Ինչպիսին է Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Ռուսաստան, թե Արևմուտք, ո՞վ է մեր իսկական դաշնակիցը։ Զրուցել ենք քաղաքագետ Հայկ Խալաթյանի հետ։
- Հայաստանյան իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը, եթե նախկինում տպավորություն էր, որ երկու լարի վրա է խաղում, ապա այսօր այն կարծես ավելի շատ դեպի Արևմուտքի կողմն է թեքվում։
- Այո, ճիշտ եք նկատել։ Պրոարևմտյան, հակառուսական դիրքորոշման մասին վառ խոսում են, թե Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսը, թե պրոիշխանական լրատվամիջոցների եթերներն ու հրապարակումները, որոնք հակառուսական ալիք են ձևավորում Հայաստանում՝ պատրաստելով հասարակությանը՝ Արցախի հարցով գնալ ապագա զիջումների։ Եվ ամբողջ մեղքն՝ այդ զիջումների և հայաստանյան իշխանությունների սխալների, փորձելով բարդել Ռուսաստանի վրա։ Որոշ իշխանականներ, ելույթ ունենալովմ չեն էլ թաքցնում, որ պետք է ինչքան կարելի է արագ համաձայնության գալ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որպեսզի, իրենց պատկերացմամբ, ազատվել Ռուսաստանի ազդեցությունից Հայաստանի վրա։ Բայց միևնույն ժամանակ այդ մարդիկ չեն խոսում այն մասին, որ դրա գինը լինելու է Արցախից հրաժարվելը, որովհետև Ադրբեջանն ու Թուրքիան հստակ պայմաններ են դրել Հայաստանի առաջ այդ ծրագիրն իրականացնելու համար։
- Արևմուտքն ակտիվ աշխատում է հայկական իշխանությունների հետ, համագործակցության շրջանակներում հրավերներ է կազմակերպում։ Վերջին օրերին անգամ հայաստանյան համայնքների ղեկավարներն են գործուղման մեկնել Ֆրանսիա։ Ինչո՞ւ մեր վաղեմի դաշնակից Ռուսաստանը որևէ քայլ չի ձեռնարկում այս ուղղությամբ։ Չէ՞ որ նախկինում համագործակցության ակտիվ ծրագրեր են իրականացվել։
- Դա Ռուսաստանի քաղաքական սպեցիֆիկան է, որովհետև փափուկ ուժի ոլորտում, իհարկե, Ռուսաստանը ավելի թույլ ու վատ է աշխատում, քան Արևմուտքը։ Եվ Ռուսաստանում համոզմունք կա, որ հաշվի առնելով, որ Ռուսաստանի ներդրումները՝ թե Հայաստանի անվտանգության ապահովման մեջ, թե էժան գնով գազ մատակարարելը, թե արտահանումների համար լավ պայմաններ ստեղծելն ու շուկա բացելը, բավական է, որպեսզի հայ հասարակությունը բարիադրացիորեն տրամադրված լինի Ռուսաստանի նկատմամբ։ Իմ կարծիքով, բացի այդ ամենից, Ռուսաստանը պետք է փորձի նաև այդ արածները փիառ առնել, որպեսզի հասարակությունը դա ավելի լավ ընկալի ու հասկանա։ Իսկ փիառի և փափուկ ուժի կողմից Ռուսաստանն ավելի թույլ է, քան Արևմուտքը։
- Ի՞նչ սպասել Ռուսաստանից։
-Այս պահին Ռուսաստանի համար առաջնայինը Ուկրաինայի հետ պատերազմն է, և բոլոր այլ հարցերին նա կանդրադառնա այդ պատերազմի ավարտից հետո, կամ, եթե այստեղ իրավիճակը շատ կտրուկ սրվի։ Օրինակ, եթե ներկայիս իշխանությունները սկսեն բացահայտ հակառուսական քայլեր անել, նկատի ունեմ՝ խաղաղապահների կամ ռուսական բազայի մասով, այդ պարագայում Ռուսաստանը կարող է որոշի անմիջականորեն զբաղվել Հայաստանում տեղի ունեցող իրավիճակով։ Պետք է նաև նշեմ, որ արտաքին քաղաքականության այն կուրսը, որ վերցրել է այս իշխանությունը, և այն հակառուսական քարոզչությունը, որը իրականացվում է նաև իշխանության կողմից, կամ իշխանության թույլտվությամբ, դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Որովհետև Ռուսաստանը շատ արագ կարող է դիմել կոշտ ուժի կիրառմանը, կամ կոշտ գործողությունների, դա չպետք է մոռանալ։
- Տեւական ժամանակ խոսում են ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրս գալու մասին։
- Հասկանալի է, որ եթե հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական գործընթացները հասան իրենց տրամաբանական ավարտին, ապա թե իշխանական, թե պրոարևմտյան ուժերը այդ հարցը դնելու են՝ ասելով, որ եթե մեզ մոտ ամեն ինչ լավ է, նորմալ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ուրեմն այդ բազայի կարիքը չկա։ Չեմ ուզում խոսել, թե ինչ գնով կարող է այդ համաձայնությունը ձեռք բերվի։ Բայց այդ գինը բոլորի համար հասկանալի է՝ դա մինիմում Արցախն է, ինչպես նաև զիջումներ այլ տարածքների մասով՝ հայկական կողմից։
- Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին Երևանում գտնվող Կոնդ թաղամասում իբրև թե ադրբեջանական 100-ից ավելի տների և ադրբեջանական կոթողների ոչնչացման համար, օահանջելով պատասխանատվության ենթարկել Հայաստանին։ Ռուսաստանը կարձագանքի՞ սրան։
- Այսօր Ռուսաստանը տարբեր միջազգային կազմակերպություններում լուրջ խնդիրների մեջ է գտնվում Արևմտյան երկրների հետ։ Այստեղ պետք է մեր իշխանություններն արձագանքեն և աշխատեն՝ թե ռուսական, և թե Արևմտյան կողմերի հետ, որպեսզի դիմադրեն, դիմակայեն այդ ադրբեջանական հակահայ գործողություններին։ Ակնկալել, որ ռուսական իշխանություններն ավելի ակտիվ են զբաղվելու կամ ավելի պրոհայկական են լինելու, քան Հայաստանի իշխանությունները, կամ հասարակությունը, սխալ է։
- Ռուսաստանին վերջիվերջո Հայաստա՞նն է հետաքրքրում, թե՞ Արցախը։
- Ռուսաստանը փորձում է լինել դոմինանտ ուժ և հետխորհրդային տարածքը հաշվում է շահերի գոտի։ Այս պարագայում հասկանալի է, որ Ռուսաստանը փորձելու է իր ազդեցությունն ամրագրել թե Հայաստանում, թե Արցախում, թե Ադրբեջանում։ Այստեղ ուրիշ բան է, որ տարբեր տարածաշրջաններում իր քաղաքականությունը կախված է ներկայիս իրավիճակից, մրցակցությունից, որ կա այդ տարածաշրջանում մյուս գլոբալ և ռեգիոնալ խաղացողների հետ։ Ուրիշ բան է, որ Ռուսաստանում հասկանում են, որ իր դաշնակիցը Հայաստանն է, իսկ Ադրբեջանը՝ ռազմաքաղաքական դաշնակիցն է Թուրքիայի։ Նույնիսկ այդ պարագայում, չպետք է մոռանանք, որ Ռուսաստանը ունի շահեր նաև Ադրբեջանում։ Եվ իր քաղաքականությունը վարելու է այնպես, որպեսզի իր դիրքերը ուժեղացնի նաև Ադրբեջանում, բայց դա չի նշանակում, որ այդ քաղաքականությունը լինելու է՝ դավաճանելով Հայաստանի շահերը։ Կրկին նշեմ, որ Ռուսաստանը կամ որևէ այլ երկիր չեն լինելու ավելի պրոհայկական և ավելի շատ չեն մտածելու Հայաստանի շահերի մասին և հայ ժողովրդի, քան Հայաստանի իշխանությունները և հասարակությունը։ Տեսնելով, որ հայկական իշխանությունները և հասարակությունը պատրաստ են ցանկացած զիջումների գնալ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, պետք է հասկանալ, որ թե ռուսական կողմը, և թե Արևմուտքը փորձելու են իրենց շահերը ամրագրեն մեր տարածաշրջանում, և փորձելու են ընդհանուր լեզու գտնել, այս պարագայում՝ Ադրբեջանի հետ, որը պատրաստ է իր շահերը պաշտպանել, ի տարբերություն՝ Հայաստանի։ Դրա համար, եթե մենք ուզում ենք, որպեսզի մեր բոլոր գործընկերները հաշվի նստեն նաև մեր շահերի հետ, ապա մենք ինքներս պետք է ընդգծենք՝ որոնք են մեր շահերը, մեր առաջնահերթությունները, և ցույց տանք, որ պատրաստ ենք պայքարելու մեր շահերը պաշտպանելու համար։