Հասարակություն

Աստված չանի, որ Վանո Սիրադեղյանը վերադառնա քաղաքականություն

Աստված չանի, որ Վանո Սիրադեղյանը վերադառնա քաղաքականություն

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը կարծում է, որ  Վասակ Դարբինյանի  հեղինակությամբ լույս տեսած «Վանոյի հետ եւ առանց Վանոյի» գիրքը  ծնվել է Վանո Սիրադեղյան գրողին, պետական գործչին արժանին մատուցելու համար, եթե դա հնարավոր է։ 

Երեկ Հակոբ Մովսեսը մասնակցում էր «Վանոյի հետ եւ առանց Վանոյի» գրքի շնորհանդեսին։ 
«90-ական թվականներին սկսած շարժման մասնակիցներից ոչ մեկի հանդեպ մեր պատմությունը, ինչպես նաեւ՝ մեր պետությունը, մեր հասարակությունն  այդքան անարդարացի չգտնվեց, որքան Վանո Սիրադեղյանի։ Չեմ ուզում խոսել իր քաղաքական կերպարի մասին, դա առանձին նյութ է։ Միայն ասեմ, որ հանձին Վանո Սիրադեղյանի՝  մեր գրականության մեջ գործ ունենք մի գրողի հետ, որն անհատականություն է։ Գրողը կարող է զանազան, տարբեր հատկություններ ունենալ գովելի՝ տաղանդ, լեզու, կյանքը տեսնելու, կերպարներ ստեղծելու սկզբունքներ, փիլիսոփայություն, կենսափիլիսոփայություն, բայց այդ ամենի վրա եթե դրված չէ անհատականության կնիքը, այն դեռ գրականություն չէ։ Վանո Սիրադեղյանը անհատականություն էր՝ որպես գրող, այդ անհատականությամբ են կնքված իր պատմվածքները, իր հրաշալի վիպակը, իր կերպարները, իր լեզուն։ Եթե փորձենք ամբողջացնել նրա կերպարը, պետք է ասենք, որ ինքը 70-80-ականների արձակի մեջ անուրանալի կերպար է։ Ոչ մեկը չի կարող նրան վտարել գրականությունից, սարքել վտարանդի։ Հակառակը՝ Վանո Սիրադեղյան արձակագրին գնահատելու ժամանակները կարծես թե մոտենում են»,- մեզ հետ զրույցում ասաց Հակոբ Մովսեսը։

Ի՞նչ կփոխի Վանո Սիրադեղյանը, երբ վերադառնա Հայաստան։
«Քաղաքական կյանքում՝ ոչինչ։ Եվ Աստված չանի, որ ինքը վերադառնալով՝  վերադառնա  քաղաքականություն։ Ես կարծում եմ, որ այն սերունդը, որը ներկայացնում էր Վանո Սիրադեղյանը, իր գործն արել է։ Այսօր քաղաքականությունը ուրիշ տրամաբանությամբ է առաջնորդվում, լրիվ ուրիշ սերունդ է՝ ուրիշ մտածողությամբ։ Վանո Սիրադեղյանը կարող է, իհարկե, սատարել, օգնել, օժանդակել այսօրվա պետությանը, այսօրվա երկրին, բայց առաջին հերթին պետք է վերադառնա գրականություն, իր մայրական գիրկը։ Իր կոչումը գրականությունն է»,- կարծում է Հակոբ Մովսեսը։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image