«Հրապարակ»-ի զրուցակիցը «Կեղծ խաղաղության գինը» դոկումենտալ ֆիլմի պոդյուսեր, «5-րդ ալիք» ՀԸ գործադիր տնօրեն, Հարություն Հարությունյանն է: Ֆիլմը 100 տարի առաջ մեզ հետ տեղի ունեցածի մասին է՝ կեղծ խաղաղության պայմանագիր, Կարսի հանձնում ու զինված թուրքեր՝ Ալեքսանդրապոլի մատույցներում:
-Ինչու՞ հիմա ծնվեց այս ֆիլմը ու ի՞նչ է ասելու այն մեր հասարակությանը, երբ թվում է՝ բոլոր խոսքերն ասված են ու վերջին տարիներին ինքներս ենք ապրում այդ նույն իրադարձությունները:
- Հենց այսօր մտածում էի, որ եթե 5 տարի առաջ, 4 կամ 3 տարի առաջ ուզենայինք այս ֆիլմը ստեղծել, չէր ստացվելու: Չէր ստացվելու, զուտ տեխնիկական պատճառներով, բայց նոր տեխնոլոգիաների ի հայտ գալուց հետո մենք կարողացանք ստանալ այն, ինչ պատկերացնում էինք: Ֆիլմը ներկայացնում է 1918 թվականը՝ մինչեւ Սարդարապատ հատվածը, այսինքն, ապրիլի 5-ից սկսած, մինչեւ մայիսի 23-24-ը, երբ Սարդարապատը դեռ չէր եղել: Թե ինչ մեսիջ է ֆիլմը փոխանցելու մեր ժողովրդին, անկեղծ ասած, չեմ էլ ուզում մտածել, որովհետեւ ժողովրդին որեւէ մեսիջ պետք չէ փոխանցել, նա ամբողջ օրը «Տիկ-Տոկ»-ներում ու «Ինստագրամ»-ներում մեսիջներ ստանում եւ ուրախանում է: Ֆիլմը նրա համար չէ, որ մեսիջ ուղարկի մեր ժողովրդին, այն դեղահաբ է՝ հիշողության կորստի դեմ, ով կցանկանա՝ կնայի: Մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ հիշողությանն է պատերազմ հայտարարված՝ պատմության դասագրքեր են փոխվում, նոր թեզեր են առաջ բերվում՝ հակահայկական, հակապատմական, բայց ինչ էլ անեն, պատմության ընթացքն արձանագրվում է, որքան էլ այն տարբեր մեկնիչների դիտանկյունից փորձեն նայել: Ֆիլմը շատ բան կտա դիտողին, կրկնեմ՝ նպատակը հիշողության վերականգնումն է: Մենք հիմա մի վիճակում ենք, երբ երկու օր առաջ տեղի ունեցած իրադարձության մասին երկու օր անց չեն խոսում, մոռանում են, մենք մի տուրբուլենտային այնպիսի փոթորկի մեջ ենք մտել, կարծես այսօրվա համար երեկվա իրադարձությունը դարավոր հին է: Իհարկե, դրա համար տեխնոլոգիաներ են աշխատում, ֆիլմով փորձել ենք վերականգնել հիշողությունը, գուցե ճոռոմ մի բան է հնչում՝ հիշողության վերականգնման դեղահաբ, բայց իսկապես, մենք այսօր պարտավոր ենք դա անել, ոչ միայն մենք, բոլորս՝ մեդիաոլորտի ներկայացուցիչներս, պարտավոր ենք ոչ թե ձվածեղ պատրաստելը օրվա թեմա դարձնել, այլ աշխատել մեր հասարակության հիշողության վերականգնման համար, որովհետեւ հիմա պատերազմ է հիշողության դեմ:
- Ֆիլմի անվանումը սիմվոլիկ է՝ «Կեղծ խաղաղության գինը»: Այսօր էլ են մեզ կեղծ խաղաղություն քարոզում:
- Սիմվոլիկ է, բայց նաեւ սիմվոլիկ չէ, ուղղակի համընկել է, որովհետեւ երկար ժամանակ մտածում էինք, թե ինչ վերնագիր ընտրել: Այլ բան չէինք կարող, որովհետեւ 1918-ին էլ է եղել «հանձնենք, հանգիստ ապրենք»-ը, որից հետո եղել է՝ «թուրքերի հետ պայմանագիր ենք կնքելու ու դարավոր խաղաղություն է սկսվելու»-ն:
-Մենք հիմա հենց այդ օրերն ենք ապրում: Հարյուրամյա ծրագիրը շարունակվու՞ է:
- Քանի դեռ կա հայ ժողովուրդը իր պատմական տարածքի վրա, թեկուզ այս մի փոքր հատվածի վրա, քանի դեռ կա Հայոց պետականության մի կտորը, չեմ ասում Հայաստանի, դա լինելու է, որովհետեւ մենք գենետիկորեն համատեղելի չենք այդ ազգի հետ, որը մեզ ցեղասպանել է եւ պատրաստ է նորից դա կրկնել: Գողին, ջեբկիրին, երբ ուղղիչ աշխատանքային գաղութ են տանում, ակնկալում են, որ հետագայում նույնը չկրկնի, բայց դուրս է գալիս ու նույն բանն անում է: Որքան էլ լուսավոր, հեքիաթների մեջ ներկայացնեն, միեւնույն է, մենք պետք է գիտակցենք ո՛չ Դանիան է մեր հարեւանը, ո՛չ Ֆրանսիան, աշխարհագրությունը չի փոխվում, սա մեր ճակատագիրն է, մենք այստեղ եղել ենք, իրենք եկել-հասել են մեր կողքը՝ ո՞նց, ինչպե՞ս, հիմա չքննարկենք, բայց բանաձեւը մեկն է՝ «խաղաղությո՞ւն ես ուզում, պատրաստվի՛ր պատերազմի», այդ բանաձեւից դուրս երկրորդ բանաձեւը չկա:
-Իսկ որոշում կայացնողներին ֆիլմը ասելիք ունի՞: Մենք, կարծես, սովորել ենք արձանագրել, որ դասեր չենք քաղել պատմությունից:
-Անշուշտ ունի, այն մեր կենսագրության մի հատվածն է, որտեղ մենք միամիտ ենք, քաղաքականապես՝ հարիֆ, պատրաստ ենք ամեն ինչ տալու, միայն թե, խաղաղություն լինի, որը վերջում սրի նման մեր գլխին ճոճվում ու յաթաղան է դառնում: Այս դեպքում խաղաղություն կլինի միայն՝ գերեզմանափոսի մեջ, այ այնտեղ խաղաղ կլինի, բայց եկեք նայենք, թե ընդամենը 4 տարի առաջ ինչ է տեղի ունեցել մեզ հետ. մեր ազգակիցները իրենց տները, արած-դրածը, իրենց ամեն ինչն են կորցրել, վերջապես, իրենց գերեզմաններն են կորցրել: Այսօր, եթե մի հրաշքով նրանք Արցախ վերադառնան՝ իրենց տները, գուցե չգտնեն իրենց պապերի, հայրերի ու եղբայրների շիրիմները, որովեհետև ամբողջը հողին է հավասարեցված, մենք նրանց հե՞տ ենք ուզում խաղաղության գնալ, ո՞վ ասաց, որ միայն մենք պետք է ձգտենք խաղաղության, իսկ մյուս կո՞ղմը, որ միայն նախապայմաններ է դնում…
-Բացի այն, որ ներկայացվող ժամանակաշրջանը ճիշտ մեր օրերի կրկնությյունն է, էլ ինչո՞վ է յուրահատուկ այս ֆիլմը:
-Ֆիլմը մի շատ կարեւոր առանձնահատկություն ունի՝ այնտեղ չկա հեղինակային տեքստ, նման բան Հայաստանում չի արվել, մենք հանդիսատեսին չենք ցանկացել ուղղորդել մեր կարծիքով կամ մտածողությամբ, թողել ենք ինքը վերլուծի: Ֆիլմում միմյայն տվյալ ժամանակահատվածի ականատեսների, ներկաների հուշերն են, որը վերածել ենք սցենարի եւ ամբողջ ֆիլմի ընթացքում բոլոր հղումները տալիս ենք: Սա պատմութուն է, Երեւանից, Ալեքսանդրապոլից սկսած՝ մինչեւ Բոստոն , արխիվներ են օգտագործվել: Մենք փաստերն ենք ներկայացնում, թողնում ենք, որ հանդիսատեսն ինքը մարսի:
-Ֆիլմի պրեմիերան հունվարի 11-ին է՝ Կինոյի տանը: Ովքե՞ր են լինելու առաջին դիտողները:
- Մեզ համար պատիվ է Կինոյի տանը այս ֆիլմը ցուցադրել, որովհետեւ դա Կինոգործիչների միության տունն է, ուղղակի բիզնես օբյեկտ չէ: Կինոթատրոններում, իհարկե, ֆիլմը կդրվի, ցանկացողները կգանան, կդիտեն, բայց ֆիլմի բեմելը կլինի Կինոգործիչների միույթան մեծ դահլիճում: Մենք, երբ դահլիճ էինք փնտրում, հաշվի առանք, նաև այն, որ այս օրերին կինոթատրոններում տոնական թեմատիկայով ֆիլմեր են, կոմեդիա եւ այլն, եւ դա իրենց համար բիզնես է: Պրեմիերային մուտքը հրավիրատոմսերով է, իսկ հետո՝ հունվարի 14-ից ֆիլմը կլինի կինոթատրոններում, տոմսը շատ թանկ չի լինելու, ի վերջո, մեծ աշխատանք է տարվել: Ի դեպ, ֆիլմում մեկնություններ ու փաստեր կան, որոնք ո՛չ դպրոցում են մեզ ասել, ո՛չ ինստիտուտում: Հիմա շատերն ասում են՝ Կարսը տվեցին, բայց քչերը գիտեն, որ Առաջին Հանրապետության ստեղծման ժամանակ Ալեքսանդրապոլը՝ ներկայիս Գյումրին, Հայաստանի կազմում չի եղել եւ Հայաստանը 1918թ-ին այնտեղ հյուպատոսարան է բացել: Բոլորը մեղադրում են օրվա իշխանությանը, բայց չգիտեն՝ ինչպե՞ս է եղել: Այսօր այնքան հեշտ է խեղել պատմությունը, մենք փաստերը փոշու միջից հանել ու հանդիսատեսի սեղանին ենք դրել՝ խաղարկային տարբերակով: Սա դոկումենտալ ֆիլմ է՝ խաղարկային էլեմենտներով: Հայաստանում շատ լավ դոկումենտալ ֆիլմեր են եղել, բայց սա նոր խոսք է:
-Որքա՞ն եք աշխատել ֆիլմի վրա եւ ի՞նչ թիմով:
-Պրեմիերայի օրերին արդեն ինն ամիսը կլրանա՝ մեկ-երկու օրվա տարբերությամբ: Թիմն ամբողջովին մերն է, դրսից տեխնիկա օպերատոր, ռեժիսոր բերելու հնարավորություն չունեինք, բայց, փա՛ռք Աստծո, ստացվել է, գուցե ունենայինք այդ միջոցները, չստացվեր այնպես, ինչպես ստացվել է: Ես համոզվեցի, որ այս թիմը շատ մեծ խնդիրներ կարող է լուծել եւ սա փորձություն էր, որը մենք անցանք:
-Իսկ գաղափարն ինչպե՞ս ծնվեց: Ինչ-որ տրիգեր կա՞ր:
- Այդ մասին շատ չեմ ուզում խոսել: Լսել էի, որ Հայաստանում բրիտանական գրանտով ինչ-որ ֆիլմ է նկարահանվում՝ թուրքերի եւ հայերի բարեկամության մասին, թե որքան հանդուրժող են եղել թուրքերը 1918 թ-ին, բայց դա չի հետաքրքրում, թո՛ղ անեն, գուցե դա պատճառ եղավ, որ նորից սկսենք ուսումնասիրել այս ժամանակաշրջանը: Ամենակարեւորը՝ մեզ ո՛չ Բրիտանիան է գրանտ տվել, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Սորոսը, սա մեր ֆիլմն է՝ մաքուր հայկական: