Բերդ համայնքի սահմանամերձ Չինարի գյուղը հռչակված է իր համեղ թզով, որն ամեն տարի Մոսկվա է առաքվում։ Նախկինում Չինարիի գյուղապետ, այժմ Բերդի համայնքապետարանի աշխատող Սամվել Սաղոյանը մեզ հայտնեց, որ անցյալ տարի Չինարիից Մոսկվա 1 կիլոգրամը 300 դրամով 400 տոննա թուզ են առաքել: Ռուսական ռուբլու փոխարժեքի անկման պատճառով այս տարի 350 տոննա թուզ են ուղարկել Մոսկվա, գինը՝ 200 դրամ։ Առաքումն իրականացրել են Վրաստանի Շուլավերից եկած գործարարներ։
Չինարիի բնակիչների համար լուրջ հիմնախնդիր է աճեցված արքայանարնջի՝ կորոլյոկի իրացումը։ Ս․ Սաղոյանն ասում է, որ այս տարի ոռոգման հետ կապված դժվարությունների պատճառով միրգը համեմատաբար մանր է եղել, կորոլյոկի «խուրմա» տեսակն է շատ։ Բերքի կիլոգրամը 150 դրամ է, մանրը 100 դրամով են վաճառում, սակայն չի էլ վաճառվում։ Չինարեցիների մի մասը կորոլյոկը տարել է Գավառ` փոխանակել կարտոֆիլի հետ, մնացած բերքն էլ ստիպված կորոլյոկի չիր են սարքում, օղի են թորում․ «Օղի կթորենք, ձմռանը կխմենք»: Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, որ համացանցում քաղաքական բնութի գրառումներ է անում, կեղծ պատարագների է մասնակցում, ժամանակ չունի, որ սահմանամերձ չինարեցիների բերքի իրացման ուղղությամբ գործնական քայլեր կատարի, իսկ պետական ծառայողների, հարկատուներից բարձր աշխատավարձ ստացող նախարարների պարտավորությունը դա է, ոչ թե խառնակչությամբ զբաղվելը։