Քաղաքականություն

«Հրապարակ». Հասարակությունն անվտանգության իր սպասելիքներն ավելի շատ ընդդիմության հետ է կապում

«Հրապարակ». Հասարակությունն անվտանգության իր սպասելիքներն ավելի շատ ընդդիմության հետ է կապում

Հայաստանի ներքաղաքական կյանքում նախընտրական պայքարը սկսվել է դեռ նախորդ տարվանից: Ընդդիմադիր ուժերն այցելում են մարզեր, քննարկումներ են ընթանում` հավանական կոնսոլիդացիաների շուրջ, իսկ Նիկոլ Փաշինյանը նվագում է, երգում-պարում, ձվածեղ պատրաստում, պատարագների գնում: Օրերս էլ Ալիեւի հետ խաղաղության մրցանակ ստացավ, իսկ ժամեր անց Բաքվում հայ ռազմաքաղաքական էլիտան դատապարտվեց ցմահ ազատազրկման, չնայած իշխանությունը վստահեցնում է, որ խաղաղության դարաշրջանը մեկնարկել է, անվտանգության ռիսկերն իրենք չեզոքացրել են: 

Զրուցել ենք նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ: «Դժվար է ասելը, թե ինչ հանգուցալուծում կստանա այս ամենը: Մի բան է ակնհայտ, որ պետք է սպասենք ընտրությունների արդյունքներին, ինչից հետո դրանց մասին կարող ենք վերլուծություններ անել: Սա՝ որպես նախաբան: Ինչ վերաբերում է բուն ներքաղաքական իրադարձությունների զարգացմանը, բնական է, որ հանրության ընդդիմադիր հատվածը, ինչպես նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է փորձեն նախապատրաստվել առաջիկա ընտրություններին: Ենթադրում եմ, որ բոլորն էլ հասկանում են, որ առաջիկա ընտրությունները խիստ կարեւոր են, ճակատագրական՝ բառի բուն իմաստով: Առանց չափազանցության կարող ենք ասել, որ խոսքը Հայաստանի լինել-չլինելու մասին է: Իմ պատկերացմամբ` հանրության մոտ, անգամ Երեւանում, այլ ոչ թե միայն սահմանամերձ շրջաններում, մարդիկ ամենաշատը կարեւորում են անվտանգությունը: Այն հարցումները, որոնց համաձայն Նիկոլ Փաշինյանն ունի բավականին ցածր վարկանիշ, դա արդեն փաստում է այն մասին, որ հանրության զգալի մասն այլեւս չի վստահում գործող իշխանությանը: 

Ինչու, որովհետեւ հենց այդ իշխանության գործողությունների կամ անգործության արդյունքում` նորանկախ Հայաստանը հայտնվել է պետականության կորստի վտանգի առջեւ, մարդիկ գիտակցում են, որ մենք կործանարար վտանգների տակ ենք հայտնվել: Գրեթե բոլոր ռազմավարական բարձունքները հայտնվել են ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ դա ի՞նչ է, եթե ոչ ռեալ սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Հանրության շրջանում այս հարցի շուրջ կա կոնսենսուս, անկախ այն բանից, թե ինչպես է մտածում երիտասարդությունը, հանրային հատվածի տպավորիչ հատվածում կա տարակուսանք: Մարդիկ մտահոգված են շատ, խոսքն անվտանգության ռիսկերի մասին է, ինչը փաստում է այն հանգամանքը, որ իշխանությունների կողմից պարբերաբար հրապարակ բերվող խաղաղության օրակարգը, որն իշխանությունները համարում են անշրջելի, հասարակության մոտ հավատ եւ վստահություն չի ներշնչում: 

Տնտեսական զարգացման վերաբերյալ բավականին լուրջ առաջարկություններ ենք լսում ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից: Այդ առաջարկները, ըստ իս, ունեն բավականին մեծ հեռանկար եւ Հայաստանին կարող են լայն հնարավորություններ ընձեռել: Առաջարկվում են լուծումներ՝ սոցիալական ոլորտի հետ կապված, որոնք եւս բավականին լուրջ են, սակայն եկեք ընդունենք, որ այն կարող է կյանքի կոչվել մեկ պարագայում՝ եթե ՀՀ տարածքը դառնա անվտանգ: Եկեք համաձայնենք, որ եթե պետությունն անվտանգ չէ, ցանկացած տնտեսական ծրագիր, անգամ ամենաիդեալականը, դատապարտված է ձախողման: Սա պարզ իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել: Համոզված եմ, որ, անկախ այն բանից, թե ով է լինելու իշխանությունը, հանրությունն ընտրություններից հետո մեկ բան է պահանջելու` անվտանգություն: Սա ակնհայտ խնդիր է: Ամենահետաքրքիրն էլ գիտե՞ք, թե որն է, որ հանրության սպասելիքներն այս հարցում կապված չեն իշխանությունների հետ, հասարակությունն անվտանգության սպասելիքներն ավելի շատ ընդդիմության հետ է կապում, ինչու, որովհետեւ հենց իշխանության գործողությունների արդյունքում են այս բոլոր սպառնալիքները ձեւավորվել: Ջերմուկի, Իշխանասարի, Սեւ լճի ուղղությամբ ադրբեջանական կողմն առաջ է եկել, իսկ սա ո՞ւմ գործողությունների հետեւանքն է, եթե ոչ՝ իշխանության, հետեւաբար, հանրությունն անվտանգության երաշխիքների սպասելիք ունի ընդդիմադիրներից: Ի դեպ, բոլոր այն ուժերը, որոնք այսօր Հայաստանի իշխանությունների խաղաղության ջրաղացին ջուր են լցնում, շահագրգռված են, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի չունենա, նույնիսկ ամենասահմանադրական ճանապարհով: Վենսը գալիս է Հայաստան, եկեք ընդունենք, որ սա մեր պատմության ընթացքում բացառիկ բան է, բայց նա գալիս է Հայաստան, որ հետո գնա Ադրբեջան, եւ նրա նպատակն ակնհայտ է` ամրապնդել ԱՄՆ-ի ներկայությունը Հայաստանում: Ինստիտուցիոնալ առումով այս պրոցեսները որքանո՞վ են երաշխավորում մեր երկրի անվտանգությունը: Այս բոլոր գործողությունների արդյունքում` Ադրբեջանի ռազմական նկրտումները հօդս չեն ցնդում, ոչ էլ Ադրբեջանի իշխանությունների համար դառնում են անցանկալի, պարզապես դրանք ժամանակավորապես հետաձգվում են, բայց ինստիտուցիոնալ որեւէ նախադրյալ ես չեմ տեսնում, որ ինձ, որպես շարքային ՀՀ քաղաքացու, կարող է ներշնչել, որ ԱՄՆ-ն ինձ երկարաժամկետ խաղաղություն է երաշխավորել: ԱՄՆ-ն չի էլ թաքցնում, որ Հայաստան իր ներխուժման հիմնական նպատակը Ռուսաստանին եւ Իրանին տարածաշրջանից դուրս թողնելն է, ինչպես նաեւ՝ դիմագրավել հնարավոր չինական տնտեսական զարգացումները: Եկեք համաձայնենք, որ այս ամենը մեզ անվտանգություն չի խոստանում: Նույն ԱՄՆ-ն այդ նպատակներին կարող է հասնել նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջոցով: Կարող է գալ մի շրջան, որ ԱՄՆ-ն այդ առաքելությունը հենց նրանց զիջի»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image