Քաղաքականություն

Նոր պայմաններ. Ինչպե՞ս կարող են Հայաստանն ու Իրանը կասեցնել թուրքական բիզնեսի ներկայությունը տարածաշրջանում

Նոր պայմաններ. Ինչպե՞ս կարող են Հայաստանն ու Իրանը կասեցնել թուրքական բիզնեսի ներկայությունը տարածաշրջանում

Հայաստանից դեպի Իրան բազմաթիվ ապրանքների արտահանումը դարձել է մաքսազերծ։ Արդեն ուժի մեջ է մտել ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի համաձայնագիրը։ Փոխադարձ առևտրում օգտագործվելու են զեղչված կամ զրոյական մաքսային տուրքեր շուրջ 90% ապրանքների համար։ Հայկական արտահանման գրեթե ողջ ծավալը ընդգրկվելու է արտոնյալ ռեժիմով։

Իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հոսսեյնին «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ արտոնյալ ռեժիմի ազդեցությունը միանշանակ մեծ կլինի: Այս հնարավորությունը երկու կողմերն էլ պետք է օգտագործեն, Իրանի և Հայաստանի բիզնեսի շրջանակները պիտի ակտիվ համագործակցեն և այս մեծ հնարավորություններն օգտագործեն:
«Պետք է այս հնարավորությունից օգտվել, որպեսզի հայ գործարարները կարողանան մուտք գործել Իրանի 80-85 միլիոնանոց շուկա և դա մեծ հնարավորություն է: Իհարկե մենք դեռ ունենք խոչընդոտներ՝ բանկային փոխանցւոմներ և այլ առկա խնդիրներ երկու երկրների տնտեսական հարաբերությունների միջև, դրանք ընթացքում պետք է լուծվեն, որպեսզի մենք կարողանանք մեր երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները մեծացնել: Հիմա 700 միլիոն դոլար է Իրանի և Հայաստանի միջև տարեկան առևտրաշրջանառությունը կազմում»,-ասաց Հոսսեյնին:
Հիշեցնենք, որ նպատակ է դրված նախ մեկ միլիարդի հասցնել առևտրաշրջանառությունը, իսկ այդ շեմը հաղթահարելուց հետո այն հասցնել երեք միլիարդի:
Արդյոք Հայաստանի տնտեսական ներուժը թույլ տալիս է այս հնարավորությունից օգտվելով` մեծացնել արտահանումների ծավալը, Հոսսեյնին ասաց, որ ծավալով Իրանի տնտեսությունը Հայաստանի տնտեսությունից չնայած մեծ է, բայց Հայաստանի գործարարներն ու բիզնես դաշտը մեծ հնարավորություններ ունի արտաքին շուկաներում՝ եվրոպական և եվրասիական, Ռուսաստանի շուկաներ մուտք գործելու:
«Այդ հատվածում շատ լավ հնարավորություն է իրանական գործարար դաշտի համար, որ միանալով Հայաստանի բիզնես ոլորտին, կարողանան օգտագործել այդ հնարավորությունները և դուրս գալ ԵՎրասիա ու եվրոպական երկրների շուկա: Հայերը տարիներ շարունակ շատ հմուտ են առևտրի, բիզնեսի մեջ այլ երկրների հետ՝ եվրոպական, եվրասիական ու ռուսական բիզնես դաշտերի հետ ու այդ առումով կարող են օգտակար լինել Իրանին: Իրանը տարիներ շարունակ պատժամիջոցների պատճառով շատ փակ շուկա է դարձել և իրանական գործարարներն այդքան դրսի հետ աշխատելու փորձ չունեն, դրա համար Հայաստանի բիզնես դաշտը կարող է շատ օգտակար լինել իրանական բիզնես դաշտի համար, այլ շուկաներ մուտք գործելու համար»,-շեշտեց իրանցի քաղաքագետը:
Հետաքրքրվեցինք, արդյոք այս արտոնյալ պայմաններից օգտվելով Իրանը Հայաստանում կմեծացնի իր տնտեսական ազդեցությունն ու ներկայությունը ու դրանով հակակշիռ կդառնա Թուրքիայի կողմից տնտեսական ագրեսիային: Իրանցի քաղաքական վերլուծաբանը նկատեց, որ այս հնարավորությունը բնականոն հունով կզարգացնի Իրանի  տնտեսական ներկայությունը Հայաստանում:

«Սակայն, դա բավարար չի, մեր երկու երկրների թե պետական, թե մասնավոր հատվածները պետք է այդ քաղաքականությունը որդեգրեն, որ իրանական ապրանքները, ու ոչ միայն ապրանքնրը, այլև իրանական ֆինանսներն ու ներդրումները ներգրավեն Հայաստանում և ամբողջությամբ հաստատեն Իրանի բիզնեսը Հայաստանում ու դրանով հակակշռենք Թուրքիայի տնտեսական ներկայությունը տարածաշրջանում: Մեր երկու երկրները, մեր երկու ժողովուրդները, բիզնես դաշտը, մասնավոր դաշտը համագործակցելով կկարողանան տնտեսական զարգացում ապահովել, երբ լավ կլինի թե Իրանի, թե Հայաստանի համար ու դուրս գալ մեծ շուկաներ: Հայաստանի բիզնեսի հնարավորոթյունները շատ փոքր են: Մեծ շուկաներում լուրջ ներկայություն ունենալու համար, Իրանը կարող է օգնել նրանց՝ ապահովել արտադրանքի մեծ քանակներ, և դրանով կարողանալ մրցակցություն ապահովել դրսի շուկաներում, որովհետև մեծ շուկաները պահանջում են մեծ ծավալի արտադրություն, ինչի հարցում հայ արտադրողները, հայ գործարարները կարող են խնդրի բախվել ու այդ ծավալներն արտադրելու հնարավորություն պարզապես չունենալ: Իրանը կարող է թե ֆինանս, թե համագործակցության այլ միջոցներով օգնելով հայ գործարարներին այդ խնդիրները լուծել, իրանցիների համար էլ հայ գործարարները դրսի շուկաներում ունեցած իրենց լծակներով ու փորձառությամբ կարող են օգտակար լինել: Այսինքն, մեկը մյուսին լրացնում է՝ մեր երկու երկրների ներուժը միացնելու համար մեծ տնտեսական աճ ու զարգացում ապահովելու ներուժ կունենանք»,-եզրափակեց Փույա Հոսսեյնին:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image