«Հրապարակ»-ի զրուցակիցը պատմաբան «Ազգային օրակարգ» կուսակցության անդամ Հայկ Փայտյանն է։
- Ամսի 9-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան է այցելելու։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա ոչ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելելու, ոչ էլ՝ Հայ առաքելական եկեղեցի` Ամենայն հայոց կաթողիկոսին։ Իշխանական շրջանակներն այդ այցի կապակցությամբ ցնծության մեջ են։ Ի՞նչ սպասելիքներ ունեք այդ այցից։
- Թե ես, թե Ազգային օրակարգ կուսակցությունը Փաշինյանի իշխանավարման շրջանում չենք կարող որևէ ազգանպաստ սպասելիքներ ունենալ։ Նիկոլ Փաշինյանի օրոք ով էլ գա, ինչ էլ, որ անի, հայության համար չի կարող օգտակար լինել։ Այլ հարց է, որ ինչ-ինչ երևույթներ մեզ կարող են ժամանակավոր շանսեր տալ, հնարավորություններ և այլն, բայց քանի դեռ Փաշինյանն է իշխանության ղեկին և նրա վարչակարգը, ոչ մի հնարավորություն չունի հայ ժողովուրդը։ Վենսը գալիս է Հայաստան Թրամփի երթուղու շրջանակներում։ Տրամաբանական է, որ նա գնալով Բաքու նաև այլ պայմանավորվածություններ է ձեռք բերելու։ Ի վերջո՝ այն պայմանավորվածությունները, որ ձեռք էին բերվել մինչ այս, պետք է այժմ վերահաստատեն։ Վենսի այցը հայկական կողմի հետ կապված համաձայնությունների գալը չէ, հայկական կողմը չի էլ կարող եղանակ փոխել, ԱՄՆ-ն ինչպես որոշի, այդպես էլ լինելու է։ Այս այցը նաև որոշակի մեսիջ է Չինաստանին, Իրանին, որ արդեն տարածաշրջանում որոշողը Ամերիկան է։ Իսկ հարցի մյուս կողմը կքննարկեն Ադրբեջանի հետ։
- Մինչ Փաշինյանն ու Ալիևը խաղաղության մրցանակ ստացան, հայ ռազմագերիները՝ ռազմաքաղաքական էլիտան Բաքվում ցմահ ազատազրկման ենթարկվեց։
- ԱՄՆ-ի ճնշման արդյունքում գուցե Ալիևը կրկին մի քանի ռազմագերի Հայաստան ուղարկի, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ Թրամփը տարածաշրջանում ի վերջո հասել է խաղաղության և այլն։ Նիկոլ Փաշինյանն այստեղ չունի որևէ ազդեցություն և չի էլ կարող ունենալ։ Նա բանակցություններում կատարող ու խնդրող է միայն։ Ամերիկան խնդիր ունի ինչ-որ բան ցույց տալու։ Այժմ, որպեսզի ցույց տա, թե իբրև տարածաշրջանում խաղաղության է հասել, միգուցե մի քանի գերի ևս ազատ արձակվի։ Այն կարող է նաև Ալիևին որոշ առումով ձեռնտու լինել։ Նա գերիներին բաց թողնելով կօգնի Փաշինյանին, որպեսզի առաջիկա ընտրություններում նա փոքր ինչ ավել ձայներ կարողանա կորզել․․․․
- Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը չի դադարում։ Այսօր Փաշինյանը հերթական եկեղեցին պղծեց։
- Նիկոլ Փաշինյանի թիրախը ոչ կաթողիկոսն է, ոչ էլ այլ անձինք։ Նրա թիրախը հենց եկեղեցին է, նա ծրագիր ունի կազմաքանդելու բազմադարյա եկեղեցին, ինչը սկսել է հենց եկեղեցու ներսից։ Շատ երկար կարող ենք խոսել, թե եկեղեցու ներսում ինչպիսի հոգոևրականներ են գործել, որոնք անցել են Նիկոլի կողմ, սակայն այս հարցը մի կողմ թողնելով պետք է արձանագրել, որ Նիկոլի թիրախը հայոց եկեղեցին է, մեր ինքնության կարևորագույն բաղադրիչը։ Հայության թշնամիները շատ լավ գիտակցում են, որ միակ ներուժ ունցող ազգային կառույցը Հայ առաքելական եկեղեցին է, որն ի վիճակի է հայության դեմ տարվող պայքարում հաջողելու։ Փաշինյանը կարծում է՝ եկեղեցին քանդելով ոչնչացնելու է դիմադրության վերջին օջախը։ Ես կարծում եմ, որ սրբազան Աջապահյանն այն միակ, եզակի ազգային գործիչն է, որը կարող է իր շուրջը համախմբելու ազգային ուժերին։ Պատահական չէ, որ հենց նրան միանգամից բանտարկեցին։ Իշխանությունը վախեր ունի, որ Աջապահյանը կարող է իր ունեցած ռեսուրսները կիրառել։