Երեկ մի խումբ հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարություն էին տարածել և քննադատել Ալավերդիում տեղի ունեցած իշխանազավթման դեպքը: Նրանց թվում էին նաեւ Բորիս Նավասարդյանի, Արթուր Սաքունցի, Սոնա Այվազյանի ղեկավարած ՀԿ-ները: Հայտարարությունը չէին ստորագրել Դանիել Իոաննիսյանը, Նինա Կարապետյանցը, Ժաննա Ալեքսանյանը, Նունե Սարգսյանն ու էլի մի շարք գրանտային կազմակերպություններ, որոնք սովորաբար համատեղ են հանդես գալիս:
«Հելսինկյան ասոցիաիա» ՀԿ ղեկավար Նինա Կարապետյանցը մեզ ասաց, որ իրենց ՀԿ-ի անունը հայտարարության տակ չկա տեխնիկական խնդիրների պատճառով, սակայն իրենք ևս միացել են` դատապարտում են Ալավերդիում տեղի ունեցած դեպքերը: Կարապետյանցը կարծում է, որ այսօր իշխանություններն անում են այն, ինչի դեմ հասարակությունը պայքարում էր 2018 թվականին.
«Սա իշխանազավթում է, այո, ցանկացած նման արարք` ԺԵԿ-ի պետից սկսած, դպրոցի տնօրենով վերջացրած իշխանազավթում է: Այսինքն` յուրայիններ ունենալու խնդիր է դրված, սակայն խնդիրն այն է, որ այդ յուրայինները ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են ծառայում, այլ ուղիղ իմաստով ծառայում են մեկ թիմի, մեկ անձի շահերին: Այլ տարբերակ ուղղակի չի կարող լինել: Ստացվում է, որ անկախ այն բանից, մարդն ունի տվյալ աշխատանքն իրականացնելու հմտություն, փորձ, նա ստանում է պաշտոն, եթե լոյալ է գործող իշխանություններին», - ասում է Կարապետյանցը:
Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում մատնացույց անել, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ընտրություններն անցկացվում են թափանցիկ, բաց, լցոնումներ չեն արվում, քրեական և թաղային հեղինակությունները հարցեր չեն լուծում. իսկ ո՞րն է իշխանազավթման և բուն ընտրակեղծիքների տարբերությունը, իրավապաշտպանն ասում է.
«Օդում պտտվող լուրերի համաձայն, որոնք ի դեպ, հետևողականորեն են պտտվում, գործող իշխանությունները ևս պարբերաբար դիմում են քրեական հեղինակություններին և այն գործիքակազմին, որից տարիներ շարունակ օգտվել է նախորդ իշխանությունը: Այո, գուցե լույսեր չեն անջատվում, արկղեր չեն գողանում, բայց չկան, ոչ թե այն բանի համար, որ ամեն բան թափանցիկ է, այլ պարզապես այդ մեթոդներն են հնացել: Կա նոր մեթոդաբանություն: Կեղծ լուրեր են տարածում ու էլի տարբեր նոր գործիքակազմերով փորձում են ստանալ նույն արդյունքն, ինչ առաջ նախկին իշխանություններն էին ստանում: Եթե մենք ունենայինք ԱԱԾ, Ոստիկանություն, ապա մենք այսօր կունենայինք որոշ դեպքերի վերաբերյալ ապացույցներ, օրինակ` հենց նույն քրեական հեղիանակությունների հետ հարաբերվելու մասով, բայց քանի որ իրավապահ կառույցները կախված են իշխանություններից, պարզ է, թե ինչպես են աշխատում», - ասում է նա:
Կարապետյանցը կարծում է, որ իշխանությունները ժողովրդավարության մասին խոսում են ընդամենը քաղաքական դիվիդենտներ շահելու համար, իսկ իրականում անում են ժողովրդավարությանը դեմ քայլեր. «Եթե նրանք լինեին ժողովրդավար, նախ ճնշումներ չէին գործադրի նույն Ալավերդու ավագանու անդամների վրա և ի վերջո` կգնային նոր արտահերթ ընտրությունների: Կամ էլ գոնե առնվազն կսպասեին քաղաքապետի ժամկետը լրանար, նոր մասնակցեին պայքարին, բայց ոչ, իրենք բոլոր տեղերում պետք է յուրայինների տեսնեն: Այն խուլիգանական պահվածքը, որ դրսևորում են ՔՊ-ականները, մոռացել են, որ ժամանակին կոռուպցիայի դեմ էին պայքարում, խոսում են ժողովրդավարությունից: Անգամ ծիծաղս է գալիս: Այսօր նրանք այնպիսի վարքագիծ են դրսևորում, որ պարզապես խայտառակություն է, իսկ այդ խայտառակությունը մերժելի է և խիստ դատապարտելի: Մարդիկ 2018 թվականին դուրս էին եկել բոլոր արատավոր բարքերի դեմ: Մարդիկ ոչ թե կոնկրետ անձի էին մերժում, այլ մերժում էին համակարգը: Ի վերջո` վիշապին սպանողը դարձավ վիշապ», - եզրափակում է Նինա Կարապետյանցը: