Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ։ Երեկ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք կխնդրենք, որ ՔՊ-ի անդամների, համակիրների, համախոհների շրջանակից առաջադրվեն կամ ինքնառաջադրվեն թեկնածուներ, որոնց քաղաքական որոշակի չափանիշներով կգրանցենք, ոմանց գրանցումը հնարավոր է՝ մերժենք, որից հետո մենք Գյումրիի բնակիչների շրջանում, իհարկե, ոչ բոլորի շրջանում, որոշակի սկզբունքով, ինչ-որ առումով՝ նաև պատահականության սկզբունքով, կիրականացնենք քվեարկություն։ Քվեարկության արդյունքներով հաղթած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, որը, մեծ հավանականությամբ, կլինի նաև մեր թեկնածուն՝ Գյումրիի ավագանու առաջիկա ընտրություններում։
Այպես ասած՝ փրայմերիզներ, մինչ այդ ես կնշանակեմ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասաց Փաշինյանը ֆեյսբուքյան եթերով։
Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը կառավարության ղեկավարի որոշման մեջ այլ բան է տեսնում։
«Քանի որ գործող օրենքով պաշտոնակատար չեն կարող նշանակել, Փաշինյանի խոսքից հետևություն կարելի է անել, որ գնում են այն ճանապարհով, որ օրենք փոխեն եւ պաշտոնակատար նշանակեն, ինչը ես շատ վատ եմ գնահատում, ըստ էության, պաշտոնակատար նշանակելով՝ իրենք փորձում են կազմակերպել կոնկրետ այդ անձի ընտրությունը։ Մենք հնարավորություն ունենք առանց պաշտոնակատար նշանակելու կազմակերպել Գյումրիում արտահերթ ընտրություններ։ Նկատի ունեմ, որ երբ ՔՊ-ն վերջին անգամ նախաձեռնել էր ավագանու նիստ, որտեղ 11 ավագանու անդամ ստորագրել էր արձանագրության տակ, որ նիստը գումարվել է, եւ համայնքի ղեկավար չի ընտրվել։ Հետևաբար, ես դիմել էի կառավարությանը, որպեսզի հիմք ընդունելով այդ հանգամանքը եւ օրենքի դրույթը, ավագանու լիազորությունները դադարեցվեին եւ Գյումրիում 30-40 օրվա ընթացքում իրականացվեր արտահերթ ընտրություն ու կձևավորվեր լեգիտիմ իշխանություն։ Հիմա իրենք ուզում են գնալ այլ ճանապարհով, ուզում են այլ հիմքով լուծարել ավագանին՝ 3 -ամսյա ժամկետում մեկ նստաշրջանում նիստ չգումարելու հիմքով եւ նշանակել պաշտոնակատար։ Աստված գիտի, թե երբ կնշանակեն ընտրությունները, այդ պաշտոնակատարն ինչքան է պաշտոնավարելու, ու նա իրենց թեկնածուն է լինելու, որը շատ վատ է, քանի որ պաշտոնակատարն է կազմակերպելու իր ընտրությունը։ Հուսով եմ, որ ժողովուրդն իր գնահատականը կտա քվեարկության միջոցով»,-Hraparak.am-ին ասաց ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։
Անդրադառնալով փրայմերիզ ասվածին՝ Մալխասյանը նշեց․ «Էնպես չէ, որ գյումրեցիները նստած, սպասում էին էդ փրայմերիզին, թե երբ է լինելու, որ իրենց դիրքորոշումն էլ հայտնեն, բայց դա ցուցիչ է, որ կոնկրետ Գյումրիում ՔՊ խմբակցության ներսում չկա միասնականություն, համախմբվածություն, իսկ ժողովուրդը դա շատ լավ տեսնում է» ։