Հասարակություն

Բյուջեից 480 մլն դրամ կհատկացվի մետրոպոլիտենի նոր օդափոխիչների համար 

Բյուջեից 480 մլն դրամ կհատկացվի մետրոպոլիտենի նոր օդափոխիչների համար 

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց նախագիծ, որով բյուջեից պետք է գումար հատկացվի «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում» միջոցառման շրջանակներում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի կարիքների համար թունելային 14 հզոր օդափոխիչներ և СП-6 սլաքային փոխադրիչների պահեստամասերի ձեռքբերելու նպատակով։

Նախարարը նկատեց, որ Երևանի մետրոպոլիտենի օդորակիչները 1980-ականներին են տեղադրվել, և դրանից ի վեր չեն փոխվել։ «Հաշվի առնելով մետրոյի ռազմավարական, կենսական կարևոր նշանակությունը, հիմա այդ գործընթացն ենք սկսել, որպեսզի փոխենք բոլոր կայարաններում, որը, իհարկե, անվտանգություն է ապահովելու առաջին հերթին, նաև այս օդորակիչների տեղադրման նպատակն է խոնավության մակարդակի փոփոխությունը»,-ասաց Սանոսյանը՝ նշելով, որ այս նոր օդափոխիչները նաև բավականին էլեկտրախնայող են։

Այս 14 օդափոխիչի համար, ըստ նախարարի, նախատեսվելու է 480 մլն դրամ գումար։ 

Իսկ СП-6 սլաքային փոխադրիչները տեխնիկական նորմատիվների համաձայն՝ ենթակա են վերանորոգման 5 տարի պարբերականությամբ։ Վերջին վերանորոգումը կատարվել է 2013թ., խախտվել է սլաքային փոխադրիչների հիմնանորոգման պարբերականությունը։

2022թ. Արդեն «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի և «Ալեռտո» ՍՊԸ-ի միջև կնքվել է թվով 14 թունելային հզոր օդափոխիչների ձեռքբերման պայմանագիր՝ 480 մլն դրամ ընդհանուր արժեքով, իսկ «ԼԱՆԻԳԵՐԱ» ՍՊԸ-ի հետ էլ  կնքվել է СП-6 սլաքային փոխադրիչների պահեստամասերի ձեռքբերման պայմանագիր՝ 19 մլն 404 հազար դրամ ընդհանուր արժեքով։

Սանոսյանը նաև տեղեկացրեց, որ այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով իրենք ևս 150 մլն դրամի գնումներ են իրականացնելու մետրոպոլիտենի համար, որտեղ մի շարք տարբեր դետալներ կան, սկսած՝ վագոնների պահեստամասերից, մալուխներից, մինչև լուսավորության ցանց և այլն։

«Ուզում եմ նշել, որ այսօր 650 մլն դրամ կհատկացնենք մետրոյի համար, բայց մենք քննարկում ու շրջանառում ենք նախագիծ՝ մոտ 1.5 մլրդ դրամ ներդրում իրականացնելու մասով, երկու տարբերակ կա, տեսնենք՝ առաջիկայում որ տարբերակը կհստակեցնենք։ Այսինքն՝ շարունակական գործընթաց է մետրոյի կահավորման և վերազինման առումով»,-հայտնեց նախարար Սանոսյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image