Մշակույթ

Արվեստը պետք է հասանելի լինի եւ արվեստագետին բավարար եկամուտ ապահովի

Արվեստը պետք է հասանելի լինի եւ արվեստագետին բավարար եկամուտ ապահովի

Արվեստի մասին կարելի է երկար խոսել ու գրել, նաեւ՝ բանավիճել, գնահատականներ հնչեցնել, կարծիք ու տեսակետ ներկայացնել։ Ու ինչքան էլ խոսենք, գրենք, քննարկենք, կարծիք, տեսակետ ու գնահատական հնչեցնենք կամ վերլուծենք, միեւնույն է՝ ասելու շատ բան կա։ Հատկապես հիմա, երբ Հայաստանը գտնվում է հետպատերազմական ինքնության ճգնաժամում, եւ մշակույթն ու արվեստն ակամա դառնում են ինքնության պահպանման հենասյուն, այն դեղատոմսը, որով կարող ենք հաղթահարել այդ ճգնաժամը, վերագտնել ինքներս մեզ՝ առաջ շարժվելու համար։
Իմ կարծիքով, արվեստն առաջին հերթին պետք է լինի հասանելի։ Ընդ որում, հասանելի՝ բոլորին։ Խոսքը, ի դեպ, միայն դասական, ժամանակի փորձությունն անցած արվեստի մասին չէ։ Ասածս վերաբերում է թե՛ դասական արվեստին, թե՛ երիտասարդական նորարարություններին ու փորձարարություններին, թե՛ աբստրակտ ու ոմանց համար անընկալելի նմուշներին։ Այն արվեստը, որը հասանելի է լայն հանրությանը, օգնում է, որպեսզի մարդու մոտ ձեւավորվեն ճաշակ, ցանկություն՝ ներգրավվելու մշակութային կամ արվեստում տեղի ունեցող պրոցեսներին, հաղորդակցվելու այդ ամենին։ Դրա շնորհիվ է թերեւս նաեւ, որ մարդու մոտ ձեւավորվում են բարձր արվեստի արժեքը գնահատելու կարողություն ու հմտություն։

Իսկ արվեստի գնահատումը, արժեքային ընկալումը մի քանի բաղադրիչ ունեն։ Առաջինը, թերեւս, սիմվոլիկ կապիտալն է։ Դա այն է, ինչն արվեստը դարձնում է մեր կյանքի կարեւոր մասնիկ, այն է՝ ինչ տեսնում ենք թանգարաններում, պատկերասրահներում։ Դա հանդիսատեսի՝ մշակութային ժառանգության ընկալունակությունն է։ Երկրորդն արդեն արվեստի արժեքայնությունն է՝ նյութական իմաստով, եթե կուզեք՝ գնագոյացումը։ Այս դեպքում արվեստն ինքնին դառնում է արտ-շուկայի մաս։

Այս երկու ասպեկտները, ի դեպ, իրարից զատ-զատ չեն կարող ընկալվել։ Դրանք միշտ դիտարկելի են միասնաբար ու անքակտելի կերպով։ Որքան արվեստը հասանելի լինի, որքան շատ մարդիկ հնարավորություն ունենան հաղորդակցվելու մշակույթին ու արվեստին, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ բարեկեցության համապատասխան մակարդակ ունենալով՝ կկարողանան դառնալ արտ-շուկայի մասնակիցներ, գնորդներ, դրանով նպաստելով, որ արվեստագետն էլ կարողանա իր արվեստով վաստակել ու ապրել արժանապատիվ բարեկեցիկ կերպով։ 

Սա գուցե հայաստանյան հասարակության համար այնքան էլ ընկալելի չէ, ակտուալ հարց չէ, քանզի մեզանում ընդունված չէ արվեստին, մեդիային նայել որպես նաեւ բիզնես, եւ մարդիկ հաճախ մեղադրում են արվեստագետներին ու լրագրողներին՝ շահամոլության մեջ, կարծում են, որ նրանք պետք է անշահախնդիր ծառայեն հանրությանը՝ դրա դիմաց գումար չակնկալելով։ Սակայն ռուսական, եվրոպական կամ ամերիկյան հասարակությունների՝ այն հասարակությունների համար, որտեղ մարդու բարեկեցության մակարդակը բավականին բարձր է, արժանապատիվ կյանքի ապահովման հարցն էլ բնական է, եւ նման վերաբերմունքը վայրենություն է դիտվում։ Միակ դատապարտելի բանը համարվում է խարդախությամբ, անօրինական կարգով, օրենքը ոտնահարելով փող վաստակելը։ Իսկ մարդկային գործունեության քաղաքական, տնտեսական ու սոցիալական գործոնը համարվում է ոչ միայն բնական, այլեւ հակառակն է համարվում անբնական։ Մարդը եթե արժեք է ստեղծում, հանրային պահանջ է բավարարում, գեղագիտական հաճույք է պատճառում ուրիշներին, նա պետք է լավ վաստակի, եւ նրա գործը պետք է ըստ արժանվույն գնահատվի։ Իհարկե, մենք այս պատկերացումներից դեռ բավականին հեռու ենք։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image