Քաղաքականություն

Ապշում եմ, թե դատավորներն ու քննիչներն ինչպես են այդ ամենի տակ մտնում

Ապշում եմ, թե դատավորներն ու քննիչներն ինչպես են այդ ամենի տակ մտնում

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանին հարցրեցինք. «Հայտնի հետախույզ, պատերազմների մասնակից Արթուր Ավանեսյանին` Կանդազին, երկու ամսով կալանավորեցին ինչ-որ մի անհասկանալի ձայնագրության համար: Այսօր տեղեկացանք, որ նա հացադուլ է հայտարարել: Փաստացի ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը հայ հերոսներին շարունակում է վարկաբեկել ու դատել, իսկ ազերիներին արժանացնում է ջերմ հյուրընկալության, նրանք ուղիղ Բաքվից Երեւան են ժամանում` «Զվարթնոցում» վայրէջք կատարելով:

Ջամալյանն ասաց. «2009 թվականից ես Կանդազի հետ ընկերություն եմ անում: Ամեն անգամ սահման գնալիս, ես նրա հետ ինչ-որ մի հենակետում պարտադիր հանդիպում էի: 2014 թվականի օգոստոսին, երբ սահմանագծում լարված իրավիճակ էր, նախագահները պետք է հանդիպում ունենային, Կանդազը կարողացավ կանգնեցնել պրոցեսը: Նա խոր մթության մեջ մտավ խրամատ ու չորս-հինգ մետր առաջ գնալով ձուլվեց մթության մեջ: Ես մնացի ապշահար, թե այդ մթության մեջ ինչեր կարողացավ անել այդ մարդը: Նվիրյալ է նա:

Ինչի՞ համար են նրան կալանավորել` էստեղից-էնտեղից իրար կպցրած մի խոսակցության համար, որտեղ չկա հանցակազմ անգամ: Իրավաբան պետք չէ լինել հասկանալու համար, որ Կանդազի գործում չկան հիմքեր: Քաղաքական ուժերը մշտապես էլ մարդկանց խոստումներ են տալիս, բայց ինչպե՞ս կարելի է համարել դա ընտրակաշառք: Ընտրակաշառքը ենթադրում է կոնկրետություն, տվեցիր մի բան, ստացար մեկ այլ բան, այդ ձայնագրության մեջ չկա որևէ կոնկրետություն, չկա պայմանավորվածության մասին խոսք: Սա բացահայտ քաղաքական պատվեր է, ապշում եմ, թե դատավորներն ու քննիչները ինչպես են այդ ամենի տակ մտնում:

Եթե իշխանություն փոխվի, մեր դատական համակարգը պետք է լուրջ փոփոխությունների ենթարկվի: Այս մոտեցումը ուղղակի պետք է արմատախիլ արվի: Կանդազն այնպիսի փորձությունների միջով է անցել, որ ես վստահ եմ, որ նա չի կոտրվելու, ավելի է ուժեղանալու: Այս իշխանություններից, ի վերջո, հանրությունն այնքան է զզվել, որ ոչ մեկին չկա նյութապես շահագրգռելու անհրաժեշտություն, որպեսզի գնան ընտրության և Նիկոլին ձայն չտան: Մարդիկ առանց այդ էլ հոգնել ու զզվել են այդ չարիքից»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image