Քաղաքականություն

«Հրապարակ». Ի՞նչ փաստաթուղթ է հրապարակել Յակով Կեդմին․ սլի՞վ, թե՞ զոնդաժ

«Հրապարակ». Ի՞նչ փաստաթուղթ է հրապարակել Յակով Կեդմին․ սլի՞վ, թե՞ զոնդաժ

Հոկտեմբերի 10-ին Իսրայելի դիվանագետ, «Նատիվ» ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին իր տելեգրամյան ալիքում հրապարակել է արցախյան հակամարտության կարգավորման գաղտնի փաստաթուղթ, որի շուրջ, ըստ նրա, Երեւանն ու Բաքուն բանակցել են սեպտեմբերի 27-ին՝ Վաշինգտոնում, ինչպես նաեւ Պրահայում՝ Ալիեւ-Էրդողան-Փաշինյան վերջին հանդիպման ժամանակ:

Հայաստանի ԱԳՆ-ն պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը եւ չի պատասխանել, թե արդյոք հենց ա՞յս տեքստն է դրված քննարկման, սակայն նախկին հետախույզ Կեդմիին, որը հաճախ է հրավիրվում կրեմլյան քաղաքագետների կազմակերպած հեռուստաբանավեճերին, կարելի է վստահելի աղբյուր համարել՝ նկատի ունենալով նաեւ նրա լրջագույն փորձառությունը քաղաքական ոլորտում։ Մենք նաեւ պարզեցինք, որ այս փաստաթուղթն օրեր առաջ արդեն տնօրինում էին ՀՀ իշխանությունները:  

Եվ այսպես․ ի՞նչ է առաջարկում մեզ Եվրոպայի ու ԱՄՆ-ի «քավորությամբ» ստեղծված այս փաստաթուղթը։ «Ադրբեջանի կառավարությունը կնշանակի ներկայացուցչի, որը կաշխատի Լեռնային Ղարաբաղի հայ էթնիկ համայնքի կողմից նշանակված նմանատիպ ներկայացուցչի հետ՝ քննարկումներ անցկացնելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների եւ արժեթղթերի վերաբերյալ»․ սա առաջին լարող նախադասությունն է, որով Արցախի Հանրապետության բնակիչներին անվանում են «էթնիկ համայնք», որոնց ճակատագիրը լուծելու են երկու ներկայացուցիչներ՝ Արցախից եւ Ադրբեջանից: Այս թուղթն ընդամենը Ղարաբաղում ապրող փոքրամասնությանն այնտեղից չգնալու հույս է տալիս։ Իսկ ի՞նչ պետք է լինեն ռուս խաղաղապահները, ովքեր մինչեւ 2025 թվականը պետք է մնան շփման գծում՝ այս մասին խոսք չկա։ 

Երկրորդ սթափեցնող կետը դիտորդի դերի վերանայումն է․ «Կողմերը կշարունակեն վերանայել միջազգային դիտորդի դերը՝ չհակասելով Ադրբեջանի ինքնիշխանությանը, վստահություն ապահովելու Լեռնային Ղարաբաղում փոքրամասնությունների խմբերի պաշտպանության հարցում»: Այստեղ արդեն արցախցիները դարձան «փոքրամասնության խմբեր»։ Փաստաթղթում չենք հանդիպում «միջանցք» բառին։ Ակնհայտ է, որ փաստաթղթի հեղինակները խուսափել են վիճահարույց «միջանցք» բառից՝ փոխարենը օգտագործելով route բառը, որը նշանակում է ուղի, երթուղի, ճանապարհ։ 

«Կողմերը պարտավորվել են շարունակել ներգրավված լինել Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող երթուղի ստեղծելու քննարկումներում, ներառյալ Ադրբեջանի տարածքով Հայաստանի համար փոխադարձ մուտքը»: Այս կետից տեղեկանում ենք, որ բանակցությունների ժամանակ խոսք է գնում Հայաստանի համար Ադրբեջանով մուտքի մասին։ Եվ վերջապես. փաստաթղթով նախատեսված է գերիների ազատ արձակում առաջիկա օրերին, առանց նախապայմանների, իսկ որպես  կողմերի միջեւ քննարկումների միջնորդ՝ նշվում է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այս փաստաթուղթը նախօրեի երեկոյան առաջինը հրապարակեց «Հրապարակ» թերթը, եւ այն մի քանի ժամում հասցրեց մրրկել հանրային կարծիքը։ 

«Իսկ ի՞նչ եղան ռուս խաղաղապահները, որոնք մինչեւ 2025 թվականն Արցախում մնալու թուղթ են ստորագրել։ Սա կատարյալ դավաճանություն է։ Եթե դա Ադրբեջանը ստորագրի... կարծում եմ, չի ստորագրի` «երթուղին» կփոխարինի «միջանցքով», նոր դա Ադրբեջանի համար ընդունելի կլինի։ Սա Ադրբեջանի համար ձեռնտու փաստաթուղթ է։ Ադրբեջանը սահմանից հետ քաշվելու պարտավորություն չունի, Ղարաբաղի հարցը լուծում է, «երթուղի» է գրված, որը կմեկնաբանի որպես միջանցք»,- կարճ մեկնաբանում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ 
«Եթե այն անգամ մասամբ հավաստի է, ապա մեր առջեւ է Հայաստանի ազգային շահերի զարհուրելի անկման եւ հայկականության գործոնի ջախջախման կետերի մի համախումբ»,- գրում է հրապարակախոս, ԵՊՀ դասախոս, Դեմկուսի փոխնախագահ Նարինե Դիլբարյանը։ 

Ըստ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի՝ այս փաստաթղթի տարածումը պարզ «զոնդաժ» է։ «Իմ առաջին տպավորությամբ՝ պայմանագիր հիշեցնող ինչ-որ բան է շրջանառվում՝ հանրային տրամադրությունները ստուգելու համար: ԼՂ հարցում անկախության օրակարգն այլեւս իրատեսական չէ, բայց եթե հավատանք այդ փաստաթղթին՝ նույնիսկ վարչատարածքային սուբյեկտության զրույց չկա, որովհետեւ ես դրա ձեւակերպումների մեջ Ստեփանակերտ-Բաքու ինստիտուցիոնալ դիալոգի մեխանիզմ չեմ տեսնում, առավել եւս՝ միջազգային երաշխիքներ»,- ասաց նա։ 

«Վատ թարգմանություն է, չեմ հասկանում այն բացելու, «սլիվի» իմաստը։ Կարո՞ղ է՝ ուզում են ձախողել բանակցությունները։ Ամեն դեպքում, շատ վատ թուղթ է սա, Արցախը հանձնող` առանց անվտանգության երաշխիքների»․ սա էլ քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքն է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image