Անգամ պետական ծառայողներն են տարակուսած՝ ի՞նչ փոխվեց մեկ ամսում. Նիկոլ Փաշինյանը, որ պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացումը քաղաքական ամոթ էր համարում, միլիարդավոր դրամների պարգեւավճարների ֆոնդ է դուրս գրել պետական բյուջեից։
Դեռեւս անցած տարի՝ նոյեմբերի 22-ին, Համալիրում մոտ 8 հազար պետական աշխատողների մասնակցությամբ պետական ծառայողների առաջին համաժողովի իր ելույթում, ի պատասխան աշխատավարձերի վերաբերյալ հնչած դժգոհություններին, Նիկոլ Փաշինյանը բառացի հայտարարել էր․ «Պիտի ուղիղ խոստովանեմ, որ պետական մարմիններում վարձատրության չափերի բարձրացման թեման քաղաքական խնդիր է, որն ունի երկու կողմ։ Առաջին կողմն այն է, որ բոլորս հասկանում ենք պետական մարմինների մրցունակությունն աշխատանքի շուկայում բարձրացնելու անհրաժեշտությունը։ Մյուս կողմից, քաղաքական իշխանությունը զգուշանում է պետական մարմիններում վարձատրության չափերը բարձրացնելու քայլից, նախեւառաջ՝ քաղաքական շեյմինգի, այսպիսի նոր տերմին կա, այսինքն՝ քաղաքական ամոթանքի վախից։ Որովհետեւ նման դեպքերում հանրության առաջին ռեակցիան հետեւյալն է․ երկրում այսքան սոցիալական խնդիր կա, դուք պետական մարմինների աշխատողների, այսինքն՝ պաշտոնյաների վարձատրությո՞ւնն եք բարձրացնում»։
Վարչապետի կայքում տեղադրված պաշտոնական այս ելույթից բառացիորեն մեկ-մեկուկես ամիս անց լրահոսն ալեկոծվեց միլիարդավոր պարգեւավճարների մասին լուրից։ Պարգեւավճարներ էին ստացել թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմիններում․ պատգամավորները` 3-ական միլիոն դրամ միանվագ, իսկ նախարարները, վարչապետը եւ կառավարության մյուս անդամները՝ կրկնակի, եռակի ավելի։ Մոտ 1.5 միլիոն դրամ աշխատավարձ ստացող Փաշինյանը, որ իրեն համարում էր Հայաստանի երեք միլիոն վարչապետերից մեկը, օրերս բացատրեց՝ ինչու են ինքն ու մյուս պաշտոնյաները արժանացել մի քանի միլիոնանոց պարգեւավճարներին: Պարզվում է՝ այսպես իրենք իրենց կոռուպցիոն գայթակղություններն են զսպում: «Հայաստանի ներդրումային միջավայրն էականորեն փոխվում է, ու ՀՀ մեծ ներդրումներ են հոսելու, եւ մեծ մրցակցություն է առաջանալու՝ ՀՀ-ում իրականացնելու ներդրումային ծրագրեր, եւ այս առումով մեր գնահատականն այն է, որ կոռուպցիոն ռիսկերն էականորեն կարող են մեծանալ, եւ մենք, այդ թվում՝ պետական պաշտոնյաներին ու պետական համակարգը պետք է կարողանանք պաշտպանել կոռուպցիոն ռիսկերից»,- հայտարարեց Փաշինյանը՝ հստակեցնելով, որ «Պետական որոշման շրջանակում ես ամսական, եթե չեմ սխալվում, 1․5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել»։ Նկատենք, որ 8 տարում երկիր ներդրումներ չեն եկել, իսկ ՀԷՑ-ը սեփականատիրոջից խլելուց հետո փորձագետները կանխատեսում են, որ հետո էլ չի գալու: Ըստ ամենայնի, ներդրումներ ասելով՝ Փաշինյանը բացառապես Թրիփի կառուցումը նկատի ունի, որն ավելի շատ քաղաքական պրոյեկտ է, եւ իր բերած վնասները կարող են մի քանի անգամ գերազանցել ստացվող օգուտներին:
Նկատենք, որ ոչ միայն Փաշինյանը, այլեւ նրա ենթակա արդարադատության նախարարն էր իր ստացած 7 միլիոն դրամի պարգեւավճարը ներկայացնում իբրեւ աշխատավարձ՝ դժգոհելով պետական ապարատի «ոչ մրցունակ» ցածր աշխատավարձերից։ Նոյեմբերի 22-ին Համալիրում պետծառայողների առջեւ իր սրտաճմլիկ ելույթից օրեր անց, սակայն, կառավարությունը շրջանառության մեջ է դրել միլիարդների հասնող պարգեւավճարների վերաբերյալ պիլոտային ծրագիր, եւ դեկտեմբերի կեսերին արդեն բյուջեից ահռելի գումարներ են դուրս գրել, ընդ որում` չհրապարակելով։ Մինչդեռ պիլոտային ծրագրերը սովորաբար որոշակի ժամանակ են պահանջում, այսպես կոչված, փորձաշրջան, որի արդյունավետությունից կախված էլ պետք է որոշվի՝ այն շարունակություն կունենա՞, թե՞ ոչ: Այնինչ պետական ապարատի ողջ ղեկավար կազմը, հիմնականում՝ իշխանության աջակիցներ, ՔՊ-ականներ, տարեվերջին միանվագ խոշոր գումարներ են ստացել։ Որ պարգեւավճարները տրվել են պիլոտային ծրագրով, խոստովանել է նաեւ Փաշինյանը` իր վերջին ճեպազրույցում։ Նա հայտնել է, որ ներդրվում է ինստիտուցիոնալ նոր համակարգ, որն առաջին պիլոտային շրջանն անցնելուց հետո պետք է օրենսդրական ամրագրում ստանա։ Այսինքն, դեռ օրինական չէ, օրենսդիր մարմնում չի հաստատվել, ինչը եւս օրենքի խախտում է:
Նրա խոսքով՝ այս համակարգը թույլ է տալու, որ պետական համակարգում աշխատողների նկատմամբ ցուցաբերվի անհատական վերաբերմունք, ինչպես նաեւ գերատեսչությունների ղեկավարները աշխատանքը եւ ժամանակն առավել արդյունավետ կառավարելու հնարավորություն ունենան՝ կարողանալով առավել արդյունավետ աշխատողներին պատշաճ ձեւով խրախուսել, իսկ պակաս արդյունավետ աշխատողներին չխրախուսել կամ խրախուսել իրենց աշխատանքին համապատասխան։ Թեեւ, նկատենք, այս անգամ անխտիր բոլոր գերատեսչությունների ղեկավար կազմերն են ստացել` հայտնի չէ, թե ինչ արդյունք ապահովելու համար:
Իրականում պարզից էլ պարզ է, որ Փաշինյանն ուղղակի որոշել է պետական ծառայողներին կաշառել: Հավանաբար հույս ունի, որ առաջիկա համապետական ընտրություններում սրանք են լինելու իրեն քվե բերող հիմնական զանգվածը: Եվ դա անում է մեր՝ հարկատուներիս վճարած հարկերից գոյացած միջոցներից, ինչն օրենքով արգելված է եւ քրեորեն պատժելի արարք։