուկրաինայի դեմ պատերազմին նրա մասնակցության հետ։ Այնուամենայնիվ, CEPA-ն ընդգծում է, որ ամերիկյան հավակնությունները չպետք է չափազանցնել։ ԱՄՆ-ն չի պլանավորում ռազմական ներկայություն այս տարածաշրջանում. նրա նպատակներն ավելի շատ տնտեսական են, քան աշխարհաքաղաքական, չնայած, ինչպես Ռուսաստանը լավ հասկանում է, մեկը կարող է հանգեցնել մյուսին։

«Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ն ձգտում է ամրապնդել իր դիրքերը ռուսական ազդեցության ավանդական ոլորտներում՝ առաջ շարժվելով այնպիսի ոլորտներում, ինչպիսին է խաղաղ միջուկային համագործակցությունը: Հայաստանը եւ ԱՄՆ-ն ստորագրել են, այսպես կոչված, «123» համաձայնագիրը՝ միջուկային էներգիայի համագործակցության վերաբերյալ, որը նախատեսում է կա՛մ փոխարինել խորհրդային դարաշրջանի Մեծամորի ատոմակայանը, կա՛մ կառուցել մոդուլային ռեակտորներ՝ այն լրացնելու համար, ինչը տեխնոլոգիա է, որում ԱՄՆ-ն համաշխարհային առաջատար է։ ՀՀ կառավարության որոշումը հարված էր Ռուսաստանի պետական միջուկային էներգետիկ ընկերությանը՝ «Ռոսատոմ»-ին»,- ասվում է հոդվածում։ Հեղինակը նաեւ շեշտում է, որ միջուկային արդյունաբերությունը Ռուսաստանի հզորության պրոյեկցիայի առանցքային տարրն է հետխորհրդային տարածքում։ CEPA-ն ընդգծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի առաջընթացը ոչ պակաս նշանակալի է եղել: Վաշինգտոնում օգոստոսյան գագաթնաժողովից հետո ԱՄՆ-ն ամրապնդեց միջնորդի իր դերը՝ հաջողությամբ դուրս մղելով Ռուսաստանին ավանդական կարգավորման ձեւաչափից․ «Հաշվի առնելով Բաքվի եւ Երեւանի կուտակված դժգոհությունները ռուսական քաղաքականության նկատմամբ՝ Վաշինգտոնն ընկալվում է որպես ավելի չեզոք եւ կանխատեսելի գործընկեր: Սա արտացոլում է ավելի լայն միտում՝ Ռուսաստանի նկատմամբ վստահության անկում՝ որպես տարածաշրջանում անվտանգության երաշխավոր։ Մոսկվան դեռեւս չի ցուցադրել արդյունավետ արձագանքման ռազմավարություն։ Նախորդ տարիներին Ռուսաստանի արձագանքը հետխորհրդային տարածքում Արեւմուտքի ակտիվությանը հաճախ ընդունվում էր ուժի կիրառման տեսքով, ինչպես տեղի ունեցավ Վրաստանում 2008 թվականին։ Սակայն ներկայիս իրավիճակը սահմանափակում է նման գործիքները»։

«Թրամփի վարչակազմի մոտեցումը երկրորդ ժամկետում տարբերվում է ժողովրդավարացման եւ մարդու իրավունքների վրա նախկինում դրված շեշտադրումից։ Կենտրոնական դեր է խաղում գործարքային տրամաբանությունը՝ ներդրումներ, էներգետիկա, ենթակառուցվածքներ եւ ուղղակի քաղաքական երկխոսություն։ Այս պահին կենտրոնական թեման պարզ է. ԱՄՆ-ն ամրապնդում է իր դիրքերը Հարավային Կովկասում»,- եզրափակում է հոդվածագիրը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image