Փաշինյանի կողմից պատարագների կարգի խախտումը դիվերսիա է, լոկալ բռնազավթում, «Հրապարակի» հետ զրույցում ասաց ռեփ կատարող NAY 374-ը՝ Դավիթ Աղաջանյանը, անդրադառնալով հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա Փաշինյանի արշավի մասին:
«Իրենց նպատակը Մայր Տաճարն է, ոչ թե Մայր Աթոռը, նրանք ուզում են բռնանալ մեր սրբությանը, հասարակությանն են ուզում թուլացնել և բաժանել այդ ինստիտուտից»,-ասաց ռեփերը:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցին մաքրագործելու ցանկությանը, ապա նա Փաշինյանի ազնվությանը չի հավատում՝ Փաշինյանը շատ է խաբել, թե Արցախի հարցում, Սփյուռքի հետ հարաբերությունների հարցերում:
«Նրանք իրենց կործանարար ծրագիրն ուզում են ժողովրդահաճո ինչ-որ ձևով ներկայացնել հանրությանը: Տարբեր ավանտյուրիստական բաներ են մտածում՝ դրոշ դնել եկեղեցում, եթե այդպես է, ուրեմն բոլոր այն տեղերում, որտեղ ՀՀ դրոշ կա՝ կողքը խաչ դնենք և բոլոր պետական ու այլ կարևորության միջոցառումները սկսելուց առաջ մեր աղոթքով սկսեն: Երբ դա դառնա գործող պրակտիկա, այդ ժամանակ նոր կարող են լուրջ դեմքով խոսել հիմներգն ու մեր եռագույնը եկեղեցու ներս տանելու մասին: Արկածախնդիրներ են»,- նկատում է վերջինս:
Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմն անցած հոգևորականներին, ապա ռուսաստաբնակ ռեփերն առաջարկում է այդ հոգևորականների անունները քիչ շրջանառել, որպեսզի ավելորդ հնչեղություն չտան նրանց:
«Ես անձամբ մարդկանց եմ ճանաչում, ում դեռևս 2018-ի վերջ, 2019-ի գարնանն ու աշնանը, մինչև պատերազմը, առաջարկվել է գումարներ և այլ բարիքներ՝ եկեղեցու, վեհափառի և մի քանի այլ սրբազանների դեմ ակտիվ գործողություններ սկսելու ծրագիր: Այսպես է հնչել՝ մենք ձեզ տալիս ենք մի քանի այսպես ասած կոմպրոմատ ներկայացնող նյութեր, ձեզ համար նյութական բարիքներ, ինչի դիմաց դուք այդ կոմպրոմատները վերցնում եք, դրոշ եք սարքում, ձեր կողքը հավաքում եք մարդկանց և սկսում շարժում: Դա առաջարկվել է մարդկանց, ովքեր հիմնականում տվյալ ժամանակաշրջանում ունեցել են հասարակական և քաղաքական որոշակի ակտիվություն և հետևորդներ՝ շատ կամ միջին քանակի հետևորդներ: Եվ այսօր տեսնելով մի քանի հոգևորականների, հանրային և քաղաքական գործիչների, ովքեր անցել են բարիկադների մյուս կողմը և թշնամական կեցվածք են դրսևորում մեր ազգային արժեքների նկատմամբ, ես կարծում եմ, որ նրանցից ամենաշատը մեկ կամ երկու մարդ կարող են իսկապես ինչ-որ համոզմունքներ ունենալ, այսինքն, համոզմունքներից դրդված են այդ պայքարի մեջ մտել: Մնացածի մասով համոզված եմ, որ պարզապես նյութական բարիքների, հետագայում ինչ-որ պաշտոններ ստանալու խոստումների հիման վրա սկսել են այդ խաղն ու մտել են այդ դավադրական գործի մեջ: Իրենց ասել են՝ լավ է լինելու, հաղթելու ենք: Ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր որ դրա միջով անցել են, ովքեր այդ առաջարկները ստացել են և մերժել են այդ առաջարկները»,- ասաց Դավիթ Աղաջանյանը:
Հակաեկեղեցական արշավը սկսած իշխանություններին ռեփերը համեմատում է խորհրդային միության ժամանակ Աստծուն չհավատացող ու եկեղեցիների պատերին իրենց սիրած աղջկա կամիրենց կնոջ, իրենց մոր անունները փորագրողների հետ, ում համար այդ եկեղեցու պատը որևէ հոգևոր խորհուրդ չուներ:
«Այդ մարդկանց հոգեբանությունն իրենց է փոխանցվել, այդ հոգևոր կապվածությունը Մայր եկեղեցու հետ իրենք չունեն»,-եզրափակեց ռեփերը: