Հարցազրույց

«Հրապարակ»․ Փաշինյանի ցանկությունն այն է, որ այս բանավեճը վերածվի կրքոտ բանավեճի

«Հրապարակ»․ Փաշինյանի ցանկությունն այն է, որ այս բանավեճը վերածվի կրքոտ բանավեճի

«Հրապարակի» զրուցակիցը հասարակական, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանն է:

- Փաշինյանն իր վերջին հարցազրույցում ասաց, որ Հայաստանը երկար տարիներ ծայրագավառ է եղել, ինքն այն դարձրել է աշխարհաքաղաքական կենտրոն: Եվ, առհասարակ, նրա թիմը, ինչպես ադրբեջանցիները, կարծում են, որ Հայաստանը ֆեյք պետություն է եղել, եւ ամեն բան ֆեյք է եղել` մեր հաղթանակները, ձեռքբերումները, մեր պետականությունը եւ այլն: Ի՞նչ է սա:

- Ասեմ, որ Փաշինյանի ցան­կությունն այն է, որ այս բանավեճը շարունակական լինի եւ վերածվի կրքոտ բանավեճի, բայց ես կասեմ, որ Հայաստանն ունեցել է, ունի ինքնիշխանության որոշակի խնդիր, բայց դա չի նշանակում, որ ծայրագավառ է: Յուրաքանչյուր քաղաքական էլիտայի պարտքն է՝ բարձրացնել ինքնիշխանության մակարդակը, ինչը, ի դեպ, կենացներ խմելով հնարավոր չէ, ոչ էլ ճառեր ասելով: Դրա համար պետք է գործ անել: Նիկոլի օրակարգն ամեն բան փչացնելն է, նա կրոն է հնարել եւ կրոնական ծեսերով է հանդես գալիս, սակայն մենք չպետք է ներքաշվենք դրա մեջ: Նա՝ ինքը, իր հիստերիկ տոնայնությամբ, թող իր ծեսերը շարունակի: Բարի ժամանց իրեն....

- Բայց նա վստահեցնում է, որ վերջապես մեր պետությունը երաշխիք ստացավ 100 տարով գոյություն ունենալու: Կարելի է կարծել, որ ՀՀ-ն մշտապես վտանգի մեջ է եղել, եւ ինքը նոր միայն մեզ փրկում է այդ վտանգից, սակայն իրականությունը լրիվ այլ է` Փաշինյանն ինքն է բազմաթիվ վտանգներ բերել եւ Հայաստանի գլխից կախել:

- Եթե կա ինքնիշխանությունը երաշխավորող ինչ-որ երրորդ սուբյեկտ, արդեն այդտեղ որոշակի հարցեր են առաջանում: Ինքնիշխանությունն այդպես չեն երաշխավորում, այն պետք է քո քաղաքական էլիտան, քո մշակույթը, բանակն ու տնտեսությունը երաշխավորեն: Արտաքին երաշխավորները, դաշինքները, իհարկե, կարող են քո պետության ինքնիշխանությունը որոշակիորեն բարձրացնել, սակայն ասել, որ Հայաստանի ինքնիշխանությունն ինչ-որ մի երրորդ ուժ է երաշխավորում, դա արդեն իսկ վատ նախադեպ է եւ բնավ ինքնիշխանության մասին չէ, այլ՝ տերերի փոփոխության:

- Օրինակ, սրանից 10 տարի առաջ, երբ իրենք իշխանության չէին, կա՞ր վտանգ, որ Հայաստան գոյություն չի ունենալու: Փաշինյանն այդպես է պնդում:

- Հայաստան չի լինի` դա կրիտիկական ձեւակերպում է: Հարցն այն է, թե պետության կեղեւի մեջ կա՞ բովանդակություն, թե՞ չկա: Մենք անկախությունից ի վեր ունեցել ենք ռիսկ, որ մեր պետության կեղեւի մեջ բացակայում է բովանդակությունը: Ասել, որ պետություն չենք ունեցել, սուտ է, սակայն ասել, որ խնդիրներ չենք ունեցել, դա էլ է սուտ: Պետություն ունենալը քրտնաջան աշխատանք ու պայքար է պահանջում, պետք է կարողանալ սեփական դիրքը վերանայել:

- ԱՄՆ փոխնախագահ Վենսը Հայաստանում էր: Ծայրահեղ տարբեր գնահատականներ հնչեցին նրա այցին ընդառաջ եւ այցից հետո: Վենսը կնոջ հետ այցելեց Ծիծեռնակաբերդ, ապա Բաքվում հարգեց ազերի զինվորների հիշատակը` Շեհիդների պուրակում, նա «ցեղասպանություն» բառը սոցցանցի իր էջից հեռացրեց: Ի՞նչ կարծիք ունեք այս ամենի վերաբերյալ:

- Ես կարծում եմ, որ արտասահմանցիների շարժուձեւի հետ կապված կամ փոքրիկ շոյանքներից, կամ ակցիաներից հոգեխանգարմունքի մեջ ընկնում են հենց գաղութային մտածողություն ունեցող հասարակությունները: Ինքնաբավ հասարակությունները, դրսից եկած «ձյաձյաների»՝ գլուխ շոյելուց չեն փոթորկում իրենց սեփական հոգիները: Ինքնաբավ ազգերը գիտեն, որ դիվանագիտության մեջ կան քաղաքավարության կանոններ, կան շահեր, եւ այդ ամենին նայում են սառը ու հարգալից, սակայն չեն ասում` մենք կործանված ենք, կամ` բռավո, մենք շահեցինք: Ինքնաբավ ազգերը չեն ընկնում նման խաբկանքների մեջ: Այդ օպերան տարբեր սենյակներ է ունեցել: Կար ժամանակ, որ Պուտինի այցից առաջ մարդկանց ստիպում էին լվացքը հավաքել քաղաքի կենտրոնից, ասում էին` ամոթ է, որ դրսից եկած մարդը տեսնի, որ մենք տռուսիկ ենք հագնում, դեռ մի բան էլ` լվանում, կախում: Հիմա Պուտինից հոգեխանգարմունքի մեջ են ընկնում եւ հայտնվել են այլ ծայրահեղության մեջ: Գաղութային եւ հետգաղութային գիտակցության արդյունք է սա: Ես այդ ամենի հետ հաշտ չեմ:

- Վենսը հայտարարեց, որ աջակցում է Փաշինյանի վերարտադրմանը: Ինչո՞ւ է նա միջամտում ՀՀ ներքին հարցերին:

- Նիկոլ Փաշինյանին աջակցում են բոլոր արտաքին քաղաքական պարտնյորները:

- Բայց բացահայտ չեն հայտարարում:

- Որոշները հայտարարում են, որոշները գործով են ցույց տալիս, որոշներն էլ կինոյի վատ տղայի տեղն են իրենց դրել, որ կինոյի լավ տղան, բարի տղան` Նիկոլը, հաղթի չարին: Ամեն մեկն իր չափով է Հայաստանի ներքին քաղաքականության վրա ազդեցություն ունենում:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image